December 9, 2019

Եթե ներքին ներդրումներ չկան, արտաքին ներդրումներ էլ չեն լինի. մեր միջին խավը կտրված է տնտեսությունից. Աշոտ Թավադյան (տեսանյութ)

Գումար հավաքելու, համահայկական դրամահավաքության գործընթացն արդեն սպառել է իրեն, ի վերջո՝ տնտեսությունը երկկողմանի ճանապարհ է, չի կարելի հույսը դնել մի ուղղության վրա: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վերահսկիչ պալատի առաջին նախագահ Աշոտ Թավադյանը. «Դրամահավաքն աստիճանաբար դառնում է երկրորդական, առաջնահերթը տնտեսության զարգացումն է, հնարավորությունների ստեղծումը»:

Ըստ Թավադյանի՝ եթե տնտեսական հեղափոխությունը գործընթաց է, ապա դրա նպատակը պետք է լինի մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշը մինչև 10 հազար դոլար հասցնելը, մինչդեռ հիմա այն ընդամենը 4,4 հազար է, արտահանումն էլ պետք է գերազանցի ՀՆԱ-ի 50 տոկոսը. «Արտագաղթը դադարեցնելու համար պետք է նվազեցնել գործազրկությունը, այն այսօր 17 տոկոս է: Մեր զբաղվածությունը պետք է գերազանցի 90 տոկոսը: Այս ցուցանիշին կարելի է հասնել նպատակային հարկաբյուջետային քաղաքականությամբ»:

Տնտեսագետի կարծիքով՝ չի կարելի պետական գումարները սառեցնել, պետք է կատարել կապիտալ ծախսեր. «Ես չգիտեմ՝ կա՞ արդյոք այդ պրոֆիցիտն օգտագործելու ծրագիր: Ինչո՞ւ է 2020-ի բյուջեն կառուցված 4,9 տոկոս տնտեսական աճի հաշվարկով: Իմ հաշվումով՝ այն կարող է լինել 5-ից 8 տոկոս»:

Աշոտ Թավադյանի կարծիքով՝ միջազգային ֆինանսական կառույցներից ստացվող վարկերի կառուցվածքը կասկածելի է. «Արտաքին վարկերի առումով քաղաքականության փոփոխության անհրաժեշտություն կա: Կոռուպցիայի դեմ պայքարի հաշվին կուտակված փողի ռեզերվը մի օր կսպառվի: Մեր հավաքագրած գումարի որոշ մասը կարող ենք ուղղել հին պարտքերի փակմանը, այդ ռեզերվը կարելի է օգտագործել տարբեր խնդիրների լուծման համար»:

Տնտեսագետի պնդմամբ՝ մեր տնտեսական քաղաքականությունն առայժմ չի նպաստում ներդրումների ներգրավմանը, մեզ մոտ բոլոր շահութաբեր ձեռնարկությունները ոչ թե բաց, այլ փակ բաժնետիրական ընկերություններ են: «Մեր միջին խավը կտրված է ներդրումներից: Մեր իշխանության մեծամասնությունը երիտասարդներ են, որոնք կառավարման փորձ չեն ունեցել»,- ասել է Թավադյանը՝ հավելելով. «Թանկ փողերի քաղաքականությանը պետք է վերջ տրվի: Եթե ներքին ներդրումներ չկան, արտաքին ներդրումների մասին խոսք լինել չի կարող: Մինչև միջին խավն էական դերակատար չդառնա, պետության զարգացման վեկտորի փոփոխություն չի լինի»:

Աշոտ Թավադյանի կարծիքով՝ նախկին օլիգարխների մեծամասնությունը շարունակում է գերիշխող դիրք ունենալ: «Պետք է խրախուսել նոր ներդրողներին, մտածել՝ ինչպե՞ս մեծացնել ներդրողների թիվը: Ամեն ինչ պետք է ուղղված լինի նոր ներդրողներ բերելուն, տնտեսական աճի, արտահանման և զբաղվածության մեծացմանը»,- ամփոփել է տնտեսագետը:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4