May 25, 2022

Հայերն օսմանյան տնտեսության մեջ

Հայերն առեւտրի եւ արդյունաբերության բնագավառում
Առաջին համաշխարհային պատերազմից առաջ Օսմանյան կայսրության արտաքին եւ ներքին խոշոր առեւտրում, արդյունաբերական արտադրության մեջ, բանկային գործերում հայերն ազդեցիկ դիրք էին գրավում: Նրանք իրենց ձեռքում էին կենտրոնացրել երկրի տնտեսական կարեւոր լծակները:Հայկականի համեմատությամբ, թուրք բուրժուազիան ածանցյալ վիճակում էր եւ օսմանյան տնտեսության մեջ նշանակալի տարր չէր կազմում:
Երիտթուրքական իշխանությունները խիստ մտահոգված էին, որ հայերի տնտեսական եւ նյութական հզորացումը հիմք է դառնալու նրանց վաղվա քաղաքական հաղթանակների համար: Աստիճանաբար թուրք իշխանությունների մոտ ուժեղանում էր այն մտայնությունը, որ վաղ թե ուշ երեկվա հպատակ հայը տիրանալու է իրենց իշխանությանը, ինչպես դա արել էին տնտեսության ասպարեզում:
Հայոց Մեծ եղեռնի կազմակերպիչները, քաղաքական նպատակներ հետապնդելուց զատ, մտադիր էին նաեւ ազատվել հայերի տնտեսական մրցակցությունից: Բնաջնջելով Օսմանյան կայսրությունում ապրող հայերին՝ երիտթուրքական իշխանությունները տնտեսական ասպարեզից վերացրին իրենց հզոր մրցակցին, նրանց ինչքերի, հարստության հաշվին կարողացան հոգալ պատերազմական մեծագումար ծախսերը, վճարել երկրի անկախությանը սպառնացող արտաքին ահռելի պարքերը:
Հայոց դարերի տքնությամբ ստեղծված ունեցվածքի յուրացումով հետագայում ստեղծեցին ազգային բուրժուազիա, իսկ արդեն Թուրքիայի հանրապետության շրջանում կարողացան ամբողջապես թրքացնել երկրի տնտեսությունը:
Թե ինչ դիրք էին գրավում հայերն Օսմանյան կայսրություն տնտեսության մեջ՝ կփորձեք ուրվագծել ստորեւ:
Օսմանյան կայսրությունում պետական պաշտոնյաների ընտրության ժամանակ հաշվի էին առնվում ոչ թե անձերի արժանիքներն ու կարողությունները, այլ նրանց ազգային եւ կրոնական ծագումը: Գրեթե ողջ պաշտոնեությունը, զինված ուժերը, ոստիկանությունը եւ դատական մարմինները կազմված էին մահմեդականներից, մեծամասնությամբ՝ օսմանցի թուրքերից: Իրենց վերապահելով իշխողի դերը` նրանք երկրի ամբողջ տնտեսական դաշտը թողել էին ոչ թուրք տարրերին[1]: Օսմանցի թուրքերը քաղաքակրթական այն մակարդակը չունեին, որպեսզի կարողանային վարել եւ զարգացնել երկրի տնտեսությունը, ուստի ստիպված էին օգտվել իրենց գրաված երկրների բնիկ քաղաքակիրթ ժողովուրդների փորձառությունից:
Հայերը, որ Առաջավոր Ասիայի քաղաքակրթության հնագույն կրողներն էին, Օսմանյան կայսրության մյուս հպատակ ազգերի հետ, ավելի քան հինգ դար, տքնեցին կայսրության տնտեսությունը բարգավաճ պահելու համար: Զրկված լինելով վարչական եւ զինվորական գործունեության հնարավորությունից` օսմանյան պետության մեջ առեւտուրն ու արհեստները դաձան այն թույլատրված ասպարեզները, ուր հայերը կարող էին փոքրիշատե ազատ կերպով դրսեւորել եւ զարգացնել իրենց ցեղային ունակությունները:
Սուլթաններն իրենց գրաված քաղաքներում անմիջապես հայեր էին բնակեցնում:
Սուլթան Մուհամեդ Ֆաթիհը 1453 թ. իր հաղթական ոտքը Կոստանդնուպոլիս դնելուց քիչ անց, ավերված քաղաքը վերաշինելու եւ գեղեցկացնելու նպատակով, հրամայեց հայ արհեստավորներ եւ առեւտրականներ տեղափոխել մայրաքաղաք: Հայ շինարար բազկի եւ ճարտար արհեստավորների կարիքը պետք է զգային սուլթան Ֆաթիհի հաջորդները եւ պարբերաբար հայեր տեղափոխեին Կոստանդնուպոլիս[2]:
XV դարից Կոստանդնուպոլսում սկսեցին բազմանալ հայ առեւտրականների խանութները, առանձին շուկաները, խաներն ու վաճառատները: Միջերկրական եւ Սեւ ծովերից դեպի Իրան եւ Հնդկաստան տարանցիկ առեւտուրը հիմնականում կատարում էին հայ վաճառականները[3]:
Կայսրության մյուս տնտեսական կարեւորագույն կենտրոնի՝ Զմյուռնիայի հայ առեւտրականները կապված էին եվրոպական երկրների հետ: Այստեղից ամեն օր հայկական քարավաններ էին ուղեւորվում Պարսկաստան եւ ասիական մայրցամաքի այլ երկրներ: Հայ առեւտրականներից գանձվող մաքսահարկերը կազմում էին սուլթանական գանձարանի եկամտի կարեւորագույն աղբյուրներից մեկը: XVI-XIXդդ. հայ վաճառականները մեծ նպաստ են բերել Օսմանյան կայսրության առեւտրի զարգացմանը` էապես նպաստելով Ասիայի եւ Եվրոպայի միջեւ ապրանքափոխանակությանը[4]:
XVI դարից Կոստանդնուպոլսում կենտրոնացած էր հայ չելեպիների եւ ամիրաների դասը: Այս պատվանուններն էին կրում գավառից մայրաքաղաք տեղափոխված ձեռներեց անհատներ, ովքեր տեր էին դարձել մեծ հարստության եւ պաշտոնական աշխարհում ձեռք բերել կշիռ եւ հեղինակություն: Հայ չելեպիներն ու ամիրաները աստիճանաբար մոտեցան գահին եւ արհեստապետի համեստ պաշտոնով տեղ գրավեցին արքունիքում, որը փակ աշխարհ էր քրիստոնյաների համար: XVIII դարի կեսերից սկսած նրանք սկսեցին վարել կայսրության կարեւոր գերատեսչությունները[5]:
Նկարչության եւ ոսկերչության մեջ բացառիկ դիրք գրավելով` Տյուզյանները սերնդեսերունդ դարձան արքունի ոսկերչապետերը: Նրանց վստահվեց դրամահատության ամբողջ գործարանը եւ փողերանոցը, ուր կենտրոնացած էին տերությանը պատկանող ոսկու եւ արծաթի պահեստները[6]:
Տեմիրճիպաշյան ընտանիքի անդամները վարում էին արքունի նավաշինական ձեռնարկության եւ թնդանոթարանի վերատեսչի պաշտոնները[7]: Տատյան գերդաստանի սերունդները ղեկավարում էին կայսրության ռազմական արդյունաբերությունը, թղթի արդյունաբերությունը եւ բանակի հանդերձավորման արտադրությունները[8]:
Արփիարյան ամիրայական տունը երկար շրջան վարում էր Կապան Մատենի արծաթի հանքերի վերատեսչությունը[9]: Մկրտիչ ամիրա Ճեզայիրլյանը ղեկավարում էր երկրի մետաքսագործությունն ու մաքսահավաքման գործը[10]:
Արհեստավոր ամիրաներից առավել բազմաթիվ էին հայ վաճառական ամիրաները, ովքեր հայտնի էին սարաֆ, սեղնավոր, բանկիր անուններով: Վարկեր տրամադրելով զինվորական եւ պետական գործիչներին, առեւտրական ընկերություններին եւ պետական գրասենյակներին` նրանք կատարում էին այժմյան դրամատների դերը: Մինչեւ 1853 թվականը` դրամատների ստեղծումը, կայսրության դրամագլխի մեծագույն մասը գտնվում էր հայ սեղանավորների ձեռքում: Նրանք էին վարում կայսրության ֆինանսական քաղաքականությունը[11]: Քանիցս երկիրը փրկել են տնտեսական տագնապներից` սնանկության մատնված պետության ֆինանսական համակարգում բարեփոխումներ իրականացնելով[12]:
Հայ սեղանավորները եւ արքունի արհեստապետերը նպաստել են նաեւ երկրի պետական արդյունաբերության զարգացմանը:
19-րդ դարի կեսերից՝ Ղրիմի պատերազմից հետո, երբ Օսմանյան կայսրությունն իր դռները բացեց Եվրոպայի առջեւ, հայերը պատրաստ էին կարեւոր դեր կատարելու կայսրության եւ Եվրոպայի միջեւ[13]:
Հայ վաճառականները տիրապետում էին եվրոպական լեզուներին եւ եվրոպական առեւտրի մեթոդներին, այդ իսկ պատճառով կարողացան դառնալ թուրք-եվրոպական առեւտրի միջնորդներ[14]:
