October 21, 2019

Հայաստանի վրա ճնշում կա առնվազն հորդորների մակարդակով․ պիտի աշխատենք մի կողմից Իրանի, մյուս կողմից՝ ԱՄՆ-ի հետ

«Հայաստան-Իրան հարաբերությունները ՀՀ-ի համար կենսական ոլորտ է, հետևաբար այս ոլորտում Հայաստանը պետք է դուրս մնա Միացյալ Նահանգների գործողությունների ընդհանուր տրամաբանությունից և ունենա ինչ-որ առումով արտոնյալ կարգավիճակ։ Եվ դրան պետք է հասնել Միացյալ Նահանգների հետ դիվանագիտական ինտենսիվ և ակտիվ աշխատանքի շնորհիվ»։

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) դեսպան Սեյյեդ Քազեմ Սաջջադին ավարտում է իր դիվանագիտական քառամյա առաքելությունը մեր երկրում և այս առիթով Հայաստանի Անվտանգության խորհրդի գրասենյակում հյուրընկալվել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին՝ հայ գործընկերոջը տեղեկացնելով իր պաշտոնավարման չորս տարիների ընթացքում կատարած աշխատանքի մասին ու շնորհակալություն հայտնելով անցնող ժամանակահատվածում Հայաստանի տարբեր գերատեսչությունների՝ ԻԻՀ դեսպանությանը ցուցաբերած աջակցության համար: Արմեն Գրիգորյանն էլ իր հերթին նշել է, որ երկու հարևան ու բարեկամ երկրները՝ Հայաստանն ու Իրանը, հազարամյակների ընթացքում ապացուցել են բարձր մակարդակի քաղաքական, տնտեսական ու մշակութային հարաբերությունները պահպանելու ու զարգացնելու երկուստեք ցանկությունը:

Սա լավ առիթ է մեր երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթ ու կարևորագույն ուղղություններից մեկի՝ հայ-իրանական հարաբերությունների վիճակը քննարկելու և Հայաստանում տեղի ունեցած հայտնի փոփոխություններից հետո վերջին մեկ տարվա ընդհանուր դինամիկան հասկանալու, գնահատելու համար՝ հատկապես հաշվի առնելով ԱՄՆ-Իրան հարաբերությունների կտրուկ սրումը վերջին ամիսներին, Իրանի շուրջ ռեգիոնում ստեղծված իսկապես պայթյունավտանգ իրավիճակը, Թրամփի հակաիրանական լայնածավալ արշավի ու ամերիկյան նոր պատժամիջոցների  հնարավոր բացասական ազդեցության ռիսկերը Հայաստանի համար։ Թավշյա հեղափոխությունից հետո հայ-իրանական շփումները բարձր մակարդակով շարունակվում են։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Իրանի նախագահ Հասան Ռոհանին հանդիպեցին Նյու Յորքում։ Ս․ թ․ փետրվարի վերջին վարչապետ Փաշինյանն առաջին անգամ պաշտոնական այցով մեկնեց Թեհրան, որտեղ ևս տեղի ունեցան հայ-իրանական բարձր մակարդակի բանակցություններ։ Հենց այս այցի ընթացքում Փաշինյանը հանդես եկավ խիստ ուշագրավ հայտարարությամբ՝ ասելով, թե Հայաստանը պատրաստ է տարանցիկ երկիր դառնալ իրանական գազի համար։ Հուլիսի սկզբին աշխատանքային այցով Իրանի մայրաքաղաք մեկնեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ մասնակցելու Հայաստան-Իրան միջկառավարական համատեղ հանձնաժողովի 16-րդ նիստին։ Այս այցի ընթացքում էլ կողմերը քննարկել են մի շարք առանցքային ոլորտներում, այդ թվում՝ էներգետիկ, առևտրատնտեսական, տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման բնագավառներում փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները։ Այցից հետո Իրանի Էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանը հայտարարեց, թե Հայաստանին մատակարարվող իրանական գազի ծավալները կարող են աճել։ Փոխվարչապետը հաստատեց «Գազ՝ ապրանքների դիմաց» գործարքի շուրջ բանակցությունների մասին լուրը՝ նաև տեղեկացնելով, որ Իրանում պայմանավորվածություն է ձեռք բերվել Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման 3-րդ գծի կառուցման ավարտի վերջնաժամկետի շուրջ․ աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել 18 ամսից, ինչը հնարավորություն կտա մեծացնել գազի և էլեկտրաէներգիայի փոխանակման ծավալները երկու երկրների միջև։

