December 9, 2019

Մեծ պրեմիերա Մայր թատրոնում. բեմ կբարձրանա «Թռիչք կկվի բնի վրայով» ներկայացումը

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:

Ամերիկացի գրող Քեն Քիզիի հանրահայտ «Թռիչք կկվի բնի վրայով» վեպը, որի էկրանավորումը մեծ հաջողություն է ունեցել` արժանանալով հինգ «Օսկար»-ի,  յուրահատուկ մեկնաբանությամբ կներկայացվի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:

Առաջնախաղերը տեղի կունենան նոյեմբերի 29-30-ին:

«Արմենպրես»ի հաղորդմամբ` նոյեմբերի 27-ին լրագրողների հետ հանդիպմանը թատրոնի գեղարվեստական ղեկավար, ներկայացման բեմադրիչ Արմեն Էլբակյանն ասաց, որ անգամ ինքն է իրեն հաճախ հարցնում, թե  ինչու է այդ գործի հիման վրա նկարահանված հրաշալի ֆիլմից հետո որոշել բեմադրել ներկայացումը: «Շատ եմ հավանում կինոնկարը: Այն ժամանակին մեծ գործ արեց, բայց ամենամեծ  գործն արել է Քեն Քիզին` գրելով այդ մնայուն ստեղծագործությունը, որն, ըստ իս, 20-րդ դարի լավագույն գրական նմուշներից է: Անհրաժեշտ էր անդրադառնալ դրան ու հասկանալ, թե ինչ բան է տոտալիտար ռեժիմը, թե ինչ է մարդ արարածին այնպիսի վիճակի հասցնելը, որ նա փախչի իրականությունից: Այս վեպը լավ առիթ էր այդ հարցերը բարձրացնելու համար»,-նշեց Էլբակյանը:

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի

Նա շեշտեց, որ յուրաքանչյուր արվեստագետ, որը հարթակ կամ էկրան է բարձրացնում որևէ  ստեղծագործություն, այն յուրովի, իր ժամանակի պահանջներին համապատասխան է դա անում: «Երբեմն նաև հանդիսատես եմ ու, երբ գնում եմ թատրոն, չեմ գնում հանդիպելու այն Համլետին, որին ես եմ պատկերացնում, այլ գնում եմ դիտելու, թե ինչպես են տեսնում ու մեկնաբանում այդ գործն իմ ժամանակակիցները: Հենց այդ պատճառով մենք, չվախենալով ֆիլմի մրցակցությունից, որոշեցինք բեմադրել այն, քանի որ խիստ ժամանակակից հնչեղություն ունի և շատ աղերսներ»,-ընդգծեց բեմադրիչը:

Ներկայացման գլխավոր դերակատարի՝ ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Մարգարյանի խոսքով` եթե նույնիսկ մեկ անգամ խաղան ներկայացումը, իր համար արժևորված կլինեն այն երեք ամսվա փորձերը, որոնք իրականացվել են: «Ցանկանում եմ, որ ոչ միայն գլխավոր հերոսի դիրքերից հնչի ներկայացումը, այլև երևա ամբողջ կտավը, որտեղ  կարևոր են բոլոր կերպարները, և պատմության նշանակալի մասն են բոլոր գործող անձիք: Ի վերջո, գլխավոր հերոսը հոգեբուժարան է գալիս ու, այդ ամենը տեսնելով, մտածում է իր մասին, ուզում է փախչել, բայց հետո հասկանում է, որ իր համար չի եկել այդտեղ, այլ եկել է փրկելու մյուսներին էլ»,-պատմեց դերասանը:

Թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանն էլ ասաց, թե վստահաբար, հանգիստ ու համարձակ հայտարարում է, որ ստացվել է փայլուն ներկայացում, ստացվել է մայրաքաղաքային ներկայացում, համախմբվածության առումով օրինակելի ներկայացում: «Որպես թատրոնի տնօրեն՝ շատ հպարտ և ուրախ եմ, որ մեր բեմում նման որակի ներկայացում է լինելու»,-շեշտեց նա:

Մկրտչյանը հավելեց, որ առաջիկայում մանուկների համար կցուցադրեն «Ալադին» ներկայացումը:

«Թռիչք կկվի բնի վրայով» ներկայացման մեջ զբաղված են Արմեն Մարգարյանը, Սամվել Բաղինյանը, Անի Պետրոսյանը, Դավիթ Գասպարյանը, Մեսրոպ Աբտոյանը, Անդրանիկ Զաքարյանը, Արթուր Հարությունյանը, Արմեն Քուշկյանը, Ռոբերտ Հարությունյանը, Լուսինե Կոստանյանը, Ռոման Բաբայանը, Արա Կարագյանը, Հովհաննես Գասպարյանը, Անահիտ Մութաֆյանը, Տաթևիկ Միրզոյանը, Գագիկ Ադիլխանովը, Ստեփան Շահինյանը:

Պիեսը թարգմանել է Տիգրան Քելեմյանը, ռեժիսոր-ասիստենտը Ալիսա Աղաջանյանն է, բեմանկարիչը Գարեգին Եվանգուլյանն է, զգեստների նկարիչը՝ Մերի Սարգսյանը, երաժշտական ձևավորումն ու պլաստիկան` Հայկ Իսրայելյանի:

Ներկայացման համար երաժշտություն է գրել Գարրի Քյոսայանը:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4