December 10, 2019

Կան պարտավորություններ,որ «Լիդիանը» ստանձնել է. Հիմքեր չունենք արգելափակելու. Վարչապետի խոսնակ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը:

– Այսօրվա ամենաթեժ թեման Ամուլսարի թեման է, որը թարմացավ վարչապետի ելույթից հետո. որոշումն ընդունված է. Ամուլսարը, ամենայն հավանականությամբ, կշահագործվի՝ ըստ կառավարության դիրքորոշման: Այս որոշումը կայացվեց նախորդ շաբաթվա հանդիպումների, քննարկումների արդյունքո՞ւմ, թե՞ ավելի վաղ է ծնվել:

– Կարծում եմ, որ վերջնական որոշումը, ինչի մասին խոսեց վարչապետը, հասունացավ շաբաթ օրվա հանդիպումից հետո, այդ հանդիպման տեսանյութը տեղակայված է կառավարության կայքում, հասանելի է: Վարչապետն այդ հանդիպման ընթացքում հստակ հարցեր ուղղեց շահագործող ընկերության տնօրենին՝ հարցնելով մտահոգությունների մասին և ակնկալելով հստակ պատասխաններ: Խոսքը վերաբերում է օդի, ջրի աղտոտմանը, աղմուկին, բոլոր այն մտահոգություններին, որոնց մասին հասարակությունը բարձրաձայնում է:

– Եվ ոչ միայն հասարակությունը, այլ նաև մասնագիտական շրջանակները:

– Այո՛: Կան պարտավորություններ, որոնք «Լիդիանը» ստանձնել է շրջակա միջավայրի ազդեցության գնահատումը կազմելիս, և թեև կան հարցականներ, և ELARD-ն էլ բարձրաձայնեց, որ ելքային տվյալները ոչ միշտ են համապատասխանում իրականությանը, բայց մեզ հետաքրքրում են ստանձնած պարտավորությունները, որոնք ամրագրված են ՇՄԱԳ-ով, և տնօրենը հաստատեց, որ այդ բոլոր պարտականություններն իրենք ամբողջությամբ իրականացնելու են, ավելին՝ մեր հույսը միայն տնօրենի հավաստիացումները չեն, և վարչապետը մի քանի անգամ, նաև այսօր այդ մասին ասաց. մեր ամբողջ վստահությունը գալիս է նրանից, որ մենք թե՛ պետական մակարդակով՝ համապատասխան ստորաբաժանումների միջոցով վերահսկողություն ենք իրականացնելու, թե՛ ներգրավելու ենք այն հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, որոնք նախանձախնդիր են, մտահոգություններով լի են և ամեն բան ուզում են անել, որպեսզի որևէ լուրջ միջամտություն բնությանը, շրջակա միջավայրին չլինի: Այսինքն՝ ոչ միայն կառավարությունը, այլ նաև հասարակությունն է իր խողովակներով վերահսկելու:

– Հասարակության ներկայացուցիչները քիչ առաջ մեզ հետ զրույցում այնպիսի փաստարկներ էին բերում, որոնք, ի դեպ, ELARD-ի եզրակացության մեջ կան, որոնցից ելնելով և հայտնի տեսակապից հետո այս խնդրի լուծման այլ ընթացք էր ենթադրվում: Վարչապետը և շատերը խոսում էին հանքը չշահագործելու օգտին, բայց հիմա կայացվում է որոշում հանքը շահագործելու օգտին: Չստեղծվի տպավորություն, որ այս կառավարությունը ամեն գնով գնում է հանքը շահագործելու ճանապարհվ:

– Չի կարելի խոսել ամեն գնով շահագործելու ճանապարհով գնալու մասին. ավելին՝ վարչապետն այսօր այլ բան է ասում, շեշտադրումը մի փոքր այլ է. նա ասում է՝ մենք հիմքեր չունենք արգելափակելու այն գործունեությունը, որն ուզում է իրականացնել «Լիդիանը», դեռ շահագործելու մասին խոսք լինել չի կարող այս փուլում, դեռ պետք է տևական ժամանակ շինարարական աշխատանք տարվի՝ 6-7 ամիս, կարող են ինչ-որ թեթև հողային աշխատանքներ լինել, հակառակ դեպքում մենք տուժում ենք, մեր վարկանիշը՝ որպես ներդրումային երկրի, մեր պարտավորությունների իրականացումը. մենք տուժում ենք, և հաշվի առնելով այն ռիսկերը, որ կան, վարչապետը դիմեց այն մարդկանց, որոնք արգելափակում են «Լիդիանի» աշխատակիցների մուտքը, և խնդրեց, որ այդ ճանապարհը բացվի:

– Այսինքն՝ եթե ավելի պարզ խոսենք՝ եկեք թույլ տանք շահագործվի, եթե պետք լինի տեղնուտեղը կփակե՞նք:

– Բացենք ճանապարհը. առաջին հերթին սա: Թող «Լիդիանը», որը հարյուրավոր միլիոնների հասնող ներդրումներ է արել, գնա, պատկերացում կազմի, թե ինչ վիճակում է իր գույքը, հասկանա, թե ե՞րբ կարող է ձեռնամուխ լինել կառուցման աշխատանքներին:

– Իմիջիայլոց, այդ ներդրումներն էլ են կասկածի տակ առնվում, ասվում է, որ այդ 400 միլիոն ներդրումն Ամուլսարում խիստ կասկածելի է: Մեզ դա պետք է հետաքրքրի՞, թե՞ ոչ:

– Անշուշտ, և մենք էլ այս պահին ամբողջական տեղեկություններ չունենք:

– Բա ինչո՞ւ եք բացում այն մարդու ձեռքերն աշխատելու, որն արդեն կասկածելի է:

– Մենք հիմքեր չունենք արգելափակելու: Ինչպես վարչապետն այսօր ասաց, կառավարությունները, իշխանությունները կարող են այնպիսի գործողություններ անել, որոնց վերաբերյալ ունեն լիազորություններ: Հիմա մենք չունենք լիազորություն շարունակելու այս գործողությունը, սա ապօրինի է, և որոշումը շատ հստակ է:

– Հարգելի՛ Վլադիմիր, վարչապետի միտքն եմ մեջբերում. «Երբ գնում ենք հանքը շահագործելու ճանապարհով, ապա բոլոր ռիսկերի կառավարման ղեկը Հայաստանը պահում է իր ձեռքում»: Ինչու ավելի պարզ չի խոսում վարչապետը, Ձեր օգնությամբ կցանկանայի հասկանալ, թե ինչ ռիսկեր են:

– Պարզ է խոսում, պարզապես նա մի քանի խնդիրների մասին խոսեց:

– Ո՞ր ռիսկն է մնում մեր ձեռքում, և հակառակ դեպքում՝ որը չի մնում:

– Հիմնական խնդիրը, որ կարող էր առաջանալ, հիմնականում կապված է նրա հետ, թե մեզ ինչպես են վերաբերվելու գործընկեր պետությունները, այն պետությունները, որոնք մտածում են ներդրումներ իրականացնել մեր երկրում, և որոնք հարցեր են բարձրացրել, և մենք լեգիտիմ ձևով մինչև վերջերս կարողանում էինք դիմագրավել՝ ասելով, որ կանչել ենք հեղինակավոր փորձագիտական ընկերությանը, որի արդյունքներով արդեն որոշումներ կկայացնենք:

– Որի արդյունքներում հազար ու մի ռիսկեր են նկարագրվում:

– Ճիշտ եք, բայց միևնույն ժամանակ, ինչպես ասաց վարչապետը, դրանք կառավարելի են դառնում այն պահից, երբ մենք նրանց թույլ ենք տալիս ստանձնել իրենց պարտավորությունները: Այն պահից, երբ մուտք գործեցին շինարարության վայր, ստանձնում են պատասխանատվություն, և կարելի է ասել՝ հայտնվում են մեր ձեռքերում (շահագործման մասին դեռևս խոսք չի կարող լինել, մեկ-մեկուկես տարի պետք է անցնի, որ սկսվի շահագործումը): Մեր ձեռքերում հայտնվել ասելով, նկատի ունենք պատկան մարմիներին՝ շրջակա միջավայրի նախարարությանը, նրա ներքո գործող տեսչությանը, նաև հասարակության վերահսկողությանը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4