December 9, 2019

«Լուսավո՛ր Հայաստան», կանգնեք ուղիղ ասեք, որ դեմ եք թոշակների, աշխատավարձերի բարձրացմանը.վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում՝ 2020 թվականի բյուջեի քննարկման ժամանակ, եզրափակիչ խոսքում անդրադարձավ երկու, այսպես ասած, օդից կախված հարցադրման․

1․ Արդյոք 2020 թվականի բյուջեն հեղափոխական բյուջե է։

2․ Իսկ երբ են մարդիկ փոփոխություն զգալու իրենց կյանքում։

Արդյոք այս բյուջեն հեղափոխակա՞ն է․ վարչապետն այս հարցին այսպես պատասխանեց․

«2018 թվականին հեղափոխության շրջանում, երբ ես դեռեւս ՀՀ վարչապետ չէի, հայտարարել եմ, որ մեկ-երկու տարվա ընթացքում ՀՀ բյուջեն կարող է կամ պետք է ավելանա 30-35 տոկոսով։ Սա եղել է հեղափոխության կարգախոսներից կամ խոստումներից մեկը։ Հիմա 2020-ի պետբյուջեում եկամտային մասը 2018 թվականի համեմատ գերազանցում է 27,4 տոկոսով։ Եթե սրան գումարում ենք նաեւ 2018 թվականի ընթացքում բյուջեի գերակատարման ցուցանիշները, որոնք արդեն 62 մլրդ-ով գերակատարված են եւ ոչ մի տեղ հաշվառված չեն, ուրեմն՝ բյուջեի համախառն աճը կազմում է 33 տոկոս։ Իսկ եթե սրան ավելացնում ենք այն բյուջետային կորուստները, որ ունեցել ենք մեր որոշումների արդյունքում, Հարկային օրենսգրքի փոփոխության արդյունքում, պարտադիր կենսաթոշակների արդյունքում, որ պիտի հավաքեինք, բայց կամավոր հրաժարվել ենք այդ փողերից, մեր աճը կազմում է ավելի քան 35 տոկոս։ Սա ուղիղ պատասխան է այն հարցին, թե արդյոք այս բյուջեն հեղափոխական է։ Այո՛, այս բյուջեն հեղափոխական է, որովհետեւ ճշգրիտ իրագործումն է այն խոստման, ոչ թե նախընտրական, այլ նախահեղափոխական խոստման, որ ես անձամբ հնչեցրել եմ»։

Փաշինյանն ասաց, որ 2020 թվականին նախատեսված կապիտալ ծախսերը 2018-ի փաստացի ցուցանիշի նկատմամբ ավելի են 135,1 տոկոս․ «Այսինքն՝ այլ կերպ, քան հեղափոխական, սա չի կարելի անվանել։ Ընդ որում, եկամտային աճի միջին վիճակագրությունը եղել է 7 տոկոս, մենք այս տեմպը կրկնապատկել ենք։ Եթե այս ցուցանիշը հաշվի ենք առնում, մեր բյուջեի տարեկան միջին աճը կազմում է 14 տոկոս, նախկին՝ 7-ի փոխարեն․ բա հեղափոխականը պոզով-պոչով է՞ լինում»,- ասաց վարչապետը՝ շարունակելով, որ 2020 թվականի ընթացքում ճանապարհների կառուցման, նորոգման, հիմնանորոգման համար նախատեսվում է այնքան գումար, ինչքան 2015, 2016, 2017 թվականի բյուջեով միասին վերցրած․ բա հեղափոխությունն ուրիշ ո՞նց է լինում։

«Բնակարանային շինարարության, կոմունալ ծառայությունների բնագավառներում նախատեսվում է աճ 120 տոկոս։ Պատմության մեջ շատ տեղերո՞ւմ եք տեսել, որ բյուջեում խոսեն 100, 120, 140 տոկոսի մասին։ Առողջապահության ոլորտի ծախսերը 2018 թվականի նկատմամբ աճել են 39,5 տոկոսով։ Կրթությանն ուղղված ծախսերն աճել են 34 տոկոսով։ ՊՆ ծախսերն աճել են 28 տոկոսով, Շրջակա միջավայրի նախարարության ծախսերը՝ 41 տոկոսով, պետական պարտք-ՀՆԱ ցուցանիշը 2020 թվականին կկազմի 52,2 տոկոս՝ 2017 թվականի 58,9 տոկոսի համեմատ, եւ այսպես շարունակ»։

Փաշինյանն արձանագրեց, որ այսօրվա դրությամբ ՀՀ միջազգային պահուստները գտնվում են պատմական ամենաբարձր մակարդակի վրա:

«Հիմա հարց․ էս ամենը փոխում է, փոխել է եւ ինչպես է փոխում մարդկանց կյանքը։ Շատ պարզ, սկսենք ամենապրիմիտիվ բանից, էն, որ մարդիկ այսօր երթեւեկում են եւ մյուս տարի երթեւեկելու են բարեկարգ ճանապարհներով, իրենց կյանքը փոխո՞ւմ է, թե ոչ, իհարկե փոխում է, որովհետեւ իրենք ընթացագետի (խադավիկ) մոտ շատ ավելի քիչ են գնում եւ ավելի քիչ գումար են ծախսում»։

