October 21, 2019

Գյումրիում տոնվեց Երիտասարդների միջազգային օրը (լուսանկարներ)

Երիտասարդների տոնը Գյումրիում մեկնարկեց Տեխնոլոգիական կենտրոնից: Կայացավ «Փոխակերպվող կրթություն» խորագրով համաժողովը: Այս խորագիրը 2019 թվականին նույնն է աշխարհի բոլոր երկրների համար: Կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանն ասաց, կրթության ոլորտում փոխակերպումներն անհրաժեշտություն են, բայց պետք է գտնել կիրառման ճիշտ տարբերակները: Ըստ նրա, կրթության մեջ ինչ-որ բան փոխելը մեծ դժվարությունների հետ է կապված: Մեկ փոփոխությունն իր հետ բազմաթիվ չկանխատեսված  փոփոխություններ է բերում: Առաջնային է նաեւ հոգեբանական գործոնը: «Դա տեխնիկական մի բան չի, լարը էստեղից անջատենք, մի այլ տեղ միացնենք: Պետք է լավ պլանավորենք ամեն ինչ: Առաջին հերթին պետք է մտածել ոչ միայն ինչը փոխելու, այլեւ՝ ինչը պահելու մասին: Այս առումով գիտելիքն եմ կարեւորում: Այսօր էսպիսի մոտեցում կա, քանի որ google-ն ամեն ինչ գիտի, էլ սովորելու կարիք չկա, միայն հմտություններն են կարեւոր: Եվ սա երիտասարդները հաճախ սխալ են հասկանում: Ուղղակի պետտք է սովորելու ձեւերը փոխենք: Եթե առաջվա երեխան սովորում էր միայն դպրոցում եւ դասագրքերից, այսօր այդ ճանապարհները բազմազան են՝ համացանց, դասընթացներ եւ այլն: Պետք է ֆորմալ կրթությունը զուգակցել ոչ ֆորմալով՝ առավելագույն արդյունքի համար: Սրանք իրար լրացնում են: Ոչ ֆորմալ կրթությունը կարեւոր հմտություններ է տալիս, ճկուն է, արագ արձագանքում է փոփոխություններին՝ ի տարբերություն ֆորմալ կրթությանը: Բայց միայն դա բավարար չէ: Այսօրվա երիտասարդը պետք է հասկանա, որ դպրոցը տալիս է բազային, մնալուն գիտելիք: Եթե ինչ-որ բան դարեր շարունակ մնացել է, ուրեմն առաջիկա դարերում էլ կմնա: Սա է պետք կարեւորել»:Փորձագետներին լսելուց հետո երիտասարդներն իրենց նախընտրությամբ բաժանվեցին խմբերի: Կայացավ 5 աշխատարան՝ «Թվային հետք», «Տեխնոլոգիաները որպես ապագայի կրթության ուղենիշ», «Ինքնաճանաչում, ինքնակրթություն», «Կամավորությունը որպես ուսուցում», «Կարիերայի պլանավորում քոչինգի էլեմենտներով» թեմաներով:Այնուհետ, Գյումրիում տրվեց «Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրի մեկնարկը: Սա հայ երիտասարդի համար մուտք է դեպի աշխարհ: Եվ ոչ միայն երիտասարդի: ԵՄ կողմից իրականացվող այս ծրագիրը հնարավորություն է տալիս հայկական կազմակերպություններին, մեդիա ոլորտի ներկայացուցիչներին, պետական կառույցների աշխատակիցներին վերապատրաստվել եւ աշխատանքային պրակտիկա ձեռք բերել ինչպես ՀՀ-ում, այնպես էլ արտերկրում: «Որոշվեց, որ Հայաստանում ծրագրի մեկնարկը տրվելու է Գյումրիում: Նման նախաձեռնությունը Գյումրի բերելը եւ միջազգային պատվիրակությանն այստեղ հյուրընկալելը մեզ համար սկզբունքի հարց էր: «Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրի մեկնարկը Գյումրիում էր, սակայն այն հասանելի է ՀՀ բոլոր քաղաքներում ու բնակավայրերում ապրող երիտասարդներին»,-ասաց ԵՆԿ հկ նախագահ Արթուր Նաջարյանը:Երիտասարդական քաղաքականությունը մեզ կարող է տանել դեպի հասարության  որակի ու գիտակ երիտասարդի աճին,- ՀԺ-ի հետ զրույցում ընդգծեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գեւորգ Լոռեցյանը: «Հենց սա է մեր զարգացման հենասյունը: Անկախ հանգամանքից, որ նախարարության ձեւակերպումից հանվել է երիտասարդություն բառը, նախարարության կազմում շարունակում է գործել Երիտասարդական քաղաքականության վարչությունը, եւ նախարարությունը մեծ տեմպերով ներգրավվել երիտասարդական քաղաքականությունն ակտիվացնելու եւ կանոնակարգելու գործում»,-ասաց նախարարի տեղակալը:Երիտասարդներն իրենց տոնը կեսօրն անց շարունակեցին Գյումրու Թատերական հրապարակում: «Էրազմուս+ Երիտասարդություն» և «Եվրոպական Համերաշխության Կորպուս» ծրագրերի տեղեկատվական տաղավարում ծանոթացան բոլոր այն հնարավորություններին, որոնցից օգտվելու պարագայում կկարողանան կրթվել, ճամփորդել, լինել Եվրապական միության անդամ երկրներում: Անցորդներն ու տարածքում գտնվողները, բացի տեղեկատվական թերթիկներից, նաեւ խորհրդանշական նվերներ ստացան:Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը շնորհավորելով երիտասարդներին, խորհուրդ տվեց լավ ուրախանալ եւ պարել: «Երկիրը Ձերն է, այն Ձեզ ենք փոխանցելու սիրելի երիտասարդներ, որ լավ կառավարեք: Կարո՞ղ եք»,-հարցրեց Սամվել Բալասանյանը: Լսելով հստակ ու վստահ հարյուրավոր «այո»-ներ, ասաց՝ շատ լավ է:Գյումրիում այս տոնն արդեն 5-րդ տարին կազմակերպում է  Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն հկ-ն՝ ՍԱԼՏՈ Արևելյան Եվրոպա և Կովկաս ռեսուրսային կենտրոնի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի, Գյումրու համայնքապետարանի և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի հետ համագործակցությամբ: Սա քաղաքապետը շատ կարեւոր քայլ համարեց: «Արդեն ավանդույթ է դարձել, որ ամեն տարի YIC-ն կազմակերպում է այս միջոցառումը: Ինձ թվում է հաջորդ տարի այս միջոցառումը կկազմակերպենք Կենտրոնական հրապարակում: Երիտասարդների համար իրականացվող բոլոր քայլերը շատ կարեւոր են, մենք կանգնած ենք Ձեր կողքին, անելու ենք ամեն ինչ, ինչը մեր հնարավորության սահմաններում  է եւ իրատեսական է, որպեսզի ավելի լավ ապրեք, արարեք, զարգացնեք մեր քաղաքները, կայանաք ինքներդ»,-ելույթի իր խոսքում ասաց Սամվել Բալասանյանը:Երիտասարդների միջազգային օրը Գյումրիում ավարտվեց տոնական համերգով: Թատերական հրապարակում էին «Adana Project» ֆոլկ ռոք բենդը,  DJ Arni Rock և Haik Solar-ը:

armtimes.com

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4