
Ցեղասպանության զոհերի հիշատակի և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, պատգամավորներ և Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ։
Նշենք, որ 1948-ին ընդունված բանաձևին Հայաստանի առաջարկով միացավ նոր որոշում։ 2015 թ. սեպտեմբերի 11-ին ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովը միաձայն ընդունեց 69/323 բանաձևը, որով դեկտեմբերի 9-ը հռչակվեց Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր: Բանաձևը խրախուսում է բոլոր անդամ և դիտորդ պետություններին, ՄԱԿ-ի կազմակերպություններին, միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններին ու անհատներին նշել դեկտեմբերի ինը` Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի վերաբերյալ իրազեկվածությունը, այդ հանցագործության դեմ պայքարի ու դրա կանխարգելման դերը բարձրացնելու և ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակը հարգելու համար:
Leave a Reply