Անդրադառնալով քննադատություններին, որ այսօր եւս գործազրկության բարձր ցուցանիշ կա՝ Փաշինյանն ասաց, որ իրականում այսօր ունենք աշխատատեղերի խնդիր․

«Վերջին շաբաթվա ընթացքում գնացել եմ երկու արտադրական ձեռնարկության բացման եւ երկու տեղերում էլ, սեփականատերերի հավաստիացմամբ, ավելի քան 1000 աշխատատեղ կա, մարդիկ աշխատող են փնտրում եւ չեն կարողանում գտնել. էսօր Հանրապետության բոլոր շինարարական կազմակերպությունները խրված են պատվերների մեջ»։

Այն, որ մինչեւ 18 տարեկան երեխաների հիվանդանոցային ծառայությունն անվճար է լինելու, Փաշինյանը եւս արձանագրում է որպես մարդու կյանքի փոփոխություն, այսպես նաեւ ուսուցիչների աշխատավարձի բարձրացումը, զինվորների սննդի որակի բարձրացումը եւ այլն։ Վարչապետն ԱԺ ամբիոնից եւս մեկ անգամ հայտարարեց՝ 2020 թվականի հունվարի մեկից միայն հարկային փոփոխությունների արդյունքում 230 հազար մարդու աշխատավարձ բարձրանալու է։

Ինչ վերաբերում է ընդդիմության քննադատություններին, վարչապետն արձագանքեց․

«Մեր ընդդիմությունն ինչ է ասում․ ասում է՝ տերմինախեխտ է արված, ֆիսկալ կանոնները խախտում եք։ Եկեք թարգմանեք՝ ինչ եք ասում, դուք ասում եք՝ աշխատավարձ մի՛ բարձրացրեք, նպաստ մի՛ բարձրացրեք, դե, կանգնեք ուղիղ էդ ասեք, ի՞նչ եք գիտահետազոտական, միտահետազոտական․․․ կանգնեք ուղիղ ասեք, կանգնեք, «Լուսավոր Հայաստան» խմբակցությո՛ւն, ուղիղ ասեք՝ մենք դեմ ենք, որ դուք բարձրացնեք աշխատավարձերը, թոշակները»,- դիմելով ԼՀԿ խմբակցության պատգամավորներին, որոնք եւս հայտարարում են, որ բյուջեի նախագիծը հեղափոխական չէ՝ ասաց վարչապետը։

Թե ընդհանրապես ինչ է նշանակում փոխել մարդու կյանքը, Փաշինյանն ասաց, որ դա մարդու կյանքի փոփոխության մասին պատկերացումը, փիլիսոփայությունը, գաղափարաբանությունը փոխելն է․

«Այ էն ժամանակ էր, որ էս ամբիոնից մարդուն ասում էին՝ կյանքդ կփոխվի, ասում էին՝ գիտես ինչ՝ քեզ չորս կիլո ավելի բրինձ կտանք որպես ողորմություն եւ գթասրտություն: Էսօրվա կառավարությունն ասում է՝ սիրելի հայրենակիցներ, կյանքը փոխում են աշխատանքով, կառավարությունը չի կարող մտնել ձեզնից յուրաքանչյուրի տուն եւ փոխել ձեր կյանքը, կառավարությունը կարող է ձեզ համար ստեղծել հնարավորինս լայն հնարավորություններ, որ դուք ազնիվ, արդար աշխատանքով ձեր բարեկեցությունը վաստակեք»։

Փաշինյանն ասաց, որ իրենք հաճախ դնում են ցածր ցուցանիշներ, բայց դրանցից բարձր թռիչք են անում․

«Մենք ինքներս մեր ցուցանիշները վատացնում ենք, որովհետեւ լավացնում ենք որակը, մենք վաղվա ցուցանիշի հետեւից ենք գնում, 2019-ը կթերակատարենք միանշանակ, բայց որ պահին կապիտալ ծախսերի որակը եւ ծավալը կնույնականացվի, դա այն կետն է, որ հասնելու ենք երկնիշ տնտեսական աճի»։

Գործադիրի ղեկավարն ԱԺ բարձր ամբիոնից եւս մեկ անգամ հայտարարեց՝ ցանկացած մեկը եւ ցանկացած պաշտոնյա եթե ունենա «ատկատ»-ի մտադրություն, դատվելու է, նստելու է եւ նրա հանդեպ ներում-բեկում չի լինելու։

«ՀՀ պետական բյուջեն կառավարություն-հասարակություն համագործակցության ամենաուժեղ եւ ամենացայտուն ձեւն է։ Տնտեսական հեղափոխությունը ոչ միայն ընթացքի մեջ է, այլեւ ամեն օրվա հետ թափ է հավաքում եւ հունվարի մեկից նոր թափ է հավաքելու»,- եզրափակեց վարչապետ Փաշինյանը։

armtimes.com

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4