December 9, 2019

Թուրքիայի իշխանությունները կփորձեն ազդել պատրիարքական ընտրությունների վրա, բայց մենք կկարողանանք ընդհանուր լեզու գտնել․ Սելինա Դողան

Ստամբուլի Շիշլի նահանգի քաղաքային խորհրդի և Պոլսո պատրիարքական ընտրությունները կազմակերպող հանձնաժողովի անդամ Սելինա Դողանի խոսքով՝ Պոլսո պատրիարքական ընտրություններն անցկացնելու համար դեռևս անհրաժեշտ է հասկանալ, թե որոնք պետք է լինեն ընտրական գործընթացի կանոնադրության մեջ փոփոխությունները։ Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ լավ կլինի, որ համայնքը ներկայացնի իր կարգավորումները:

«Նախկինում, երբ մենք խոսում էինք ընտրություններից, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մի քանի անգամ նշել է, որ մենք պետք է պատրաստենք այդ կանոնադրությունը: Մենք չունենք վերջնական կանոնադրություն պատրիարքական ընտրությունների վերաբերյալ: Մենք ունեինք, որոշակի կարգավորումներ Օսմանյան կայրությունից մնացած, բայց Թուրքիայի Հանրապետության հիմնադրումից հետո, այդ կարգավորումներից որոշները փոխվեցին»,- ասաց նա:

Սելինա Դողանը նկատեց, որ հիմա օրենսդրական կարգավորումների պակաս կա պատրիարքական ընտրությունների գործընթացում. իհարկե, այն կազմակերպվում է նաև կրոնական ավանդույթներով, բայց օրենսդրական մասը ևս պետք է լրացվի:

«Մենք հիմա պետք է Թուրքիայի իշխանություններին ներկայացնենք մեր կողմից առաջարկվող կանոնադրությունը: Բայց եթե մենք դա չանենք, նրանք կպարտադրեն իրենց պահանջները»,- ասաց նա:

Հիմա, ըստ նրա, համայնքի թվի սակավության խնդիր կա․ այլևս 100 հազարավոր հայեր չկան Թուրքիայում: «Մենք պետք է հաշվի առնենք բնակչության սակավության հանգամանքը: Պետք է ներդաշնակ դառնանք նոր իրադրության հետ: Մյուս կողմից՝ մենք պետք է հստակ որոշենք մեր ընտրողների քանակը, բացի այդ, պատրիարք ընտրողների տարիքային շեմը պետք է սկսի 18-ից,  որովհետև հիմա ընտրողների տարիքային շեմը բարձր է»,- ասաց նա՝ նշելով, որ դա իր անձնական կարծիքն է, վերջնական որոշումը, իհարկե, պատկանելու է հանձնաժողովին, որի մեկ անդամն է ինքը:

Սելինա Դողանը նշեց, որ գուցե հանձնաժողովի վերջնական որոշումը լինի չսպասելը, այլ ընդունել Թուրքիայի իշխանությունների կողմից առաջարկվող կարգավորումները:

«Իմ կարծիքով՝ մենք պետք է ամեն ինչ անենք, որ ընտրողների ձայնը լսելի լինի: Մենք պետք է գտնենք արդար ճանապարհը` ցույց տալու նրանց կամքը, իսկ մեր առաջարկած փոփոխություններով՝ ընտրությունները ավելի առողջ մթնոլորտում և անվտանգ կանցնեն»,- ասաց նա՝ հավելելով, որ դրա համար նաև ճանապարհ պետք է գտնեն Թուրքիայի կառավարության հետ աշխատելու:

«Ես հավատում եմ, որ մենք կարող ենք անել դա: Այդպես մի կողմից մենք կբավարարենք մեր կարիքները, մյուս կողմից, իհարկե, կփորձենք շարժվել նաև երկրի սահմանադրության և տեղական օրենսդրության շրջանակում»,-ասաց նա:

Այս ամենով հանդերձ՝ Սելինա Դողանը նշեց, որ իր ասածը չի նշանակում, որ Թուրքիան չի փորձի իր ազդեցությունն ունենալ Պոլսո պատրիարքական ընտրությունների վրա:

«Թուրքիայի իշխանությունները դեռևս Օսմանյան կայսրության շրջանից փորձել են ունենալ սեփական թեկնածուն ընտրություններին: Դա կանի նաև ներկայիս կառավարությունը, բայց դա չի նշանակում, որ մեր համայնքի կարծիքը չի հարգվի: Մենք պետք է կարողանանք գտնել ընդհանուր լեզու, մոտեցում, և ես վստահ եմ, որ կարող ենք դա անել: Մենք ունենք ժամանակ՝ սահմանելու մեր կարիքները, չպետք է հետաձգենք դրանք բավարարելու ժամանակը»,- ասաց նա:

Ըստ Սելինա Դողանի՝ հիմա կարևոր է նաև, որ համայնքում այս ընթացքում կուտակված հիասթափությունն անցնի: Նա նկատեց, որ մինչ հիմա պատրիարքարանում տիրող վիճակի պատճառով համայնքում ստեղծվել էր ոչ այդքան հաճելի մթնոլորտ:

«Կային տհաճ քննարկումներ: Եվ այդ մթնոլորտի պատճառով՝ հայ համայնքի մի մասն արդեն ասում էր, որ այլևս իրենց պետքը չէ, թե ինչ է կատարվում պատրիարքարանում: Հիմա արդեն նրանց տրված է հնարավորություն փոխելու իրավիճակը: Սա մի հավատ պետք է արթնացնի համայնքի մեջ՝ իրենց իշխանությունը վերականգնելու, իրենց  ապագայի նկատմամբ»,- ասաց նա:

Սելինա Դողանի խոսքով՝ հիմա, որպեսզի վստահ լինեն, որ պատրիարքական ընտրությունները դեմոկրատական ճանապարհով կգնան, պետք է իրենք ամբողջությամբ ներգրավված լինեն գործընթացում, ստուգեն թեկնածուներին. «Նրանք պետք է զգան, որ համայնքի համար կարևոր են դեմոկրատական ընտրությունները»:

Համայնքը հիմա, ըստ նրա, սպառվել է պատրիարքարանի շուրջ տեղի ունեցողից:

«Արդեն 10 տարի է անցել, որ չենք կարողանում ընտրել պատրիարք: Մենք չէինք կարողանում աշխատացնել մեր հիմնադրամները: Դրանց ղեկավարները կախված էին պատրիարքից ինչ-որ ձևով, իսկ դա ստեղծում էր հոռետեսական տրամադրություններ,  ամենօրյա մեր գործունեության մեջ՝ անաշխատունակություն: Դպրոցները, մշակութային հաստատությունները նորմալ չէին աշխատում: Դրան էլ գումարվում էր Թուրքիայում տիրող ավտորիտար մթնոլորտը: Պատրիարքի ընտրությունները, կարծում եմ, պետք է որ թարմություն բերի համայնքում»,- ասաց նա՝ հույս հայտնելով, որ համայնքային կյանքում ակտիվություն արդեն կցուցաբերեն երիտասարդները, կանայք և նրանք կվերակազմակերպեն համայնքային կրթական, մշակութային կյանքը:

Հարցին, թե այս ընտրություններին գուցե Պատրիարքի աթոռի համար պայքարում հաղթի 8 տարի Պոլսո պատրիարքի փոխանորդ նշանակված Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, այդ դեպքում ինչպե՞ս պետք է իրավիճակը փոխվի, նա պատասխանեց․ «Իհարկե, շատ հնարավոր է, որ նա կընտրվի: Ես հույս ունեմ, որ այդ դեպքում նա նոր սկիզբ կդնի նոր մոտեցումներով»:

Եզրափակելով իր խոսքը՝ Սելինա Դողանը նշեց, որ պատրիարքարանի ընտրությունները կարևոր են նաև Թուրքիայի համար՝ միջազգային հարթակում իր դեմքը պահելու համար: Նա նշեց, որ ԵՄ զեկույցներում մշտապես է անդրադարձ կատարվում Թուրքիայում Հայոց պատրիարքի ընտրության հարցին:

«Այս հարցը կարևոր է Թուրքիայի միջազգային հարաբերությունների, հայկական սփյուռքի համար»,- ասաց նա:

tert.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4