December 7, 2019

Հայաստանը մեծապես կարեւորում է եվրոպական հաստատությունների, այդ թվում ԵՄ աջակցությունը. վարչապետ

Այսօր Կառավարությունում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Դոնալդ Տուսկը հանդես եկան համատեղ հայտարարություններով:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոսում մասնավորապես ասաց.

«Մեծարգո պարոն նախագահ,

լրատվամիջոցների հարգարժան ներկայացուցիչներ,

տիկնայք եւ պարոնայք,

Ես անչափ ուրախ եմ ողջունել նախագահ Տուսկին Հայաստանում: Համեմատաբար կարճ ժամանակահատվածում ես մի քանի առիթ եմ ունեցել հանդիպել պարոն Տուսկին: Մեր բոլոր շփումները շատ տպավորիչ են եղել՝ անցնելով բարեկամության եւ կառուցողական երկխոսության մթնոլորտում: Այսօր եւս մենք ունեցանք շատ արդյունավետ քննարկում: Անդրադարձանք Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին վերաբերվող հարցերի լայն շրջանակին: Մտքերի փոխանակում ունեցանք քաղաքական եւ ճյուղային այսպես կոչված սեկտորալ համագործակցությանը, ինչպես նաեւ Հայաստանի ներքին կյանքին եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերվող հարցերի շուրջ:

Ես վերահաստատեցի օրենքի գերակայության եւ ժողովրդավարության ամրապնդման, ինչպես նաեւ կոռուպցիայի դեմ պայքարի Հայաստանի իշխանությունների որդեգրած հանձնառությունը: Հանդիպման ընթացքում ես նաեւ խոսեցի Հայաստանում իրականացվող բարեփոխումների մասին՝ հիշատակելով անկախ դատաիրավական համակարգ կառուցելու ուղղությամբ մեր ներկայիս գործադրած ջանքերը:

Ընդգծեցի, որ այդ առումով Հայաստանը մեծապես կարեւորում է եվրոպական հաստատությունների, այդ թվում ԵՄ աջակցությունը եւ հայտնում իր երախտագիտությունը ցուցաբերվող օժանդակության եւ գաղափարական զորակցության համար: Ընդգծեցի ԵՄ անդամ պետությունների հետ համագործակցության ընդլայնման վերաբերյալ Հայաստանի իշխանությունների քաղաքական հանձնառությունը:

Երկուստեք նշվեց Հայաստան-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին պայմանագրի մեծ նշանակությունը եւ եվրոպական երկրների կողմից այն շուտափույթ վավերացնելու կարեւորությունը: Տվյալ պայմանագիրը մի գործիք է, որի իրականացումը նպաստելու է ոչ միայն Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացմանը այլ նաեւ օգնելու է Հայաստանի իշխանությունների բարեփոխումների օրակարգի իրականացմանը:

Այս առումով ես ցանկանում եմ տեղեկացնել, որ Հայաստանի կառավարության գերատեսչությունները եվրամիության համապատասխան մարմինների հետ համագործակցությամբ մշակել են համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին պայմանագրի իրականացման ճանապարհային քարտեզը: Այն իմ կողմից հաստատվել է հունիսի 1-ին պայմանագրի ժամանակավոր կիրառման սկզբից ուղիղ 1 տարի անց: Հունիսի 13-ին պայմանագիրը արժանացավ նաեւ Հայաստան-ԵՄ գործընկերության խորհրդի երկրորդ հանդիպման հավանությանը:

Մենք անդրադարձանք նաեւ Հայաստան-Եվրամիություն մուտքի արտոնագրերի ազատականացման վերաբերյալ երկխոսություն սկսելու խնդրին: Իմ կողմից նշվեց Հայաստանի շահագրգռվածություն այս հարցում՝ հատկապես միջանձնային շփումների ընդլայնման անհրաժեշտության տեսանկյունից:

Ես դիմեցի նախագահ Տուսկին՝ Եվրամիության անդամ պետություններին այս ուղերձը փոխանցելու խնդրանքով: Անդրադարձ եղավ նաեւ արեւելյան գործընկերությանը, որն այս տարվա մայիսին նշեց իր հիմնադրման 10-րդ տարեդարձը:

Մենք զրուցեցինք նաեւ տարածաշրջանային խնդիրների մասին: Երախտագիտություն հայտնեցի ԵՄ կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում հավասարակշռված դիրքորոշում ցուցաբերելու եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշումը աներկբայորեն պաշտպանելու համար:

Համոզվածություն հայտնեցի ԵՄ այս կեցվածքի շարունակականության հարցում: Ավարտելով խոսքս ցանկանում եմ նախագահ Տուսկին վերստին շնորհակալություն հայտնել՝ արդյունավետ համագործակցության համար:

Օգտվելով առիթից ցանկանում եմ մեր բոլորի անունից հաջողություն եւ նորանոր ձեռքբերումներ մաղթել նրան՝ ապագա գործունեության մեջ»,- եզրափակեց վարչապետը:

armtimes.com

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4