October 14, 2019

Ազգային ժողովում հյուրընկալվել է Շվեդիայի Թագավորության խորհրդարանի նախագահի գլխավորած պատվիրակությունը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն օգոստոսի 26-ին ընդունել է իր հրավերով պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Շվեդիայի Թագավորության Րիկսդագի նախագահ Անդրեաս Նորլենի գլխավորած պատվիրակությանը: Ընդլայնված կազմով հանդիպմանը մասնակցել են նաեւ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը, ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներ, ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչներ:

Բացման խոսքով հանդես է եկել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

«Մեծարգո պարոն խոսնակ,

հարգարժան գործընկերներ,

դեսպաններ,

ուրախ եմ ողջունել ձեզ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում:

Բավականին թարմ են տպավորություններս հունիսին Ստոկհոլմում մեր պատվիրակության հանդիպումներից, որոնք նոր էջ բացեցին մեր երկու խորհրդարանների փոխհարաբերություններում:

Մեզ համար առանձնահատուկ նշանակություն ունի այսպիսի ներկայացուցչական պատվիրակությամբ ձեր պաշտոնական այցը մեր երկիր: Գիտեմ, որ նման կազմով Շվեդիայի խորհրդարանի խոսնակը ճամփորդում է չորս տարին մեկ անգամ, եւ մենք երախտապարտ ենք, որ դուք ընտրել եք Հայաստանն այս անգամ: Կարծում եմ, որ սա լավագույն գնահատականներից մեկն է հայ ժողովրդի կողմից անցյալ տարի իրականացված ժողովրդավարական փոփոխություններին, որոնք մեր եւ ձեր նման գործիչների ջանքերի շնորհիվ դառնում են անշրջելի: Նման այցերը նպաստում են նաեւ մեր քաղաքական երկխոսության ընդլայնմանը, որն ակտիվորեն զարգանում է:

Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, ժողովրդավարական հեղափոխության եւ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանի գործադիր եւ օրենսդիր իշխանությունները ձեռնարկում են հաստատակամ քայլեր՝ ուղղված ժողովրդավարության խորացման, օրենքի գերակայության եւ կոռուպցիայի դեմ անզիջում պայքարի գործընթացի իրականացմանը:

Ուզում եմ ընդգծել, որ հեղափոխությունից եւ դեմոկրատական փոփոխությունների հռչակումից հետո Շվեդիան անկեղծ հետաքրքրություն ցուցաբերեց մեր երկրի նկատմամբ եւ այդ գործընթացներին աջակցելու պատրաստակամություն հայտնեց: Այս համատեքստում մենք ուրախ ենք արձանագրել այս մոտեցումը եւ շատ բարձր ենք գնահատում այն:

Որպես այդ պատրաստակամության գործուն ապացույց՝ Շվեդիա կատարած իմ այցի վերջին օրը՝ հունիսի 13-ին, Շվեդիայի կառավարությունը փոփոխություն կատարեց իր համապատասխան փաստաթղթում (Swedish Reform Cooperation in Eastern Europe, Western Balkans and Turkey 2014-2020)՝ հնարավորություն բացելով ֆինանսական աջակցությունն ընդլայնելու համար:

Հարգելի գործընկերներ,

Շվեդիան իրավամբ համարվում է հասուն ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանության երկիր: Մեզ համար օրինակելի է եւ ոգեւորիչ Շվեդիայի իշխանությունների կողմից որդեգրված եւ տարիներ շարունակ իրականացվող քաղաքականությունը հասարակությունում կանանց դերի բարձրացման հարցում: Կարծում եմ՝ յոթերորդ գումարման Ազգային ժողովի կին գործընկերներս՝ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը, Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը, մեծամասնության ղեկավար Լիլիթ Մակունցը, հայ-շվեդական բարեկամական խմբի ղեկավար Հռիփսիմե Գրիգորյանը եւ մյուսները հիանալի օրինակ են կանանց համար եւ վստահաբար առաջ կտանեն կանանց զորեղացմանն ուղղված օրակարգը: Բացի այդ, Հայաստանը հայեցակարգային մոտեցում է որդեգրել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի բարեփոխումների եւ միջազգային նորմերի կիրառումն ապահովելու հարցում, եւ մենք բարձր ենք գնահատում Շվեդիայի պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանում ժողովրդավարական գործընթացներին: 

ՀՀ Ազգային ժողովի համար չափազանց մեծ նշանակություն ունեն համապարփակ միջխորհրդարանական շփումները. այս համատեքստում ցանկանում եմ ողջունել մեր խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի գործունեությունը եւ հույս հայտնում, որ նման ներկայացուցչական պատվիրակության այցը Հայաստան նշանակում է նաեւ, որ սերտ համագործակցություն կհաստատվի խմբակցությունների միջեւ:

Մեզ համար կարեւոր է նաեւ արդյունավետ համագործակցությունը միջազգային խորհրդարանական հարթակներում: Ցանկանում եմ ընդգծել շվեդ խորհրդարանականների կողմից դրական եւ խաղաղությանը նպաստող դիրքորոշումների որդեգրումը Հայաստանի համար զգայուն հարցերի շուրջ:

Մենք բարձր ենք գնահատում Լեռնային Ղարաբաղի հարցում Շվեդիայի որդեգրած հավասարակշիռ եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը համահունչ դիրքորոշումը: Եվս մեկ անգամ մեր երախտիքն եմ հայտնում Շվեդիայի խորհրդարանին Հայոց ցեղասպանության դատապարտման համար:

Շնորհակալություն եմ հայտնում 2019թ. մայիսի 2-ին Հայաստան-ԵՄ համաձայնագիրը վավերացնելու համար: Այժմ մեզ համար կարեւոր է համաձայնագրի արդյունավետ կիրարկումը:

Ամփոփելով խոսքս` վերահաստատում եմ հայկական կողմի պատրաստակամությունը շարունակելու եւ խորացնելու մեր կառուցողական երկխոսությունը»,-ասել է Արարատ Միրզոյանը:

Հանդիպման ավարտին Անդրեաս Նորլենը գրառում է կատարել ՀՀ Ազգային ժողովի պատվավոր հյուրերի մատյանում:

Այնուհետեւ բարձրաստիճան հյուրը խորհրդարանի այգում տնկել է մշտադալար եղեւնի:

Երկու երկրների խորհրդարանների ղեկավարները լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:

armtimes.com

Հայաստանի և Շվեդիայի խորհրդարանների խոսնակները քննարկել են համագործակցության հնարավորությունները

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն օգոստոսի 26-ին ընդունել է իր հրավերով Հայաստանում գտնվող Շվեդիայի Թագավորության Րիկսդագի նախագահ Անդրեաս Նորլենին:

Ողջունելով գործընկերոջը՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ դեռեւս թարմ են տպավորությունները հունիսին Շվեդիա կատարած պաշտոնական այցից, որի ընթացքում տեղի ունեցած հանդիպումները նոր էջ բացեցին հայ-շվեդական երկկողմ հարաբերություններում: Հայաստանի խորհրդարանի խոսնակը հավելել է, որ մեծ պատիվ է ընդունել իր շվեդ գործընկերոջ գլխավորած պատվիրակությանը Հայաստանում:

Անդրեաս Նորլենը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ընդգծել է, որ շվեդական կողմը շատ բարձր է գնահատում Հայաստանի հետ հարաբերությունները: Նա կարծիք է հայտնել, որ երկու երկրների միջեւ հարաբերությունները մտել են արագ զարգացման փուլ, որն ունի բավականին հավակնոտ օրակարգ:

Ըստ ԱԺ նախագահի՝ ակնհայտ է այն անկեղծ հետաքրքրությունը, որը ցուցաբերում է Շվեդիան թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացների նկատմամբ, ինչի մասին խոսում են թե՛ բարձր մակարդակի փոխայցելությունները, թե՛ Շվեդիայի կողմից Հայաստանին հատկացվող ֆինանսական աջակցության շոշափելի աճը: Արարատ Միրզոյանը նշել է, որ հայկական կողմը մեծ ցանկություն ունի համագործակցելու տեղեկատվական տեխնոլոգիաների, վերականգնվող էներգետիկայի, ջրային եւ անտառային ռեսուրների կառավարման, հանքարդյունաբերական թափոնների կառավարման եւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում:

Շվեդիայի խորհրդարանի ղեկավարի կարծիքով՝ խորհրդանշական է այցը Հայաստան հատկապես այն ժամանակաշրջանում, երբ Շվեդիան տոնում է իր ժողովրդավարության 100-ամյակը: Նա հավելել է, որ նման ներկայացուցչական կազմով, որն ընդգրկում է Րիկսդագի բոլոր փոխխոսնակներին եւ քաղաքական խմբերի ղեկավարներին, Շվեդիայի խորհրդարանն այցելություն է ունենում միայն 4 տարին մեկ անգամ: Նա կրկին վերահաստատել է շվեդական կողմի պատրաստակամությունն աջակցելու Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական փոփոխություններին եւ կայուն ազատ շուկային միտված բարեփոխումների ընթացքին:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4