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանը։

– Պարոն Ոսկանյան, այսպիսով մեր զրույցի առիթն այն է, որ Իրանի դեսպան Սեյյեդ Քազեմ Սաջջադին ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում։ Ի՞նչ կասեք, ընդհանուր առմամբ, իր գործունեության մասին։ Որքանո՞վ նա նպաստեց հայ-իրանական հարաբերությունների զարգացմանը, և ի՞նչ վիճակում են Հայաստան-Իրան հարաբերությունները, ի՞նչ մարտահրավերներ կան։ Ի միջի այլոց, Սեյյեդը իր անվան մի մա՞սն է, թե՞ պարզապես նշանակում է «պարոն»։

– Սեյյեդը նշանակում է, որ նա սերում է մարգարեի կամ իմամների տոհմից։ Ընդհանուր առմամբ, եթե գնահատենք Իրանի Իսլամական Հանրապետության՝ արդեն իր առաքելությունն ավարտող դեսպանի գործունեությունը, ապա այն պետք է միանշանակորեն դրական արձագանքի արժանանա, որովհետև դեսպանի պաշտոնավարման ընթացքում տեղի են ունեցել մի շարք կարևոր իրադարձություններ, որոնք նպաստել են հայ-իրանական հարաբերությունների ամրապնդմանը։ Խոսքը վերաբերում է նախ և առաջ այնպիսի կարևոր հանգամանքի, ինչպիսին երկու պետությունների միջև վիզային ռեժիմի չեղարկումն էր, որի արդյունքում թե՛ Իրանի և թե՛ Հայաստանի քաղաքացիները հնարավորություն ստացան փոխայցերի միջոցով ավելի  լավ ճանաչել միմյանց։ Եվ բացի դրանից, վիզային ռեժիմի չեղարկման գործընթացը սկզբնական շրջանում բերեց դեպի Հայաստան զբոսաշրջության թվի հսկայական աճի ու նաև հանգեցրեց նրան, որ հատկապես ՀՀ Սյունիքի մարզի բնակիչները ստացան Իրան մուտք գործելու և տեղում առևտուր անելու հնարավորություն։ Այսպիսով, հայ-իրանական սահմանային անցակետը փաստացիորեն վերածվեց չափազանց գործուն մի դռան, որի միջոցով ոչ միայն հնարավորություն է ստեղծվել միջպետական հարաբերությունները ամրապնդելու, այլև ավելացնելու և ընդլայնելու շփումները երկու պետությունների հասարակ քաղաքացիների միջև։

Մյուս կարևոր ոլորտը, որին պետք է անդրադառնալ, Հայաստան-Իրան հարաբերությունների համար կարևորություն ներկայացնող էներգետիկ տիրույթն է։ Այս տիրույթում էլ փաստացիորեն սկսվեց Հայաստան-Իրան երրորդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի շինարարության աշխատանքը, և հուսով ենք, որ այդ աշխատանքները կավարտվեն առաջիկայում, ինչի արդյունքում կմեծանան «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» գործարքի ծավալները։ Դրանք առնվազն կկրկնապատկվեն և նույնիսկ խոսք կա, որ կարող են եռապատկվել։

