August 18, 2019

Սուրբ պատարագով և խորհրդանշական տոնախմբություններով Հայաստանում նշվում է Վարդավառը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:

Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը` Վարդավառը, որը Հայ առաքելական Եկեղեցու  տաղավար տոներից է, այս տարի նշվում է հուլիսի 28-ին:   Սպասված տոնի կապակցությամբ բազմաթիվ միջոցառումներ են անցկացվում:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ժամը 13:00-ին բոլոր եկեղեցիներում սուրբ պատարագ է մատուցվելու, որին հաջորդելու է ջրախաղերի անցկացումը գրեթե բոլոր եկեղեցիների բակերում:

Նույն օրը համայնքային խոշոր միջոցառում է անցկացվելու Վեդիում: Իրականացվելու է տոնախմբություն, հյուրասիրություն, ջրախաղեր և այլ նախաձեռնություններ: Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցում վերաօծման արարողություն է տեղի ունենալու:

Պայծառակերպության տոնով հաստատվել է այն ճշմարտությունը, որ Հիսուսն Աստծո որդին է: Տոնի թելադրանքն է՝ սիրել Աստծուն, հետևել նրա պատվիրաններին և իրականացնել Աստծո կամքը:

Ժողովրդի շրջանում տոնն առավել հայտնի է «Վարդավառ» անունով: Այն Հայաստանի առանձին բնակավայրերում ունի անվանման տարբեր ձևեր, որոնք հիմնականում պայմանավորված են հայոց ներէթնիկ խմբերի բարբառային առանձնահատկությամբ, ինչպես նաև տոնի գլխավոր ուխտավայրերի ու առավել տարածված բաղադրիչների գերակա անվանումներով: Ինչպես օրինակ՝ Վարթավառ (Արճակ),Վարդևոր (Լոռի, Ջավախք, Կաղզվան), Վարդիվոր (Դերսիմ), Ճրճանքի օր (Շաղաթ), Ճրճան (Մարտիրոս-Վայոց Ձոր), Պալլում, Պարլում կամ Պարլամօն (Քեսաբ):

Վարդավառը համընկնում էր դաշտերում հասունացած հացահատիկի հավաքին: Տոնի օրը գրեթե ամենուր հասկեր էին տանում եկեղեցի` խնդրելով, որ դաշտերը կարկուտից և մորեխից անվնաս մնան: Ցորենի հասկերից «խաչբուռ» էին պատրաստում: Դրանք լինում էին խաչաձև, ծառի ճյուղի, ծաղկեփնջի նման և այլն:

Եկեղեցու բեմը և Ս. Սեղանը զարդարում էին հազարավոր ծաղիկներով ու վարդի փնջերով: Մինչ եկեղեցում երգում էին «Խորհուրդ խորին», «Սուրբ, սուրբ», «Մարմին տերունական», դրսում երիտասարդները աղավնի էին թռցնում: Եթե աղավնին երեք անգամ պտտվում էր սիրած աղջկա տան կտուրին, նույն աշնանը հարսնության էին տանում նրան:

Տոնի կարևոր պայմաններից է միմյանց վրա ջուր ցողելը: Հատկապես երիտասարդները, առուների եզրին կամ աղբյուրների մոտ հավաքվելով, ժամեր շարունակ ուրախ կատակներով, ճիչ ու աղմուկով ջուր են ցողում միմյանց վրա:
Վարդավառը ցնծության, կերուխումի, երգ ու պարի տոն է` ողողված վարդերով, ծաղիկներով ու ջրով:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4