October 21, 2019

Հանդիպմանը հասկացա, որ վարչապետի ցանկությունը հարցն իրավական ճանապարհով լուծելն է․ Գարեգին Միսկարյան

Հայարփի Բաղդասարյան

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործադիր մարմնի ղեկավար Սուրեն Սահակյանն ու գործադիր մարմնի անդամ Գարեգին Միսկարյանը նախօրեին հանդիպում են ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ եւ քննարկել Ամուլսարի ոսկեբեր հանքի հնարավոր շահագործման հարցը։

Հանդիպման նախաձեռնողը եղել է ՀՀ վարչապետը, եւ ինչպես մեր զրույցում ասաց ՔՈ գործադիր մարմնի անդամ Գարեգին Միսկարյանը՝ զրույցի ընթացքում հիմնական խոսակցությունը Ամուլսարի հանքի շահագործման շուրջ է ծավալվել․ քննարկել են, բանավիճել, կանխատեսել հնարավոր զարգացումները։

Ինչ վերաբերում է հարցի լուծման տարբերակներին՝ Միսկարյանի պնդմամբ՝ դրանք, ըստ էության, շատ չեն․ մի դեպքում հանքը շահագործվում է, մյուս դեպքում՝ չի շահագործվում։

«Սկզբից, երբ նայում էի վարչապետի ֆեյսբուքյան ուղիղ եթերը, տպավորություն էր, որ նա բացարձակապես հակված է հանքի շահագործման տարբերակին, բայց հանդիպմանը հասկացա, որ վարչապետի ցանկությունը հարցն իրավական ճանապարհով լուծելն է, եւ ոչ քաղաքական որոշմամբ, որը կարող է բացասաբար ազդել պետության հետագա զարգացման վրա»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ Փաշինյանն այդ տարբերակը կարծես փորձում է հնարավորինս բացառել ու միեւնույն ժամանակ ձգտում է, որ իր որոշման մեջ հարյուր տոկոսով վստահ լինի։

ՔՈ կուսակցության ներկայացուցիչներն օրերս այցելել էին Ջերմուկ՝ հանդիպելու համայնքի բնակիչներին, քննարկելու ստեղծված իրավիճակը։ Գարեգին Միսկարյանը մեր զրույցում ասաց, որ Ջերմուկում էին՝ եւս մեկ անգամ հատուկ համոզվելու, որ ջերմուկցիների որոշումը վերջնական է եւ որ հանքը չշահագործել ցանկցակցոնղերը բացարձակ մեծամասնություն են, ոչ թե մի խումբ մարդիկ․

«Հանդիպել ենք ավագանու անդամների հետ, համայնքի բնակիչների հետ, եւ վստահաբար կարող եմ ասել, որ ջերմուկցիների գերակշիռ մեծամասնությունը, եթե չասեմ 99 տոկոսը, դեմ է հանքի շահագործմանը, եւ մենք մեր կուսակցության անդամներով մեր աջակցությունն ենք հայտնել համայնքի բնակիչներին, եւ ասել՝ քանի դեռ իրենք կանգնած են, մենք իրենց կողքին ենք եւ հետքայլ չենք անելու»։

Միսկարյանը մեր զրույցում ասաց, որ վարչապետի հետ հանդիման ժամանակ էլ ասել են, որ ամեն ինչ կանեն հանքի շահագործումն սկսելու գործընթացը իրավական ճանապարհով դադարեցնելու համար․

«Բայց եթե նույնիսկ դա մեզ ինչ-ինչ պատճառներով չհաջողվի, որովհետեւ մենք ամբողջ ռեսուրսին չենք տիրապետում, չգիտենք՝ ինչ կոռուպցիոն ռիսկեր կան հանքի շահագործման թույլտվության հետ կապված եւ այլն, մենք կարծում ենք, որ դա երկրորդական հարց է, եւ հանքի շահագործումն այս պահին մեր ժողովրդի համար ոչ այդքան բնապահապանական, որքան իրավունքի խնդիր է։ Հաշվի չի առնվում այդտեղ ապրող մարդկանց կարծիքը, իսկ դա իրավունքի ոտնահարում է։ Էլ չեմ ասում տնտեսական գործոնների մասին, թե որքանով է հանքը շահավետ, ռիսկերը որքանով են մեծ, որ գուցե հնարավոր է «Լիդիանը» սնանկանա շահագործման ընթացքում, քանի որ այդ ընկերության ֆինասնական վիճակը հիմա շատ ծանր է»,- ասաց Միսկարյանը՝ ընդգծելով, որ ջերմուկցիները միանշանակ դեմ են հանքի շահագործմանը, իսկ իրենք կանգնած են քաղաքացիների կողքին։

Մեր զրուցակիցը նկատեց, որ ներկա քաղաքական այրերը շատ են բարձրաձայնում, որ անվերապահորեն աջակցում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որ նրա հետ կիսում են այս որոշման պատասխանատվությունը, եւ դիմելով նրանց՝ ասաց, որ Փաշինյանի խնդիրը ոչ այդքան պատասխանատվությունը կիսողների քանակի մեջ է, որքան ճիշտ որոշում կայացնելու օգնության։

«Այդ մարդիկ ավելի լավ կլինի, որ իրենց ունեցած ինֆորմացիայով կիսվեն, փորձեն պարոն Փաշինյանին օգնել կայացնել պետության համար այս կարեւոր փուլում ճիշտ որոշում, որովհետեւ հանքի շահագործման որոշումը կարող է բացասաբար անդրադառնալ պետության հետագա զարգացման վրա»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

armtime.com

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4