Բնականաբար, դեսպանի պաշտոնավարման ընթացքը համընկավ նաև Իրանի համար այնպիսի ծանր ժամանակաշրջանի հետ, հատկապես վերջին մեկ տարվա ընթացքում, երբ Միացյալ Նահանգները դուրս եկավ միջուկային համաձայնագրի շրջանակներից, և Իրանի հանդեպ սկսեցին կիրարկվել լրացուցիչ պատժամիջոցներ, որի արդյունքում որոշակիորեն ռիսկային իրավիճակ առաջացավ նաև հայ-իրանական հարաբերությունների որոշ հատվածներում։ Խոսքը վերաբերում է մասնավորապես բանկային համակարգին, իրանական ավիափոխադրողներին և որոշ այլ ոլորտների։

Բայց կրկնեմ՝ ընդհանուր առմամբ դեսպան Սաջջադիի գործունեությունը չափազանց կարևոր և դրական էր երկու պետությունների հարաբերությունները թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական և թե՛ մշակութային մակարդակներում ամրապնդելու տեսանկյունից։ Ուստի կարծում եմ՝ նրա հասցեին պետք է հղել երախտիքի խոսքեր։

– Դուք անդրադարձաք երկկողմ հարաբերությունների առանցքային ոլորտներից մեկին՝ էներգետիկային։ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի՝ Թեհրան կատարած վերջին այցից հետո Իրանի Էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանը հայտարարել է, որ Իրանի և Հայաստանի միջև բանակցություններ են ընթանում «սվոփ» տարբերակով «գազ՝ ապրանքների դիմաց» գործարք կնքելու հարցի շուրջ։ Այս գործարքը, Ձեր կարծիքով, որքանո՞վ կնպաստի հայ-իրանական էներգետիկ համագործակցության ընդլայնմանը։

– Կարծում եմ՝ այս ոլորտը չափազանց կարևոր է, քանի որ այս ոլորտում կա լուրջ ներուժ, որի օգտագործումը բխում է երկու երկրների շահերից։ Բայց այդ ներուժն օգտագործելու համար անհրաժեշտ են հմտություններ և եռանդուն աշխատանք։ Խոսքը վերաբերում է թե՛ «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» գործարքի ծավալների ավելացմանը, թե՛ իրանական գազը Հայաստանի տարածքով դեպի այլ երկրներ տարանցելու նախագծին, թե՛ ավելի հեռանկարային, ավելի ուշ ապագային միտված՝ իրանական գազի համար դեպի Եվրոպա հյուսիսային ելք ապահովելու խնդրին, թե՛ եռակողմ՝ Հայաստան-Իրան-Թուրքմենստան ձևաչափով գազային համագործակցության ձևավորմանը և թե՛ քառակողմ ձևաչափերի ստեղծմանը՝ հարևան Վրաստանի ներգրավմամբ։ Հետևաբար, այս ուղղությամբ, կարծում եմ, աշխատանքները պետք է տարվեն չափազանց մեծ ինտենսիվությամբ, որովհետև, կրկնեմ, դրանք բխում են այդ բոլոր ծրագրերին մասնակից կամ պոտենցիալ մասնակից պետությունների շահերից։

– Փետրվարի վերջին Հայաստանի վարչապետը Թեհրանում չափազանց կարևոր հայտարարություն արեց՝ ասելով, որ Հայաստանը պատրաստ է տարանցիկ երկիր դառնալ իրանական գազի համար։ Սրանք առայժմ մնում են պարզապես խոսքե՞ր։ Տեսնո՞ւմ եք արդյոք հեռանկարներ այս գաղափարը վերջապես կյանքի կոչելու համար։ Առանց ռուսական «Գազպրոմի» համաձայնության՝ այս նախագծի իրականացումը հնարավո՞ր է։

