November 21, 2019

Վարչապետը մասնակցել է հագուստի նոր արտադրամասի բացմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ներկա է գտնվել հագուստի արտադրության նոր ֆաբրիկաների բացման արարողությանը: Մեկ մասնաշենքում գործունեություն են ծավալելու «Ալեքս տեքստիլ», «Սարտեքս» «Ասա Գարմենտ» ապրանքանիշերի կարի ֆաբրիկաները: Վարչապետը շրջայց է կատարել արտադրամասերում՝ ծանոթացել արտադրական գործունեությանն ու տեսականուն: Գործադիրի ղեկավարը ողջունել է թեթև արդյունաբերության ոլորտում նոր ներդրումային ծրագրերի իրականացումը և նշել, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է իր գործիքակազմերի շրջանակում աջակցել ոլորտի զարգացմանն ու առաջընթացին:   Ընդհանուր առմամբ, կարի արտադրամասերում ներկայում ստեղծվել է 1000 նոր աշխատատեղ, սակայն առաջիկայում այդ թիվը նախատեսվում է հասցնել 3 հազարի: Ֆաբրիկաներում արտադրվելու են բաճկոններ, կաշվի կտոր, գործված հագուստ:   «Սարտեքս» ֆաբրիկան ստեղծվել է «Ալեքս տեքստիլ»-ի և իտալական «Սարտիս» ընկերության համագործակցությամբ, որը զբաղվում է հայտնի MaxMara, Moncler, Peuterey, Dolce&Gabana, Dainese և այլ հանրահայտ բրենդների հագուստի արտադրությամբ: Երևանյան արտադրանքն ամբողջությամբ արտահանվելու է Իտալիա: «Ալեքս տեքստիլ»-ը համագործակցում է նաև Չինաստանում բրենդային վերնահագուստ արտադրող խոշորագույն ընկերություններից մեկի հետ: Համագործակցության արդյունքում արտադրված ամբողջ տեսականին ևս արտահանվելու է արտերկիր:   2020 թվականին «Ալեքս տեքստիլ»-ը նախատեսում է Արտաշատում բացել տնային տեքստիլի և սրբիչի արտադրություն, ինչպես նաև ևս մեկ կարի ֆաբրիկա: Ընդհանուր առմամբ նախատեսվում է ստեղծել ևս 1500 նոր աշխատատեղ:

1lurer.am

Համաշխարհային բրենդերը՝ Made in Armenia մակնշմամբ. Հայաստանում բացվեց կարի չորս խոշոր ֆաբրիկա

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մի շարք համաշխարհային բրենդերի հագուստներն այսուհետ կարտադրվեն Հայաստանում և կարտահանվեն եվրոպական ու ռուսաստանյան շուկա՝ «Պատրաստված է Հայաստան» մակնշմամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Սարտեքս», «Ասա Գարմենտ», «Ալեքս տեքստիլ» և «Տեքսաս փրոդաքշն» ընկերությունների 4 կարի ֆաբրիկաների բացման արարողությունը կայացավ նոյեմբերին 1-ին։ Ներկա էր  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով շրջեց, ծանոթացավ արտադրական գործընթացին, արտադրանքին:

«Այստեղ ապագայում կաշխատի ավելի քան 3000 մարդ: Արտադրանքը հիմնականում արտահանվում է եվրոպական, նաև ռուսական շուկա, տեղում իրացում չկա: Բոլոր ապրանքները «Made in Armenia» մակնշմամբ են»,-ասաց «Ասա Գարմենտ», «Ալեքս տեքստիլ» և «Տեքսաս փրոդաքշն» ընկերությունների տնօրեն Մարատ Մովսիսյանը:

«Սարտեքս» ընկերությունը հիմնադրել են իտալական «Սարտիս» և հայկական «Ալեքս տեքստիլ» ընկերությունները: «Սարտեքս»-ը հանդիսանում է Հայաստանում իտալական «Սարտիս» -ի ներկայացուցիչը : Ընկերությունը զբաղվում է հանրաճանաչ MaxMara, Moncler, Peuterey, Dolce&Gabana, Dainese և այլ հանրահայտ բրենդերի հագուստի արտադրությամբ։ Դրանք արտահանվում են Իտալիա, որտեղից էլ ամբողջ եվրոպական շուկա: Մեր նպատակն այն է, որ ստեղծենք այնպիսի մշակույթ, որ Հայաստանում տեքստիլը չզարգանա միայն նրա համար, որովհետև աշխատուժն ավելի էժան է: Մենք ուզում ենք, որ «Made in Armenia» ապրանքային նշանը լինի որակի երաշխավոր»,-ասաց ընկերության տնօրեն Մխիթար Աղաբեկյանը:

Ընկերությունն այս պահին արդեն աշխատատեղ է ստեղծել 400 մարդու համար, նախատեսում են 7 արտադրական հոսքագծից հասնել մինչև 40 արտադրական հոսքագծի, որը թույլ կտա ընկերությունում ունենալ մինչև 2500 աշխատակից: Ներկայում ընկերությունում աշխատավարձի երկու սանդղակ կա՝ 100 հազար դրամ և 70 հազար դրամ: 70 հազար ստանում են նրանք, ովքեր դերձակի փորձ չունեն: Սակայն ընկերության նախաձեռնությամբ վերապատրաստումներից հետո հետագայում աշխատավարձերը կբարձրանան՝ հասնելով մինչև 170-180 հազար դրամի:

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի

Նորաբաց «Ասա Գարմենտ»-ը  հայ-չինական ընկերություն է, որն այս պահին զբաղվում է ֆրանսիական «Ջեննիֆեր» բրենդի հագուստի արտադրությամբ: Ընկերությունը բանակցություններ է վարում նաև «Զառա» ապրանքանիշի  հագուստ արտադրելու համար: Այս պահին այն աշխատատեղ է ստեղծել մոտ 300 հայաստանցու համար, շուտով աշխատակիցների թիվը կհասնի մինչև 1000-ի:

 «Ալեքս տեքստիլ»-ը հագուստ է արտադրում ռուսական ընկերությունների համար, իսկ «Տեքսաս փրոդաքշն»-ը շապիկներ են արտադրում թե ռուսական, թե եվրոպական բրենդների համար:

«Այսօր կարող ենք արձանագրել, որ հայկական արտադրանքը մրցունակ է արտերկրի շուկաներում, և մեզ համար հպարտանալու առիթ է, որ աշխարհի տարբեր ծայրերում կարելի է գնել հագուստ և պիտակի վրա կարդալ՝ արտադրված է Հայաստանում»,-ասաց «Ալեքս տեքստիլ»-ի սեփականատեր Աստղիկ Ալեքսանյանը:

armenpress.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4