
ԱՄՆ Սենատի բանաձևը արդարության և ճշմարտության հաղթանակն է. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել է ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունմանը։
«ԱՄՆ Սենատի 150 բանաձևը արդարության և ճշմարտության հաղթանակն է։ Ամբողջ աշխարհի հայ ժողովրդի անունից ես խորը երախտագիտություն եմ հայտնում Սենատին այս նշանակալի օրենքի համար։
Սա հարգանքի տուրք է 20-րդ դարի առաջին Ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի հիշատակին և համարձակ քայլ նման ոճրագործությունները կանխարգելելու համար: Այլեւս երբեք»,- գրել ՀՀ վարչապետը։
Միջազգային մամուլի անդրադարձը ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ընդունմանը
Աշխարհի հայտնի լրատվամիջոցները գրում են ԱՄՆ Սենատում Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման վերաբերյալ բանաձևի ընդունման մասին: Washington Post-ը գրում է, որ Թուրքիայի գործողությունները մեծ հիասթափություն են առաջացրել Կոնգրեսում՝ նոր թափ հաղորդելով Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը վերակենդանացնելու ջանքին:
Պատմական հաղթանակ ամբողջ հայության համար

«Պատմական հաղթանակ ամբողջ հայության համար: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր տասնամյակներ աշխատել են այս պահը հնարավոր դարձնելու համար: Հատկապես շնորհավորում եմ բոլոր պատմաբաններին, գիտնականներին, արվեստագետներին, ակտիվիստներին և կազմակերպություններին, որոնք առաջ են մղել Հայոց ցեղասպանության պատմության հետազոտությունը, ուսումնասիրել ու տարածել են այն հակառակ բազմաթիվ տարաձայնությունների, որպեսզի միջազգային հանրության ուշադրությունը հրավիրեն ճշմարտության, արդարության և մարդու իրավունքների խնդրին»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է դերասանուհի Արսինե Խանջյանը:
ԱՄՆ-ը միացավ Ցեղասպանությունների կանխարգելման համաշխարհային շարժմանը. ԱԺ նախագահ
Ազգային ժողովի այսօրվա արտահերթ նիստը մեկնարկեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի խոսքով, որում ԱԺ նախագահն ընդգծեց, որ Ազգային ժողովի 3 խմբակցության անունից ողջունում է ԱՄՆ Սենատին, ինչպես նաև՝ դրանից առաջ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի բոլոր գործընկերներին:
«Երեկ ԱՄՆ Սենատում տեղի ունեցած պատմական քվեարկությամբ ԱՄՆ-ը ճանաչեց 20-րդ դարի ամենասոսկալի իրադարձություններից մեկի՝ ողջ մարդկության դեմ ուղղված հանցագործության, իրենց հայրենիքում 1.5 միլիոն հայերի բնաջնջումն Օսմանյան կասրության կողմից: Ես բոլոր խմբակցությունների անունից ցանկանում եմ ողջունել ԱՄՆ Սենատի, ինչպես նաև դրանից առաջ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի բոլոր գործընկերներին՝ համապատասխանաբար թիվ 150 և 296 բանաձևերի միաձայն ընդունման կապակցությամբ, և փաստել, որ սրանով՝ այս կարևոր քվեարկությամբ, Միացյալ Նահանգները միացավ Ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված համաշխարհային շարժմանը: Այս առումով ուզում եմ հատկապես շնորհակալություն հայտնել սենատորներ Մենենդեզին, ինչպես նաև դրանից առաջ՝ կոնգրեսական Շիֆին և հայազգի բոլոր մյուս բարեկամներին՝ Կոնգրեսի երկու պալատներում այս օրինագծերի նախաձեռնության և պաշտպանության համար: Ուզում եմ նաև առանձին երախտիքի խոսքեր հղել ԱՄՆ-ում Հայ Դատի գրասենյակի և Հայկական Ասամբլեայի բոլոր ընկերներին, որոնք տարիներ շարունակ ջանքեր չեն խնայել այս կարևոր արձանագրմանը հասնելու համար»,- ասել է ԱԺ նախագահը:
Նա նաև ընդգծել է Հայաստանի հանձնառությունը՝ ջանքեր չխնայել Հայոց ցեղասպանության ճանաչման և արդարացի հատուցման համար: ԱԺ-ն հոտնկայս ծափահարություններով սկսեց նիստը:
Ամենայն հայոց կաթողիկոսը ողջունել է ԱՄՆ Սենատի բանաձևը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունել է դեկտեմբերի 12-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների Սենատի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման և դատապարտման բանաձևի ընդունումը:
«Գոհունակությամբ տեղեկացանք ԱՄՆ Սենատի այս վճռական քայլի մասին, որը կարևորագույն հանգրվան է եղեռնահար մեր ժողովրդի նկատմամբ պատմական արդարության վերականգնման պայքարում:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական մեր գնահատանքն ենք բերում ԱՄՆ Սենատի անդամներին և բանաձևը հեղինակած սենատորներին, որոնք իրենց արդարամիտ կեցվածքը դրսևորեցին ի նպաստ հայ ժողովրդի ու ի շահ Հայոց ցեղասպանության ծանր հետևանքների հաղթահարման` բացելով մեր պահանջատիրության պատմական նոր էջը։
Մենք ողջունում ենք նաև ազգային բոլոր մեր հաստատությունների և նվիրյալ անհատների տասնամյակների ազգանվեր աշխատանքը Մեծ եղեռնի միջազգային ճանաչման ու դատապարտման ուղղությամբ ու քաջալերում նրանց այս պատասխանատու հանձնառությունը: Մեծ աշխատանք ունենք անելու մեր ազգային իղձերին հասնելու ճանապարհին։
Մեր աղոթքն է, որ Աստված խաղաղության մեջ պահի համայն մարդկության կյանքը` զերծ Հայոց ցեղասպանության նման ողբերգություններից ու արհավիրքներից` հանուն բոլոր ժողովուրդների հաշտ ու համերաշխ ապագայի»,- նշել է Վեհափառ Հայրապետը:

1lurer.am
Leave a Reply