October 14, 2019

Աննախադեպ թվով լիդերների մասնակցությունը ՀՀ նոր իշխանության բացառիկ գնահատականն է. խոսնակ

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:

 Հայաստան ժամանած հյուրերի մակարդակն ու քանակը ցույց է տալիս, թե իրականում ինչպիսի հեղինակություն է վայելում Հայաստանի նոր իշխանությունը և անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն ԵԱՏՄ շրջանակներում, այլև դրանից դուրս։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց  ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն՝ անդրադառնալով հոկտեմբերի 1-ին Երևանում մեկնարկող ԵԱՏՄ տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին:

«ԵԱՏՄ գագաթնաժողովի շրջանակներում տեղի ունենալիք երկկողմ բանակցությունները հնարավորություն կընձեռեն նոր մակարդակի բարձրացնել Հայաստանի հարաբերությունները Իրանի, Սինգապուրի, Մոլդովայի, ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների հետ։ Իր նախագահությունը կառույցում մեր երկիրը անցկացնում է ամենաբարձր մակարդակով, ցույց տալով իր հզոր պոտենցիալն ու քաղաքական մեծ կամքը նպաստելու կառույցի հեղինակության բարձրացմանն ու միջազգային ճանաչելիության ընդարձակմանը։ Հայաստանի մասնակցությամբ որևէ միջազգային կազմակերպության հզորացումը բխում է մեր շահերից և մենք շարունակելու ենք աշխատանքները այս ուղղությամբ»,- ասաց նա։

Կարապետյանը հիշեցրեց, որ սեպտեմբերի 30-ի երեկոյան արդեն տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Բելառուսի նախագահ Ա. Լուկաշենկոյի հետ, որն անցել է աշխատանքային, միևնույն ժամանակ բացառիկ ջերմ ու անկեղծ մթնոլորտում։ Այսօր նախատեսվում են ՀՀ վարչապետի հանդիպումները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Իրանի նախագահ Հասան Ռոհանիի, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի, Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ:

«Նիստերի օրակարգը հագեցած է: Տեղի կունենան նեղ և ընդլայնված կազմերով նիստեր: Օրակարգում ընդգրկված են 2018 թ.-ի բյուջեի կատարման հաշվետվության, 2020 թ.-ի բյուջեի, գազի փոխադրման և մատակարարման ոլորտում օրենսդրական ներդաշնակեցման, 2020 թ.-ի միջազգային գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ հարցեր: Քննարկվելու է նաև ԵԱՏՄ ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման կոնցեպցիան։ Ավելորդ է նշել, որ այս բոլոր հարցերը ուղիղ առնչություն ունեն մեզ հետ և Հայաստանը ամենաակտիվ կերպով ներգրավված է այս փաստաթղթերի մշակման և վերջնական տեսքի բերելու գործընթացներում։ Ընդհանուր առմամբ տասնվեց հարց է ներգրավված երեւանյան նիստի օրակարգում»,- նշեց Կարապետյանը։

ՀՀ վարչապետի խոսնակը հատկանշական անվանեց այն, որ առաջին անգամ ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին մասնակցում են աննախադեպ քանակի լիդերներ: «Հատուկ ուզում եմ ընդգծել, որ նաև վերջին ամիսներին Հայաստանի առաջնորդությամբ տեղի ունեցան ակտիվ շփումներ Սինգապուրի և ԵԱՏՄ միջև, որի արդյունքում միանգամից երեք փաստաթուղթ է ստորագրվելու Երևանում։ Դրանցից են՝ համապարփակ տնտեսական համագործակցության, Ազատ առևտրի, առևտրի և ներդրումների մասին կարևորագույն և բովանդակային փաստաթղթերը։ Հատկանշական է, որ դա արվելու է Հայաստանի նախագահության ժամանակաշրջանում։ Նաև նշեմ, որ, ձեռք բերելով առևտրի, տնտեսական համագործակցության և ներդրումների համար փայլուն հնարավորությունները, Հայաստանը դառնում է կապող օղակ ԵԱՏՄ անդամ պետությունների և Սինգապուրի միջև»,- նկատեց նա:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4