December 9, 2019

Հայոց ցեղասպանության մասին հայտարարած Դիարբեքիրի փաստաբանների պալատը դատապարտում է դատախազության ճնշումները

Թուրքիայի Դիարբեքիրի փաստաբանների պալատը դատապարտել է Հայոց ցեղասպանության մասին հայտարարության համար պալատի նախկին ղեկավարության դեմ հետաքննություն սկսելու՝ դատախազության նախաձեռնությունը:

Պալատի այժմյան ղեկավարության կողմից նույնպես հայտարարություն է ընդունվել՝ «Չ՛ենք վախենում, չե՛նք լռելու» գլխագրով, որում, մասնավորապես, ասված է. 

«Պալատի նախկին ղեկավարության կողմից արված հայտարարությունները պետք է ընդունել նաև որպես ներկա՛ ղեկավարության հայտարարություն: Եթե դա հանցանք է, ապա մենք էլ հանցակից ենք»:

Հայտարարության մեջ հիշեցվել է, որ 2014-ի ապրիլի 24-ից սկսած՝ Թուրքիայի նախագահ Էրդողանը «Ցավակցական ուղերձ» է հղում, ինչն իրավական առումով որևէ խնդիր չի հարուցում, սակայն իրենց դեպքում ճիշտ հակառակն է ստացվում՝ տեղեկացնում է Ermenihaber-ը:

«Վարչապետի հայտարարությունները տեղավորվում են խոսքի ազատության սահմաններում, իսկ Դիարբեքիրի փաստաբանների պալատի հայտարարությունը հանցանք է պարունակում: Այդպիսի դատական համակարգը չի կարող արդարադատություն իրականացնել: Դատական համակարգը պետք է հրաժարվի երկակի ստանդարտների կիրառումից»,- նշվում է հայտարարությունում:  

Հիշեցնենք, որ նախօրեին Թուրքիայի արդարադատության նախարարությունը թույլատրել է Դիարբեքիրի փաստաբանական պալատի նախկին նախագահի և գործադիր խորհրդի անդամների դեմ հետաքննություն սկսել՝ 2018թ. ապրիլի 24-ի առիթով պալատի հրապարակած հայտարարության համար: Կազմակերպության նախկին նախագահ Ահմեթ Օզմենին և ղեկավար խորհրդի 10 անդամներին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հատկանիշներով՝ «ժողովրդին հրապարակայնորեն ատելության և թշնամության հրահրելու, Թուրքիայի ազգային մեծ ժողովը նսեմացնելու» կետով:

Հիշեցնենք նաև, որ Դիարբեքիրի փաստաբանների պալատը հետևյալ հայտարարությունն էր մեկ տարի առաջ տարածել.

«Ժամանակին պատասխանատուները, նախ՝ հայ մտավորականներին և առաջնորդներին ոչնչացնելով, իսկ հետո՝ «Աքսորի մասին օրենքի» անվան տակ զինվորական ստորաբաժանումների և հետախուզական կառույցի՝ Teşkilatı Mahsusa-ի միջոցով մեկ միլիոնից ավելի հայ քաղաքացու դեպի Սիրիայի սահմաններ մահվան տանելով, դաժան քաղաքականություն են վարել:

Տառապանքն այնքան մեծ է եղել, որ ՄԱԿ-ի Ցեղասպանության մասին կոնվենցիայում «Ցեղասպանություն» եզրույթը ստեղծել են հայ ժողովրդի նկատմամբ կատարվածից ոգեշնչված: Ստամբուլում, Դիարբեքիրում, Վանում և Անատոլիայի մի շարք քաղաքաներում, որտեղ հայեր են ապրել, կոտորածի, աքսորի և տեղահանության առաջացրած ավերածությունը և խոր ցավը թարմ է մնում: Հարգանքով ոգեկոչում ենք Ցեղասպանության ընթացքում զոհված քաղաքացիական անձանց և անմեղ բոլոր հայերին»:

1lurer.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4