October 14, 2019

Հանրապետության հրապարակում մեկնարկել է WCIT-2019 համաշխարհային համաժողովի բացման համերգը․ ներկա է վարչապետը

Հանրապետության հրապարակում մեկնարկել է WCIT-2019 տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի բացման համերգը։ Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի շրջանակում ստեղծված WCIT նվագախումբը ազդարարեց համաժողովի մեկնարկը:

Համերգին ներկա է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նվագախմբի երաժիշտները ներկայացնում են այն երկրները, որոնք նախկինում հյուրընկալել են Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովները: Աննախադեպ ձեւաչափ ունեցող նվագախմբի համերգային ծրագրում ներառված են համաժողովը հյուրընկալած երկրները խորհրդանշող երաժշտական գործեր, հայ կոմպոզիտորների լավագույն ստեղծագործություններից կազմված շարք։

Հայտնի ստեղծագործություններից բացի, WCIT նվագախումբը, առանց նախապես ծանոթ լինելու ստեղծագործությանը, համերգին առաջին անգամ իրական ժամանակում կկատարի արհեստական բանականության ստեղծած երաժշտությունը: Արհեստական բանականությանը «սովորեցրել են» ստեղծագործել շարականի հիման վրա․ հայտնում է Արմենպրեսը։

WCIT համաշխարհային նվագախմբի ստեղծման գաղափարը պատկանում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանին, որը նաեւ ղեկավարում է խումբը, եւ կյանքի է կոչվել WCIT-2019-ի կազմակերպիչների աջակցությամբ։

Հանրապետության Հրապարակում ընթացող համերգին ներկա են WCIT-2019 համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած հյուրերն ու բարձրաստիճան պաշտոնյաներ։

Հիշեղնենք, հոկտեմբերի 6-9-ը Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունենալու WCIT 2019 տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը։ Այն հյուրընկալվում է Հայաստանում կառավարության եւ մի շարք ՏՏ կազմակերպությունների աջակցությամբ։ ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ծառայությունների համաշխարհային դաշինքը։ Հայաստանում անցկացվող 23-րդ համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ)։

Այս տարի համաժողովի թեման է՝ «Ապակենտրոնացման ուժը. ակնկալիք եւ վտանգ»։ Թեման ընտրվել է դեռեւս հայտը ներկայացնելիս՝ 2014 թվականին: Համաժողովի ընթացքում հանգամանորեն կքննարկվի, թե ինչպես են տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաները թե՛ դրական, թե՛ բացասական առումներով վերափոխում կյանքը, ինչ ազդեցություն են ունենում շահույթի եւ բարեկեցության, ապահովության եւ անվտանգության, ժողովրդավարության եւ մարդասիրության վրա: Երեւանյան համաժողովին սպասվում է ավելի քան 2000 մասնակից՝ 70 երկրից։ Բանախոսների թվում են հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, գործարար Ալեքսիս Օհանյանը, ՌԴ հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինը, «GIPHY»-ի հիմնադիր Ալեքս Չունգը եւ մի շարք այլ համաշխարհային փորձագետներ: Իր մակարդակով սա առաջին համաշխարհային ՏՏ համաժողովն է, որը տեղի է ունենալու Հայաստանում: Հաշվի առնելով նաեւ այն ձգտումները, որը Հայաստանի կառավարությունը դրել է իր առաջ՝ Հայաստանը դարձնել բարձր տեխնոլոգիաների երկիր՝ սա լավ հնարավորություն է թե՛ կապեր հաստատելու, թե՛ գործընկերներ ձեռք բերելու եւ թե՛ Հայաստանում իրականացվող աշխատանքները ներկայացնելու համար: Այսպիսի միջոցառումների ժամանակ ՏՏ ոլորտի աշխարհի ամենախոշոր ընկերությունները, ինչպիսիք են «Գուգլ»-ը, «Ֆեյսբուք»-ը, «Մայքրոսոֆթ»-ը, ունենում են իրենց ներկայացուցիչները:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4