– Ընդհանուր առմամբ, Հայաստանը կարող է դառնալ իրանական գազի տարանցման կարևորագույն օղակներից մեկը։ Ակնհայտ է, որ Հարավային Կովկասի գազային ոլորտում լուրջ շահեր ունի նաև Ռուսաստանի Դաշնությունը՝ ի դեմս ձեր մատնանշած «Գազպրոմ» ընկերության։ Բայց չեմ կարծում, թե շահերի հակասություն կա, որովհետև ակնհայտ է, որ իրանցիներն ունեն հեռագնա ծրագրեր՝ վաղ թե ուշ սեփական գազը Եվրոպա հասցնելու տեսանկյունից։ Եվ այս առումով Իրանը այն պետություններից է, որը նախանշած գրեթե բոլոր ուղենիշներին հասնում է՝ լինի դա Հայաստանի տարածքով, թե առանց Հայաստանի ներգրավման։ Հետևաբար, նաև ռուսական կողմի շահերից է բխում այս ծրագրում ներգրավվելը, որովհետև իրականության մեջ, եթե ծրագիրը վաղ թե ուշ իրականացվելու է՝ ավելի խելամիտ է, որ այդ ծրագրի հանդեպ մոտեցումը լինի մասնակցային։ Սա կարող է նաև կարևոր լծակ հանդիսանալ Ռուսաստանի համար՝ իր ազդեցությունը մեծացնելու Վրաստանում, ինչը, կարծում եմ, բխում է ռուսական աշխարհաքաղաքական շահերից։ Այլ կերպ՝ եթե կարողանում ենք Հայաստանի օժանդակությամբ Վրաստանին առաջարկել այլընտրանքներ ադրբեջանա-թուրքական կախվածությունը թուլացնելու համար, ապա դա բխում է թե՛ Վրաստանի, թե՛ մեր պետության, թե՛ Ռուսաստանի և թե՛, բնականաբար, Իրանի շահերից։

– Որոշ փորձագետներ կարծում են, որ Ռուսաստանն այսօր շատ կարևոր գործընկեր է դարձել բարդ վիճակում հայտնված Իրանի համար, քանի որ կրկին սրվել են հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ, չեղարկման վտանգի տակ է միջուկային համաձայնագիրը, հետևաբար նաև փակվում են Արևմուտքի հետ հարաբերությունների բարելավման հեռանկարները։ Եվ այս իրավիճակում Իրանը նման քայլ չի անի, քանի որ Իրանն ավելի շատ մրցակից է Ռուսաստանին էներգետիկ ոլորտում, քան գործընկեր, բայց ստեղծված պայմաններում, հատկապես մերձավորարևելյան քաղաքականության գետնի վրա, ունի Ռուսաստանի աջակցության կարիքը։

– Ակնհայտ է, որ իրանա-ռուսական հարաբերությունները՝ հատկապես սիրիական ճակատներում համագործակցության առումով, բավական սերտացել են, և այդ սերտացմանը նպաստել են Միացյալ Նահանգների պատժամիջոցները երկու պետությունների նկատմամբ։ Բայց կրկնեմ՝ այս ծրագրերը չեն հակասում կողմերից որևէ մեկի շահերին։ Խոսքը իրանական գազի տարանցման մասին է, այլ ոչ թե այն մասին, որ իրանական գազը կարող է հանդես գալ Հայաստանում որպես ռուսական գազի այլընտրանք։ Հետևաբար, կարծում եմ՝ ռուսական կողմն էլ շահագրգիռ մոտեցման դեպքում պետք է դրսևորի մասնակցային դիրքորոշումներ։ Ռուսաստանի Դաշնությունը գերտերություն է և այդ գերտերության քաղաքական ու տնտեսական վերնախավերի տարբեր մակարդակներ կան, որոնց մեջ կան բավական լուրջ մարդիկ, ովքեր գիտակցում են այս ծրագրի կարևորությունը ռուսական շահերի տեսանկյունից։

– Տրանսպորտային միջանցքների կառուցման հայտնի նախագծերի իրականացման հարցում ինչ-որ առաջընթաց կա՞։ Խոսքը, մասնավորապես, Օմանի ծոց-Պարսից ծոց-Սև ծով տնտեսական-տրանսպորտային միջանցք ստեղծելու Իրանի ձգտումների մասին է, որն էլ իր հերթին կապվում է չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» (The Belt and Road Initiative) տնտեսական մեգանախագծի հետ։

