December 15, 2019

Չգիտեմ՝ Վատիկանների որ պադվալներում են պախկված, վզներից բռնելու ենք հանենք, տանենք կանգնեցնենք դատարանները. Փաշինյան

Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը տեղի ունեցած ելույթից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց նաեւ ներկաների հարցերին:

Նրանցից Մարինե Մելիքսեթյանը, որը ներկայացավ որպես գիտնական ասաց, որ աշխատում է Միլանի եվրոպական ուռուցքաբանության ինստիտուտում, նշեց, որ մտահոգված է գործող կառավարության արտաքին ու ներքին քաղաքականությամբ։ Ըստ նրա, պետական ինստիտուտները կազմաքանդվում են, ատելության քարոզ է արվում, իսկ Արցախի հարցում էլ ոչ մի ռազմավարություն գոյություն չունի։ «Ես համարում եմ, որ այս քաղաքականությունը Հայաստանի ու Արցախի պետականության համար լրջագույն սպառնալիք է, դա կործանման ճանապարհ է, ուստի ես կոչ եմ անում, որ ձեր կառավարությունը եւ դուք անձամբ հրաժարական տաք եւ հեռանաք, ամենամեծ բանը, որ դուք կարող եք անել Հայաստանի համար: Այս քաղաքականությունը, որ վարում եք հիմա, տանում է Հայաստանը ու Արցախը կործանման»,- ասաց կինը: Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց. «Անընդհատ ասում են ատելության քարոզ: Իսկ ո՞վ եւ որտե՞ղ է տանում այդ ատելության քարոզը: Գիտե՞ք, եթե Հայաստանում եղել են իշխանություններ, որոնց նկատմամբ ժողովրդի ունեցած միակ զգացումը ատելությունն է դրանում իմ մեղքը ո՞րն է: Մենք ո՞ւմ ենք կոչ արել, որ ատեն, ընդհակառակը, մեր հեղափոխությունը եղել է սիրո և համերաշխության հեղափոխություն»,- ասաց Փաշինյանը ինչից հետո ներկաները սկսեցին ծափահարել:

Շարունակելով պատասխանել հարցին, Փաշինյանն ասաց. «Երբ որ ասում են՝ Արցախի հարցում մենք չունենք ռազմավարություն, իսկ ո՞րն էր Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի ռազմավարությունը: Մեղրին տա՞նք, Մեղրին տա՞լն էր ռազմավարություն, թե՞ այսպես ասած , ինչպես իրենք էին բանակցում, «Ադբեջանի 7 շրջանները վերադարձնենք խաղաղության դիմաց», ո՞րն էր ռազմավարությունը Սերժ Սարգսյանի, որ «Աղդամը մեր հայրենիքը չէ՞» եւ հիմա նրանք մեզ մեղադրում են, որ մենք հող ենք վերադարձնում»:

Փաշինյանի խոսքով՝ եթե պետական ինստիտուտ ասելով նկատի ունեն կոռուպցիան, այո այդ ինստիտուտը քանդված եւ ջախջախված է եւ այդ ինստիտուտի ողնաշարը ջարդված է Հայաստանի Հանրապետությունում: «Եթե դուք ատելություն ասելով նկատի ունեք մեր այն պնդումը, թե գողացված մինչեւ վերջին կոպեկը վերադարձվելու է, այո՛ վերադարձվելու է»,- նրա այս խոսքերից հետո ներկաները կրկին սկսեցին ծափահարել: «Իմիջիայլոց, այսօր Իտալիայում թաքնված են որոշ, ամենահայտնի կոռուպցիոներներ եւ որեւէ մեկը հույս չունենա, թե պլստալու է, Հայաստանի արդարադատության ձեռքը հասնելու է նրանց, չգիտեմ՝ Վատիկանների որ պադվալներում են պախկված, վզներից բռնելու ենք հանենք, տանենք կանգնեցնենք դատարանները եւ գողացված վերջին կոպեկը վերադարձնենք ժողովրդին: Բայց մենք քարոզում ենք սեր, եկեղեցում ենք մենք գտնվում»,- շարունակեց Փաշինյանը:

Ինչ վերաբերում է հրաժարականի պահանջին, ապա վարչապետը նշեց. «ես հրաժարականի մասին մտածելու մասին կարիք չունեմ այնքան ժամանակ, քանի ունեմ Հայաստանի Հանրապետության ժողովրդի վստահությունը, իսկ երբ որ չունենամ ժողովրդի վստահությունը որեւէ մեկին չեմ թողնի, որ նույնիսկ ակնարկի դրա մասին, րոպե առաջ, որովհետեւ վարչապետը, որը չունի ժողովրդի վստահությունը, անկախ անձերից, չարիք է երկրի համար, ղեկավարը որը չունի երկրի վստահությունը, ժողովրդի վստահությունը անկախ անձերից չարիք է երկրի համար, այնպես, ինչպես, կներեք չարիք են եղել բոլոր ղեկավարները սկսած 1996 թվականից երբ, առանց ժողովրդի վստահության տիրացել են իշխանությանը և փորձել են պահել իշխանությանը: Մեր օրոք այդպիսի իշխանություն և վիճակ չի լինելու »,- Փաշինյանի այս խոսքերը եւս ուղեկցվեցին ծափահարություններով եւ «բրավո» վանկարկումներով:

armtimes.com

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4