August 18, 2019

Վաշինգտոնը հասկացնում է՝ Հայաստանը կա՛մ պիտի միանա պատժամիջոցներին, կա՛մ դիտվի անվստահելի գործընկեր

Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը անցնող շաբաթվա ընթացքում, ի թիվս այլ հանդիպումների, Վաշինգտոնում մասնակցել է Atlantic Council (Ատլանտյան խորհուրդ) հեղինակավոր վերլուծական կենտրոնի կազմակերպված քննարկմանը՝ բավական ուշագրավ հայտարարություն անելով ԱՄՆ-Իրան լարված հարաբերությունների, Իրանի դեմ սահմանված ամերիկյան պատժամիջոցների և հայ-իրանական հարաբերությունների վրա դրանց հնարավոր ազդեցության մասին:

Ամերիկայի ձայնի հաղորդմամբ՝ Հայաստանի խորհրդարանի խոսնակը մասնավորապես նշել է, որ լարվածությունը ԱՄՆ-Իրան հարաբերություններում բացասաբար է անդրադառնում Հայաստանի տնտեսության վրա: Միրզոյանն ընդգծել է պաշտոնական Երևանի դիրքորոշումը՝ ասելով, որ հարաբերությունների զարգացումը բարեկամ մեկ երկրի հետ չպետք է լինի ի հաշիվ մեկ այլ բարեկամ երկրի:

«Մենք կցանկանանք, որ ԱՄՆ-ը ճնշում չգործադրի Հայաստանի վրա՝ իրանական պատժամիջոցների օրակարգում ներգրավվելու համար: Հայաստանը չի կարող նման գին վճարել»,- ասել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահը:

Հայաստանը՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև

Իրանի դեմ Արևմուտքի ու մասնավորապես Վաշինգտոնի քաղաքականության՝ Հայաստանի ու հայ-իրանական հարաբերությունների հնարավոր բացասական ազդեցության հարցն, իհարկե, նոր չէ: Իրանի դեմ պատժամիջոցների քաղաքականությունն էլ Արևմուտքի կողմից վաղուց է իրականացվում՝ շուրջ 40 տարի, այսինքն՝ սկսած այն պահից, երբ հարևան Իրանում տեղի ունեցավ իսլամական հեղափոխությունը, և Իրանն ու Ամերիկան դաշնակիցներից վերածվեցին թշնամիների: Անշուշտ, Հայաստանն բավական բարդ վիճակում է այս կոնֆլիկտի համատեքստում: Մի կողմից, Իրանը տարածաշրջանում Հայաստանի քիչ բարեկամներից է, Թեհրանի հետ ունենք շատ կարևոր ու յուրահատուկ հաարբերություններ, Իրանի սահմանը Հայաստանի երկու բաց դարպասներից է դեպի արտաքին աշխարհ: Մյուս կողմից, Միացյալ Նահանգները, ինչպես աշխարհի շատ ու շատ երկրների, այնպես էլ Հայաստանի համար շատ կարևոր գործընկեր է և բարեկամական պետություն: Բայց ԱՄՆ-ի նախորդ կառավարությունները հիմնականում ըմբռնումով էին մոտենում Հայաստանի և Իրանի սերտ հարաբերություններին՝ շատ լավ հասկանալով, որ Հայաստանի այլընտրանքները շատ քիչ են. երկիրը երկու կողմից շրջափակված է, մեղմ ասած, ոչ բարեկամական հարևաններով, հյուսիսում ոչ այնքան կայուն Վրաստանն է, ու աշխարհագրական և քաղաքական այս բարդ պայմաններում, այդ թվում՝ անվտանգության լուրջ խնդիրների պատճառով Երևանը միակողմանի կախվածության մեջ է ընկել իր ռազմավարական դաշնակից Ռուսաստանից, որի հետ նույն Միացյալ Նահանգները լարված հարաբերությունների մեջ է և որի ազդեցության ընդլայնումը հարակից տարբեր երկրներում և ռեգիոններում ամերիկյան քաղաքական վերնախավը, բնականաբար, չի ողջունում՝ դա դիտելով որպես սպառնալիք ԱՄՆ-ի ազգային շահերին: Այս բարդ պայմաններում Հայաստանը իր արտաքին քաղաքականությունը, այդ թվում՝ տնտեսական հարաբերությունները դիվերսիֆիկացնելու և այլընտրանքներ գտնելու խնդիր ունի, և Իրանն այս իմաստով, իհարկե, կենսական նշանակություն ունեցող գործընկեր է: Խնդիրն ավելի բարդացավ, մարտահրավերները Հայաստանի համար ավելացան այն ժամանակ, երբ ԱՄՆ նախագահ ընտրվեց իր ընդգծված հակաիրանական հայացքներով աչքի ընկնող Դոնալդ Թրամփը՝ հետագայում իր վարչակազմ բերելով Իրանի հարցում իր հայացքները կիսող մի քանի առանցքային գործիչների, մասնավորապես՝ հանրապետական հայտնի ռազմատենչ «բազե» Ջոն Բոլթոնին[1] և Մայք Պոմպեոյին[2]: Սյս երկուսին բարձր պաշտոնում նշանակելու հիմնական գրավականներից մեկը հենց Իրանի հարցում նրանց արմատական դիրքորոշումն էր:

Նոր պատժամիջոցներ և նոր մարտահրավերներ

Հայկական շահերին սպառնացող հնարավոր ռիսկերն ավելի տեսանելի ու առարկայական դարձան այն ժամանակ, երբ պարզ դարձավ, որ Իրանը «աշխարհում ահաբեկչության թիվ մեկ հովանավորը» համարող Թրամփը մտադիր է դադարեցնել ԱՄՆ-ի մասնակցությունը Օբամայի օրոք՝ 2015 թ. հուլիսին «6+1» ձևաչափով Իրանի, կողմից Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Չինաստանի և Գերմանիայի միջև ստորագրված միջուկային համաձայնագրից՝ Գործողությունների համապարփակ ծրագրից, որը կոչված էր կարգավորելու վերջին տարիների միջազգային անվտանգության ամենասուր և բարդ խնդիրներից մեկը՝ Իրանի միջուկային ծրագիրը։ Իսկ եթե Ամերիկան, որը համաձայնագրի հիմնական նախաձեռնողներից ու ճարտարապետներից էր ու դրա առաջմղման հիմնական լոկոմոտիվը, դուրս գար համաձայնագրից՝ դա կնշանակեր, որ կասկածի տակ է դրվում համաձայնագրի հետագա ճակատագիրն ու դրա շրջանակներում կողմերի ստանձնած պարտավորությունների կատարումը, և վերականգնվում են ամերիկյան պատժամիջոցները Իսլամական Հանրապետության դեմ։ Այդպես էլ եղավ. 2018 թ. մայիսին Թրամփը հայտարարեց, որ Միացյալ Նահանգները դուրս է գալիս միջուկային համաձայնագրից և նորից պատժամիջոցներ կսահմանի Իրանի նկատմամբ: Նոր պատժամիջոցները երկու փաթեթով ուժի մեջ մտան համապատասխանաբար օգոստոսի 7-ին և նոյեմբերի 5-ին։

Հայաստանցի և օտարերկրյա փորձագետները տարբեր կանխատեսումներ էին անում հայ-իրանական հարաբերությունների նկատմամբ Թրամփի վարչակազմի դիրքորոշման վերաբերյալ: Շատերը, օրինակ՝ ամերիկահայ քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը, հույս էին հայտնում, որ նույնիսկ իր «ոչ ավանդական» հայացքներով ու անկանխատեսելի քաղաքական վարքագծով աչքի ընկնող Թրամփը չի փոխի չի փոխի պաշտոնական Վաշինգտոնի մոտեցումը և հիմնականում ըմբռնումով կմոտենա հարցին՝ թույլ տալով Հայաստանին զարգացնել և խորացնել հարաբերությունները Իրանի հետ։