– Ցավոք սրտի, Պարսից ծոցը Սև ծովին կապող միջանցքի շրջանակներում մեր ենթակառուցվածքների արդիականացման ուղղությամբ աշխատանքներ գրեթե չեն իրականացվել։ Սա ցավով եմ նշում, որովհետև «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու շինարարությունը ինչպես եղել է, պատկերավոր ասած, ոլորապտույտում, այդպես էլ մնում է այդ վիճակում։ Իսկ նման ճանապարհի առկայությունը կարևորագույն գործոն է Պարսից ծոցը Սև ծովին կապող միջանցքում Հայաստանի լրջագույն դերակատարության համար։ Այդ միջանցքի կարևորությունը և դրանում Հայաստանի ներգրավվածությունը բազմիցս շեշտադրվել է նաև իրանական կողմից։ Այս ծրագիրն ունի ոչ միայն տնտեսական նշանակություն Հայաստանի համար, այլ չափազանց կարևոր է մեր պետության դիրքերը տարածաշրջանում ամրապնդելու կամ, այլ խոսքերով՝ մեր կենսական շահերը ապահովելու առումով, որովհետև նման ծրագրերն են, որ Հայաստանին, ըստ էության, դուրս են բերելու ադրբեջանա-թուրքական շրջափակումից։
Տրանսպորտային ծրագրերի երկրորդ բաղադրիչը, բնականաբար, Հայաստան-Իրան երկաթուղին է, որը թեև ֆինանսական գնահատականներով բավական թանկ արժեցող ծրագիր է, բայց կրկնեմ՝ եթե նկատի ունենանք դրա աշխարհաքաղաքական նշանակությունը, այլ խոսքերով՝ մեր պետությունը շրջափակումից դուրս բերելու տեսլականը, ապա չեմ կարծում, որ այս ծրագրի ֆինանսական բաղադրիչը պետք է գերակա լինի աշխարհաքաղաքական շահին։ Համապատասխան աշխատանքների դեպքում առնվազն մենք պետք է ջանանք այս ծրագիրը պահել օրակարգում և օրնիբուն աշխատելով՝ գտնել այդ ֆինանսավորումը, անհրաժեշտ ֆինանսական միջոցները՝ հատկապես հաշվի առնելով ձեր նշած չինական խոշոր ծրագիրը՝ միտված «Մետաքսի ուղու» վերակենդանացմանը։ Ըստ էության, սա մի ծրագիր է, որտեղ որոշակի հնարավորություններ կան նաև Հայաստանի շահերը առաջ մղելու տեսանկյունից։

– Շատ լավ։ Դուք գիտեք, որ վերջին ամիսներին միջազգային լրահոսի ամենաքննարկվող հարցերից մեկը Իրանի շուրջ ստեղված իրավիճակն է։ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը շատ ուշագրավ ուղերձով հանդես եկավ Վաշինգտոնում՝ ասելով, թե «մենք կցանկանանք, որ Միացյալ Նահանգները չգործադրի Հայաստանի վրա՝ իրանական պատժամիջոցների օրակարգում ներգրավելու նպատակով»։ Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Լին Թրեյսին ավելի ուշ Երևանում հայտարարեց, թե Միացյալ Նահանգները հասկանում է, որ հարավային սահմանը չափազանց կարևոր է Հայաստանի համար և չի խնդրում ՀՀ-ին դադարեցնել  Իրանի հետ առևտուրը։ Ձեր կարծիքով կամ Ձեր գնահատմամբ, տեղեկություններով՝ իրանա-ամերիկյան դիմակայությունը և Իրանի դեմ սահմանված ամերիկյան նոր պատժամիջոցները ազդո՞ւմ են Հայաստանի և հայ-իրանական հարաբերությունների վրա, թե՞ ոչ։ Եվ կա՞ արդյոք ճնշում Հայաստանի վրա, թե՞ ոչ։