Թուրք-եվրոպական առեւտրի մեջ գլխավոր բաժինը պատկանում էր հայ վաճառականներին: Բազմաթիվ հայ առեւտրականներ, չգոհանալով եվրոպացիների ներկայացրած ապրանքների ընտրությամբ, իրենք կապեր հաստատեցին Եվրոպայի արդյունաբերական կենտրոնների եւ առեւտրական ընկերությունների հետ: Նրանցից շատերը նույնիսկ հաստատվեցին եվրոպական քաղաքներում, գրասենյակներ բացեցին եւ մասնաճյուղեր հիմնեցին: Նեղ գտնելով Օսմանյան կայսրության շուկան` սկսեցին դիրքեր գրավել միջազգային առեւտրում[15]:
XIX դարի կեսերից հայ առեւտրականների նկատելի հոսանք սկսվեց գավառային քաղաքներից դեպի Կոստանդնուպոլիս, Զմյուռնիա եւ ծովամերձ այլ քաղաքներ: Այս տեղափոխությունները զորացրին հայերի դիրքը կայսրության տնտեսական կյանքում: Կոստանդնուպոլսի եւ Զմյուռնիայի հայկական առեւտրական տները դարձան անմրցելի հաստատություններ[16]:
Եվրոպական դրամագլխի եւ գործարանային արտադրությունների մուտքով կարճ ժամանակահատվածում հայերի տնտեսական վիճակի մեջ արագ բարելավում տեղի ունեցավ: 1908 թվականին հայի տնօրինությամբ հիմնվեց Օսմանյան բանկի մասնաճյուղը` Հայ բանքան, որը մեծապես դյուրացրեց հայ առեւտրականների դրամական գործառնությունների իրականացումը[17]:
Հայերի տնտեսական առաջընթացն ու զարգացումը կատարվում էր երկրում տիրող կամայականությունների պայմաններում: Նույն եկամուտն ունեցող թուրք վաճառականից պետությունը երեք անգամ պակաս հարկ էր վերցնում, քան հայ վաճառականից: Կողոպուտներն ու կանխամտածված հրդեհները ավերածության էին ենթարկում Վանի, Խարբերդի, Ադանայի եւ այլ կենտրոնների շուկաները: 1908 թ. Խարբերդում իշխանությունները բռնագրավեցին հայերին պատկանող արդյունաբերական ձեռնարկությունները[18]:
Հակառակ իրենց դեմ գոյություն ունեցող թուրքական ատելության եւ հալածանքների` հայերը շարունակում էին առաջնակարգ տեղ գրավել կայսրության առեւտրի մեջ:
Պատմաբան Ջոն Կիրակոսյանի` Հայաստանի պետական արխիվից քաղված հետեւյալ տվյալները ներկայացնում են հայերի տնտեսական կացությունը Առաջին համաշխարհային պատերազմից առաջ. «Սվազի (Սեբաստիայի) վիլայեթում 166 ներմուծող վաճառականներից 141-ը հայեր էին: Արտահանությամբ զբաղվող 150 առեւտրականներից 127-ն էին հայ: 9800 մանր առեւտրականներից ու արհեստավորներից 6800-ը հայեր էին»[19]:
Ալեքսանդր Մյասնիկյանը 1913 թվականի դեկտեմբերին Մոսկվայում կարդացած իր մի դասախոսության մեջ նշում էր, որ Սվազի վիլայեթում թեեւ հայերը կազմում էին բնակչության 35 տոկոսը, բայց հայ առեւտրականները կազմում էին բոլոր առեւտրականների 85 տոկոսը, արհեստավորները` 70 տոկոսը, իսկ արդյունաբերական ձեռնարկությունների 85 տոկոսը պատկանում էր հայերին: Բանվորության 80 տոկոսը հայեր էին[20]:
Օսմանյան կայսրությունում հայերի առեւտրական գործունեության մասին հայկական աղբյուրների տեղեկությունները հաստատում են օտար հեղինակները: Ամերիկացի դիվանագետ Գուտմանը հայտնել է, որ կայսրության ներմուծման` 60, արտահանման` 40 եւ ներքին առեւտրի 80 տոկոսը կատարվում էր հայ առեւտրականների կողմից: Յոհաննես Լեփսիուսի պատրաստած տեղեկագիրը հաղորդում է հետեւյալ տվյալները. «Ներմուծվող առեւտրի գլխավոր մասը գտնվում է հայերի ձեռքում: Հայկական ամենամեծ առեւտրական ընկերություններն իրենց մասնաճյուղերն ունեն Եվրոպայի արդյունաբերական ամենամեծ կենտրոններում: 15 միլիոն օսմանյան ոսկի կարելի է գնահատել երկրի մեծ նավահանգիստներով ներմուծված ապրանքների արժեքը: Այդ ներմուծումն ամենամեծ մասով գտնվում է հայ խոշոր առեւտրականների ձեռքում»[21]:
