October 21, 2019

Ամուլսարի շահագործումն աղետ կլինի. ինչ կորոշի վարչապետ Փաշինյանը

«Ամուլսարի» շահագործումն աղետ կլինի: Հուսով ենք՝ կառավարությունը ողջամիտ որոշում կկայացնի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը՝ անդրադառնալով խոսակցություններին, որ այսօր կառավարությունը որոշում է կայացնելու Ամուլսարի հարցով:

Ի դեպ, շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ այդ որոշումը լինելու է դրական, և կառավարությունը համաձայնություն է տալու Ամուլսարի շահագործմանը՝ միջազգային որոշակի նորմերի խստագույնս պահպանման նախապայմանով:

Սանասարյանի խոսքով՝ հանքավայրի շահագործումը գուցե դրական լինի տնտեսության համար, տնտեսությունը գնա դեպի կայունացում, բայց որոշակի ժամանակ անց բացասական հետևանքները զգալ կտան: «Ամեն դեպքում, ես հավատում եմ, որ պետությունը, Նիկոլ Փաշինյանը պետությունը կործանող ծրագիր չի դնի շրջանառության մեջ և թույլ չի տա, որ կեղծիքներ լինեն»,- ասաց մեր զրուցակիցը:

Բնապահպանի խոսքով՝ ծրագրով նախատեսվում է, որ հանքաքարը պետք է Գնդևազ գյուղի մոտ ցիանիդային եղանակով վերամշակվի, ինչը աբսուրդ է: Ճանապարհի եզրին նման պրոցեսն անթույլատրելի է: Այն էլ՝ անմիջապես Արփա գետի եզրին: «Հավատացեք, շահագործման առաջին տարիներին իրավիճակն անհամեմատ կառավարելի կլինի, իսկ խնդիրները, ավերածությունները գլուխ կբարձրացնեն արդեն հետագա տարիներին: Էլ չեմ ասում՝ եթե երկրաշարժ կամ այլ բան լինի: Նրանք նախատեսում են պայթեցումներ անել, ինչը նույնպես Կեչուտի, Սպանդարյանի ջրամբարների համար աղետալի կլինի: Պայթեցումները աղետալի կլինեն առանց այդ էլ սողանքներով հայտնի այդ ճանապարհահատվածների համար»,- ասաց նա:

Հակոբ Սանասարյանի խոսքով՝ Ամուլսարի մասով նշանակված փորձաքննությունը, որը վստահված էր լիբանանյան «Էլարդ» ընկերությանը, այնքան էլ օբյեկտիվ չի կարող լինել, քանի որ, ըստ որոշ տեղեկությունների, այդ ընկերությունն աշխատել է «Լիդիան Արմենիա» ընկերության հետ, տարիներ շարունակ «Լիդիանի» շրջանառության մեջ դրած փաստաթղթերն է ուսումնասիրել: «Ի՞նչ է նշանակում՝ շահագրգիռ կողմը դառնում է խորհրդատու: Սա շատ վտանգավոր պրոցես է: Ասեմ ձեզ, որ «Լիդիան Արմենիան» սկզբում թաքցնում էր բոլոր տվյալները, բայց 2016 թվականի ՇՄԱԳ փաստաթղթերով իրական վտանգները, իրական թվերը բոլորը ուրվագծվում են: Մասնավորապես, աղտոտման ծավալները, թթվային դրենաժով ծանր մետաղների հասանելությունը բուսական ու կենդանական աշխարհին կազդեն նրանց վերարտադրողական ֆունկցիաների վրա: Տարեկան 1.5 միլիարդ խ.մ ջուր աղտոտվելու է ծանր մետաղներով՝ Արփա և Որոտան գետերի ջուրը: Նախագծում տրված է 4440 հեկտար հող հանքարդյունաբերության տակ, բայց միժամանակ նշվում է, որ հանքավայրի շահագրծումից աղտոտվելու են անհամեմատ մեծ ծավալներ, որոնց տնտեսական և էկոլոգիական գնահատականները դժվար է տալ: Բացի այս ամենից՝ գրված է, որ Սևանա լիճը ևս աղտոտվելու է ծանր մետաղներով: Ամեն ինչ այնքան պարզ է, փակ, անհասկանալի ոչ մի բան չկա: Կառավարությունն ինքը կարող էր վճիռ կայացնել՝ առանց միջազգային փորձաքննության, և այդ 400 հազար դոլարն էլ ծախսեր պետության այլ կարիքների համար»,- ասաց Սանասարյանը:

Լիբանանյան «Էլարդ» ընկերության փորձաքննությունը, որը նշանակված էր մի քրեական գործի շրջանակներում, պետք է ուղղորդող դեր ունենա նաև կառավարության համար որոշում կայացնելիս: Ուշագրավ է, սակայն, որ բնապահպան, իրավաբան Նազելի Վարդանյանի խոսքով՝ կառավարությունը որոշում կայացնելիս ոչ մի պարագայում չի կարող հիմնվել այդ փորձաքննության եզրակացության վրա, քանի որ այդ փորձաքննությունը վերաբերելի է բացառապես այն քրեական գործին, որի շրջանակներում նշանակված էր: «Ես չեմ հասկանում, թե ինչու են բոլոր պաշտոնյաները այսպես սրտատրոփ սպասում փորձաքննության արդյունքներին։ Փորձաքննությունը նշանակվել է քրեական գործի շրջանակներում։ Այդ քրեական գործը հարուցվել է այն պատճառով, որ մեկը դիմել է և ասում է, որ պաշտոնատար անձինք ժամանակին իմացել են վտանգավոր ռիսկերը և բնակիչներին դրա մասին չեն հայտնել։ Այդ պատճառով այդ գործը հարուցվել է, և դրա շրջանակներում նշանակվել է այս միջազգային փորձաքննությունը, որը ապացուցողական նշանակություն ունի միայն ու միայն այս քրեական գործի շրջանակներում։ Այն հարցերը, որոնք առաջադրվել են փորձաքննություն կատարելիս, չեն կարող դիտարկվել այս քրեական գործի շրջանակներից դուրս։ Այն չի կարող ո՛չ կառավարության, ո՛չ էլ մեկ այլ գործի համար ապացուցողական նշանակություն ունենալ»,- վերջերս մեզ հետ զրույցում ասել էր Վարդանյանը:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4