– Ակնհայտ է, որ Հայաստանի վրա կա ճնշում։ Այդ ճնշումը ոչ բոլոր դեպքերում կարող է դրսևորվել կոշտ միջոցներով, բայց առնվազն հորդորների մակարդակով ակնհայտ է, որ նմանատիպ ճնշում կա մեզ վրա՝ սահմանափակելու Իրանի հետ համագործակցությունը։ Խոսքը վերաբերում է ոչ թե առկա առևտրի ծավալների պահպանմանը մեր պետության շահերի տեսանկյունից, այլ ակնհայտորեն այդ ծավալների մեծացմանը և այլ ոլորտներում հայ-իրանական հարաբերությունների զարգացմանը, ինչը, բնականաբար, ձեռնտու չէ Միացյալ Նահանգներին՝ հաշվի առնելով Նահանգների ներկայիս վարչակարգի դիրքորոշումները Իրանի նկատմամբ։ Բայց կարծում եմ՝ ամեն դեպքում յուրաքանչյուր պետություն առաջնորդվում է և պետք է առաջնորդվի նախ և առաջ իր պետական շահերով։ Բնականաբար, Հայաստանի պես պետությունները պետք է որոշակիորեն հաշվի նստեն նաև այլ խաղացողների շահերի հետ, բայց պայմանով՝ եթե դրանք ուղղակի հակասության մեջ չեն գտնվում մեզ համար կենսական ոլորտների հետ։ Իսկ Հայաստան-Իրան հարաբերությունները ՀՀ-ի համար կենսական ոլորտ է։ Հայաստան-Իրան սահմանը մեր պետության անվտանգության կարևորագույն բաղադրիչն է։ Հետևաբար՝ այս ոլորտում, կարծում եմ, Հայաստանը պետք է դուրս մնա Միացյալ Նահանգների գործողությունների ընդհանուր տրամաբանությունից և ունենա ինչ-որ առումով արտոնյալ կարգավիճակ։ Եվ դրան, բնականաբար, պետք է հասնել Միացյալ Նահանգների հետ,- որը, ի դեպ, Հայաստանի համար գործընկեր պետություն է,- դիվանագիտական ինտենսիվ և ակտիվ աշխատանքի շնորհիվ։ Այլ խոսքերով՝ Հայաստանը մի կողմից պիտի աշխատի Իրանի հետ զարգացնելու երկկողմ հարաբերությունները, մյուս կողմից՝ Միացյալ Նահանգների հետ, որպեսզի վերջինս չխոչընդոտի այդ հարաբերությունների զարգացմանը, որովհետև, կրկնեմ, այդ հարաբերությունները ապահովում են մեր պետության անվտանգությունը կամ, այլ խոսքերով՝ ՀՀ-ում ապրող քաղաքացիների կենսական շահերն են սպասարկում։

– Կարո՞ղ ենք ասել, որ Դուք, ըստ էության, արդեն պատասխանեցիք այն հարցին, թե Հայաստանը ինչպե՞ս պիտի փորձի խուսանավել երկու բարեկամ պետությունների միջև։

– Ըստ էության կարելի է այդպես ասել։ Եվ մի կարևոր հանգամանք էլ կուզենայի հատկապես շեշտել՝ ցանկացած պատժամիջոց կամ մարտահրավեր ոչ միայն առաջացնում է ռիսկեր ու վտանգներ, ոչ միայն խոչընդոտում է հարաբերությունների զարգացմանը, այլ ի հայտ է բերում նաև նոր հնարավորություններ, և այդպիսի նոր հնարավորություններ բացվել են Հայաստանի առջև։ Այլ խնդիր է, թե մենք ինչքանո՞վ համարձակ կգտնվենք և ինչքանո՞վ կկարողանանք բալանսավորված դիվանագիտության շրջանակներում օգտվել այդ հնարավորություններից։ Խոսքը վերաբերում է պատժամիջոցների շրջանում նախ և առաջ Իրանի հետ այնպիսի ոլորտներում համագործակցության զարգացմանը, որոնք ուղղակիորեն կարող են իրականացվել ՀՀ տարածքում։ Մասնավորապես՝ արտադրությունների կազմակերպում, նաև որոշ դեպքերում այլ գործարքների իրականացում, որն Իրանը ուղղակիորեն չի կարող կատարել աշխարհի շատ երկրների հետ։

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4