
2019 թվականը իր ավարտին է հասնում եւ աշխարհը հույսով ու լույսով լի դիմավորում է 2020–թվականի նոր տարին:
Շնորհավորում ենք հայ ժողովրդի ամանորը եւ մաղթում ամենալավն ու բարին մեր քույրերին եւ եղբայրներին՝ աշխարհի չորս ծագերում:
Հայաստանաբնակ մեր հայրենակիցներին մաղթում ենք հարատեւ խաղաղ կյանք եւ երջանկություն՝ անխափան կերտելու նոր Հայաստանի վառ ու լուսավոր ապագան:
Արցախի մեր հայրենակիցներին մաղթում ենք անսպառ ուժ եւ հաղթանակների ամրապնդում:
Ջավախքի մեր քույրերին եւ եղբայրներին մաղթում ենք իրենց հողին ամուր կառչած՝ բարգավաճ ու անփորձանք կյանք, իսկ սահմանի անդին գերության կապանքները փշրելու ճամփին՝ հավատքով ապրող ու վերապրող մեր հարազատներին մաղթում ենք հույսով լի տոկունություն եւ իղձերի իրականացում:
Սփյուռքին մաղթում ենք իր ամենօրը հայրենի երկրի ու ժողովրդի հետ շաղկապելու հաստատակամություն եւ իմաստնությամբ լի միասնական կամք՝ դիմակայելու բոլոր տեսակի արհավիրքները:
Աշխարհին ու աշխարհի ժողովուրդներին մաղթում ենք պատերազմներից ու արհավիրքներից հեռու՝ խաղաղ ու համերաշխ տարի:
2019 թվականը հայության
համար՝ հատկապես Հայաստանում, թավշյա հեղափոխության արդյունքում, եղավ հնարավորությունների
եւ մաքառման տարի: Արձանագրվեցին կարեւոր ձեռքբերումներ,
ամրապնդվեց խոսքի եւ մամուլի ազատությունը, վերացավ վախի ու ապագայի նկատմամբ հուսահատության
մթնոլորտը, պահպանվեց ու ամրագրվեց մարդու
անքակտելի իրավունքները:
Համակարգային կոռուպցիան վերից վար սկսվել է կազմաքանդվել եւ պայքարը դրա դեմ շարունակվում
է, տնտեսական բնագավառում արձանագրվում են որոշակի հաջողություններ եւ կայուն տնտեսական
աճ, տեղի են ունենում գիտության եւ նոր տեխնոլոգիաների արագընթաց զարգացում:
Միջազգային գետնում Հայաստանը գրանցում է ձեռքբերումներ, ապահովում է բարձր իմիջ ու
վարկանիշ, ամրագրվում է ինքնիշխանության տանող քաղաքականությունը:
Արցախի հարցում, հակառակ հին իշխանությունների
ու նրանց հարող մերժված ուժերի աղմկահարույց զրպարտությունների ու կեղծիքների, գրանցվում
են հայկական իրավունքների անկապտելիության եւ անզիջողականության փաստարկներ:
Ամենից կարեւորը՝ մեր պանծալի բանակը, որը հանդիսանում է հայության անվտանգության եւ պաշտպանության անփոխարինելի եւ աներկբա երաշխիքը, օրըստօրե դառնում է առավել հզոր եւ առավել անպարտելի:
Հաջողությունների եւ ձեռքբերումների կողքին գրանցվում են նաեւ բացթողումներ եւ թերություններ: Արդարադատության եւ դատաիրավական ոլորտում տարվող որոշակի երերուն եւ ոչ արդյունավետ քայլերի բերումով չի արձանագրվել զգալի առաջընթաց: Կառավարման համակարգում չի օգտագործվում, կամ թերի է օգտագործվում հասարակության պոտենցիալ մասնագիտական ուժն ու կարողությունները:
Հայաստան–Սփյուռք նոր հարաբերությունների շրջանակներում ակնկալիքները չափազանց բարձր են եւ սպասում են արդյունքի: Մեծ ուշադրության արժանի պիտի դառնա սփյուռքի ինքնակազմակերպման եւ համակարգային վերափոխման գործը, որը սփյուռքի ինքնության հաստատման, զարգացման եւ հսկայական ներուժի օգտագործման երաշխիքը կարող է հանդիսանալ:
Սփյուռքը իր հերթին, իր հասարակական, քաղաքական եւ բազմաբնույթ այլ կառույցների եւ հատկապես առաջատար ուժերի գործակցությամբ պիտի ձգտի համախմբվելու եւ նորովի վերակազմավորվելու, որպեսզի դառնա իրական ուժի եւ ներգործության աղբյուր:
Հույսով գալիք 2020 թվականը կդառնա Հայաստան–Սփյուռք նոր ու արդյունավետ կապերի ամրապնդման եւ համակարգված ազգային համահայկական ծրագրերի մշակման եւ գործադրման տարի:
Հայաստանի անվտանգությունը եւ խաղաղ ու հարաճուն զարգացումը ողջ հայության համատեղ ու միասնական ջանքերի եւ ստեղծագործական ուժի շնորհիվ է հնարավոր:
Ինչպես անցնող տարվա ամանորյա մաղթանքում, նույնպես եւ այս տարի մաղթում ենք եւ լիահույս ենք, որ Հայաստանի Հանրապետությունում այսուհետ իշխող կլինի իրավունքի գերակայությունը, արդարությունն ու ազատությունը, ժողովրդի բարօրությունն ու երջանկությունը, երկրի բարգավաճումն ու զարգացումը: Առողջապահությունն ու կրթությունը հասանելի կլինեն բոլորի համար, կապահովվի աշխատանքի իրավունքն ու սոցիալական արդարությունը… Կծաղկի ազգային մշակույթը, կծաղկի տնտեսությունը, կվերանա աղքատությունը, կկազմակերպվի ներգաղթը:
ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ
26 դեկտեմբեր 2019թ.
Շվեդիա,
contact@aaeurop.com
Leave a Reply