October 21, 2019

Հավասարությունը դեպի Արևե՞լք. ՀՀ-ն շարունակում է խորացնել կապերը Ասիայի հետ

Հայաստանի Հանրապետության զարգացումը միտված է նաեւ դեպի արեւելք: Մայիսին ՀՀ կառավարության պատվիրակության՝ Չինաստան կատարած ճանաչողական այցի ընթացքում ձեռք բերված իրական պայմանավորվածություններից հետո պարզ էր, որ Հայաստանի մասնակցությունը եվրասիական ինտեգրացիոն գործընթացին չի բացառում ոչ միայն եվրոպական, այլեւ ասիական ուղղությամբ կապերի զարգացմանը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցերը Վիետնամ եւ Սինգապուր դրա հերթական ապացույցն են:

Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն կատարած այցն աչքի էր ընկնում բարձր մակարդակի ջերմ ընդունելությամբ: Հանոյում ՀՀ վարչապետը հանդիպումներ է ունեցել Վիետնամի կառավարության ղեկավար Նգույեն Սուան Ֆուքի, Ազգային ժողովի նախագահ Նգույեն Թխի Քիմ Նգանի, ինչպես նաեւ Վիետնամի առեւտրի պալատի ղեկավարության եւ վիետնամցի խոշոր գործարարների հետ:

Նգույեն Սուան Ֆուքի հետ հանդիպման ընթացքում կողմերը երկուստեք պատրաստակամություն են հայտնել զարգացնել եւ ամրապնդել համագործակցությունը բոլոր ոլորտներում: Կողմերն առանձնակի ուշադրություն են դարձրել կրթության ոլորտին. բանակցությունների արդյունքում Հայաստանի եւ Վիետնամի կառավարությունների միջեւ ստորագրվել է Կրթության եւ գիտության բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր:

Առեւտրատնտեսական կապերի առումով հետաքրքրական է մասնավորապես աշնանը Երեւանում կայանալիք միջկառավարական հանձնաժողովի նիստը եւ ձեռք բերված պայմանավորվածությունը՝ դրան զուգահեռ անցկացնել նաեւ գործարար համաժողով: Վիետնամցի գործարարների հետաքրքրվածությունը Հայաստանի շուկայով փաստել է նաեւ Վիետնամի առեւտրի պալատի նախագահ Վու Թիեն Լոքը: Հանդիպումներ են եղել նաեւ վիետնամական մի շարք խոշոր ընկերությունների ղեկավարների հետ, որոնք ներկայացրել են ինչպես հայկական շուկա մուտք գործելու, այնպես էլ հայկական արտադրանքը Վիետնամ արտահանելու հետ կապված կոնկրետ առաջարկություններ:

Պակաս կարեւոր չէ նաեւ կողմերի անդրադարձը միջազգային կազմակերպությունների, շրջանակում հետագա համագործակցությանը: Ընդ որում՝ խոսքը նաեւ ինտեգրացիոն գործընթացների շրջանակում փոխգործակցության մասին է. կողմերը պայմանավորվել են նպաստել Վիետնամի եւ Եվրասիական տնտեսական միության միջեւ ազատ առեւտրի գոտու համաձայնագրի արդյունավետ իրականացմանը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաեւ քննարկումներ սկսել կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի կնքման ուղղությամբ:

Սինգապուր կատարած այցին ընթառաջ՝ հուլիսի 4-ին ՀՀ կառավարությունն արդեն հավանություն էր տվել «ՀՀ կառավարության եւ Սինգապուրի Հանրապետության կառավարության միջեւ եկամուտների կրկնակի հարկումը բացառելու եւ հարկերի վճարումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Այցի ընթացքում Հայաստանի եւ Սինգապուրի միջեւ ստորագրվել են այդ, ինչպես նաեւ տարբեր ոլորտներում համագործակցության մի քանի այլ փաստաթղթեր:

Հետաքրքրական է մասնավորպաես ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի եւ Սինգապուրի Հանրապետության զբոսաշրջության խորհրդի միջեւ ստորագրված զբոսաշրջության բնագավառում համագործակցության ամրապնդման մասին փոխըմբռնման հուշագիրը: Զբոսաշրջության ոլորտում կապերի ընդլայնման տեսանկյունից կարեւոր է նաեւ Սինգապուրում Հայաստանի մշակույթի օրեր անցկացնելու վերաբերյալ պայմամավորվածությունը:

Նիկոլ Փաշինյանի եւ Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունի հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաեւ ներդրումային համատեղ ծրագրերի իրականացման, առեւտրաշրջանառության ծավալների ավելացման, բարձր տեխնոլոգիաների, ավիացիայի եւ այլ ոլորտներում համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր:

Սինգապուրը եւս հետաքրքրված է ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների խորացմամբ: Անդրադառնալով ԵԱՏՄ եւ Սինգապուրի միջեւ ազատ առեւտրի գոտու ստեղծման համաձայնագրի ստորագրմանը՝ Փաշինյանն ու Լուն համոզմունք են հայտնել, որ այն նոր թափ կհաղորդի առեւտրաշրջանառության ծավալների ավելացմանը:

Առեւտրատնտեսական կապերի առումով պակաս կարեւոր չէր նաեւ Փաշինյանի հանդիպումը Temasek Holdings հիմնադրամի ներկայացուցիչների հետ: Նրանց հետ վարչապետը քննարկել է համատեղ վենչուրային հիմնադրամի ստեղծման, ստարտափ ծրագրերի իրականացման, փորձի փոխանակման եւ տեխնիկական համագործակցության հեռանկարները: Հիմնադրամի ներկայացուցիչները նաեւ հրավեր են ստացել մասնակցելու այս տարվա աշնանը Երեւանում կայանալիք Բարձր տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսին:

Ամփոփելով ՀՀ պատվիրակության այցերը ասիական այս երկրներ, հարկ է նշել, որ դրանք արդյունավետ էին ձեռքբերված պայմանավորվածությունների առումով, թեեւ այդ պայմանավորվածությունների զգալի մասը կհստակեցվի աշնանը՝ հայ-վիետնամական գործարար համաժողովի եւ Բարձր տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի աշխատանքների ընթացքում։

Թե՛ Վիետնամը, թե՛ Սինգապուրը Հայաստանի համար հետաքրքիր են նախեւառաջ տնտեսական առումով: Իհարկե, Սինգապուրի «տնտեսական հրաշքի» կայացման գործում կարեւոր դեր է խաղացել նաեւ կոռուպցիայի դեմ կոշտ պայքարը, սակայն, չնայած զուգահեռներ տանելու մեծ գաղթակղությանը՝ սինգապուրյան փորձի ընդօրինակումը քիչ հավանական է՝ ելնելով կես դար առաջվա Սինգապուրի եւ ներկայիս Հայաստանի քաղաքական համակարգերի ու հասարակությունների արժեհամակարգային տարբերություններից: Ուստի, ինչպես եւ Չինաստանում, այնպես էլ Սինգապուրում, Վիետնամում եւ, ինչու ոչ՝ ողջ Ասիայում Հայաստանը միտված է նախեւառաջ հենց տնտեսական կապերի խորացմանը՝ զուգահեռաբար պահպանելով ու ամրապնդելով մշակութային կապերը:

armtimes.com

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4