Իսկ Վաշինգտոնի Միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամի «Ռուսաստան և Եվրասիա» ծրագրի առաջատար գիտաշխատող Փոլ Սթրոնսկին վերջերս «Առաջին լրատվական»-ին տված հարցազրույցումկարծիք հայտնեց, որ հայ-իրանական բարեկամական հարաբերությունները «պոտենցիալ խնդիր» են Հայաստանի համար ու կարող են Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև հակասությունների պատճառ դառնալ։

Եվ հիմա, երբ ԱՄՆ մեկնած հայկական պատվիրակության ղեկավարը Վաշինգտոնում նման ուղերձ է հասցեագրում ամերիկյան իշխանություններին հայ-իրանական հարաբերությունների և ամերիկյան պատժամիջոցների վերաբերյալ, սա, իհարկե, լրջորեն մտածելու տեղիք է տալիս։ Արդյո՞ք սա նշանակում է, որ ճնշման փորձեր ԱՄՆ-ի կողմից արդեն իսկ եղել են, թե՞ առայժմ սրանք Երևանի մտավախություններն են։ Միրզոյանի հայտարարության վերաբերյալ վերլուծաբանները իրավացիորեն մի կարևոր հանգամանք են մատնանշում՝ նախ և առաջ կոչ անելով ուշադրություն դարձնել՝ որտե՞ղ և ինչպիսի՞ լսարանի առջև է ելույթ ունեցել ՀՀ ԱԺ նախագահը։ Այլ խոսքերով՝ «Ատլանտյան խորհրդում» հայկական խորհրդարանի խոսնակը մասնակցում էր փորձագիտական քննարկման, իսկ նման միջավայրում սովորաբար ընդունված է ավելի անկեղծ և ազատ խոսել, այդ թվում՝ արտահայտել մտավախություններ և գնահատել տարբեր ռիսկեր։

Կառուցողական քննարկում՝ Երևանի և Վաշինգտոնի միջև

Թեմային «Առաջին լրատվական»-ի խնդրանքով անդրադարձել է Վաշինգտոնում գործող Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը` ասելով, թե «որքան մենք ենք հասկանում՝ Միացյալ Նահանգների և Հայաստանի կառավարությունները բովանդակային և կառուցողական քննարկում են վարում այս խնդրի շուրջ՝ փոխադարձ շահերից բխող տարածաշրջանային առաջնահերթությունների վրա հիմնված ընդհանուր մոտեցում գտնելու նպատակով»:

Համբարյանի խոսքերով՝ որոշ նշաններ արդեն իսկ հստակորեն ցույց են տալիս Թրամփի վարչակազմի մաքսիմալիստական դիրքորոշումը հայ-իրանական հարաբերությունների վերաբերյալ, բայց, բարեբախտաբար, ամերիկյան իսթեբլիշմենթի այլ ազդեցիկ գործիչներ իրենց իրատեսական և ողջամիտ մոտեցմամբ հավասարակշռում են այդ առավելապաշտական մոտեցումը:

«Հավասարակշռության պայմաններում ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները ամուր և կայուն առաջընթաց ցույց տալիս», – ասում է Հայ դատի հանձնախմբի նախագահը:

https://yerevan.today/media/k2/items/cache/22590_pol_gobl_M.jpg

Կամ-կա՞մ

Ամերիկացի վերլուծաբան, ԱՄՆ պետքարտուղարության նախկին հատուկ խորհրդական, Վաշինգտոնի Համաշխարհային քաղաքականության ինստիտուտի պրոֆեսոր Փոլ Գոբլը ևս մտահոգ է հայ-ամերիկյան հարաբերություններով և Հայաստանի ապագայով, բայց ստիպված է ցավով արձանագրել՝ «չեմ տեսնում որևէ նշան կամ ապացույց, որ Միացյալ Նահանգների ներկայիս նախագահը հասկանում է Հայաստանի աշխարհագրական բարդ վիճակը»:

Գոբլը մեզ հետ զրույցում նշեց, որ Թրամփն անընդհատ մի խնդրից մյուս խնդրին է իր ուշադրությունը կենտրոնացնում ու մինչ օրս չունի թիմ, որը կհետևեր, որ իր քաղաքականությունները կյանքի կոչվեն հետևողականորեն:

«Ենթադրում եմ, որ Իրանին մեկուսացնելու մասին նախագահի հայտարարությունները կազմում են բյուրոկրատիայի աշխատակիցները՝ հասկացնելու, թե Վաշինգտոնը կարծում է, որ Հայաստանը կա՛մ պիտի միանա [պատժամիջոցներին], կա՛մ դիտվի իբրև անվստահելի ու չհամագործակցող գործընկեր», – այսպես է Թրամփի դիրքորոշումը մեկնաբանում ամերիկացի փորձագետը:

Այցի կարևորությունը

Ինչ վերաբերում է Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցին՝ հայկական պատվիրակությունը Միացյալ Նահանգներ է մեկնել Ներկայացուցիչների պալատի ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի հրավերով՝ մասնակցելու առաջնորդների ֆորումին: Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը և ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Աննա Կարապետյանը: Այցը կավարտվի հաջորդ շաբաթվա վերջին Նյու Յորքում: Հուլիսի 14-18-ը պատվիրակությունը եղել է Վաշինգտոնում, հուլիսի 19-21-ը՝ Բոսթոնում: Մասնավորաբար, Վաշինգտոնում ՀՀ Ազգային ժողովի նախագահը հանդիպում է ունեցել Կոնգրեսի հայկական հանձնախմբի անդամների, ինչպես նաև ամերիկահայ համայնքի երկու ակտիվ կազմակերպությունների՝ Հայ դատի հանձնախմբի և Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչների հետ:

Միրզոյանի հետ հանդիպմանը մասնակցած Արամ Համբարյանը ասում է, որ թե՛ ՀՀ Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակության այս այցը և թե՛ Հայաստանի արտգործնախարարի մասնակցությունը Վաշինգտոնում Կրոնական ազատության հարցերով նախարարական համաժողովին կառուցողական նախաձեռնություններ են, որոնք հաջորդեցին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում չորս կարևոր օրենսդրական լրացումների ընդունմանը: Այս լրացումները, Արամ Համբարյանի մեկնաբանությամբ, նպաստում են ԱՄՆ-Հայաստան կապերի զարգացմանը, Արցախի անվտանգության ամրապնդմանը և վճռականորեն մարտահրավեր են նետում Ադրբեջանի ագրեսիային:

Իսկ պետդեպի նախկին հատուկ խորհրդական Փոլ Գոբլը ուրախ է, որ Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև նման փոխայցելություններ են լինում:

«Նմանատիպ այցերը կարևոր են, նույնիսկ եթե դրանք չեն տանում էական բեկումների, առաջխաղացման: Բյուրոկրատիան պետք է պատրաստվի դրանց, և այդ նախապատրաստման գործընթացը ստիպում է Միացյալ Նահանգներին ավելի լավ հասկանալ խնդիրները: Որքան շատ են նման այցերը, այնքան ավելի շատ կաճի այդ ըմբռնումը: Նույնիսկ ներկայիս վարչակազմում», – նշեց Գոբլը:

Հղումներ՝

[1] Նախագահ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդականն է, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը: Այդ պաշտոնում է նշանակվել 2018 թ. ապրիլին:

[2] ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում 2018 թ. ապրիլին փոխարինել է Ռեքս Թիլերսոնին:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4