
Դեկտեմբերի 13-ին Աթենքում կայացած Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) կազմակերպության անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը։
Շնորհակալություն հայտնելով հունական նախագահությանն անցյալ վեց ամիսներին կազմակերպության բեղուն գործունեության համար՝ Արտակ Ապիտոնյանն իր ելույթում անդրադարձել է ՍԾՏՀ առջև ծառացած խնդրահարույց հարցերին և ներկայացրել ՀՀ մոտեցումները դրանց հանգուցալուծման համար։ Նաեւ կոչ է արել կանոնակարգել ՍԾՏՀ-ում նախագահությունների ստանձնման գործընթացը, անդրադարձել օրակարգային այլ հարցերի՝ ներառյալ կազմակերպության բարեփոխումներն և արդյունավետության բարձրացումը:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը՝ շարունակելու ներդնել իր փորձը տեղեկատվական և հեռահաղորդակցության ոլորտում տարածաշրջանային համագործակցության հետագա զարգացման համար։
Ապիտոնյանն անընդունելի է համարել ՍԾՏՀ և առնչվող կառույցների, մասնավորապես՝ խորհրդարանական վեհաժողովի գործունեությունը քաղաքական առճակատման հարթակ դարձնելու փորձերը, որոնք հակասում են կանոնադրությանը և խարխլում կազմակերպության հեղինակությունն ու արդյունավետությունը։ Նա մատնանշել է տարածաշրջանում առևտրի, բաց սահմանների, գոյություն ունեցող տրանսպորտային ուղիների և ենթակառուցվածքների արդյունավետ օգտագործման ու դրանց ընդլայման անհրաժեշտությունը: Սա հատկապես կարևոր է ցամաքով շրջապատված պետությունների համար՝ տարանցիկ ուղիների միջոցով դեպի ծով ազատ և անխափան ելք ապահովելու առումով։
ԱԳ նախարարի տեղակալը մտահոգություն է հայտնել այն փաստի առնչությամբ, որ տարածաշրջանային առևտրի խթանման ռազմավարության բանակցված փաստաթուղթն արդեն երկու տարուց ավելի «պատանդ» է պահվում Ադրբեջանի կողմից, որը փորձում է դրան կցել անհիմն մեղադրանքներով իր հռչակագիրը։
armtimes.com
Leave a Reply