Հայերի նախաձեռնությունը զուտ վաճառականության մեջ չսահմանափակվեց: Նրանք իրենց ճարտարությունը ցուցաբերեցին տնտեսության տարբեր ոլորտներում: Գտնվեցին նաեւ առեւտրականներ, ովքեր եվրոպական սարքավորումներ, մեքենաներ փոխադրեցին երկիր եւ տեղում սկսեցին կազմակերպել եվրոպական որակ եւ արտաքին տեսք ունեցող ապրանքների արտադրություն:
Աստիճանաբար փոխվում էր կապիտալի բնույթը: Առեւտրական կապիտալը փոխակերպվում էր արդյունաբերականի: XX դարի սկզբին, օրինակ, Արաբկիրում, որտեղ կտավագործությունը հայ ազգաբնակչության հիմնական զբաղմունքն էր, արդեն գոյություն ունեին մանուսայի` 15, մանրաթելի` 9 եւ սփռոցի եւ սավանի պատրաստման 18 ձեռնարկություններ:
Արդյունաբերության որոշ ճյուղերում նկատվում էր անցում մանուֆակտուրային արտադրությունից դեպի գործարանային արտադրություն: Կարինում, Վանում, Բաղեշում շալագործական, պղնձագործական եւ այլ ձեռնարկությունների արտադրանքը սպառվում էր ոչ միայն ներքին, այլեւ արտաքին շուկայում[22]:
Միայն Սվազի վիլայեթում 150 գործարաններից 130-ը պատկանում էին հայերին, 20-ը՝ թուրքերին եւ օտարերկրյա կամ խառն ընկերություններին: 17.700 բանվորներից 14.000-ը հայեր էին[23]:
Թուրքերն իրենք իսկ, անուղղակի կերպով, նպաստել են հայերի տնտեսական հզորացմանը, քանզի արհամարհելով տնտեսական ասպարեզը` առեւտրի եւ արհեստների ասպարեզները թողել էին ոչ թուրք տարրերին[24]:
Թուրք մարդը երկար շրջան հեռու է մնացել առեւտրից եւ արհեստներից, շինարարական, արտադրողական եւ ստեղծագործական աշխատանքներից: Թուրքերի հիմնական զանգվածը մշտապես ձգտել է դառնալ պաշտոնյա կամ զինվորական եւ թողել է, որ ուրիշ ազգերը տքնեն եւ բարիքներ ստեղծեն իրենց համար:
«Բոլոր չարիքների արմատն այն է,- իր հիշողություններում խոստովանել է գահընկեց արված Աբդուլ Համիդ II-ը,- որ ոչ մի օսմանցի չի աշխատում իրական արժեքներ ստեղծելու համար: Օսմանցին սովոր է պարոն լինել եւ աշխատանքը ուրիշներին թողնել: Նա ապրում է եւ զվարճանում: Մեր երիտասարդները կարծում են, թե իրենք չեն կարող այլ բան դառնալ, քան սպա եւ պաշտոնյա»[25]:
Թուրք իշխանավորները որեւէ լուրջ ջանք չեն գործադրել իրենց ազգակիցներին տգիտության քայքայիչ կապանքներից ազատելու համար: 20-րդ դարի սկզբներին թուրք բնակչության 90 տոկոսից ավելին անգրագետ էր: Նույն ժամանակ հայերի միայն 33 տոկոսն էր անգրագետ: Համատարած տգիտության մեջ չէին կարող զարգանալ գիտությունը, արհեստները, արվեստները եւ տեխնիկան[26]:
շարունակելի
Անահիտ Աստոյան
Մատենադարանի կրտսեր գիտաշխատող
հեռ. 093-51-64-53, anahitas@mail.ru
—————————————————
1. Լեւոն Չորմիսյան, Համապատկեր արեւմտահայոց մէկ դարու պատմութեան, Ա. հատոր., Բեյրութ, 1972, էջ 55:
2. Ալբերտ Խառատյան, Կոստանդնուպոլսի հայ գաղութը, (XV-XVIIդդ.), Երեւան, 2007, էջ 51-67:
3. Յ. Գ. Մ. (Հարություն Մըրմրյան), Թուրքահայոց հին վաճառականութիւն եւ վաճառականք, Կ.Պոլիս, 1908:
4. Հայ Ժողովրդի Պատմություն, Դ. հատոր, Երեւան, 1972, էջ 310:
5. Լեո, Երկերի ժողովածու, Դ. hատոր , Երեւան, 1984, էջ 96-98:
6. Հայկ Ղազարյան, Արեւմտահայերի սոցիալ-տնտեսական եւ քաղաքական կացությունը 1800-1870 թթ., Երեւան, 1967, էջ 397, 399-340:
7. Ազգագրություն Տեմիրճիպաշյանց, Հանդես ամսօրյա, 1900, N. Ա., էջ 51-54:
8. Թորոս Ազատյան, Տատյան գերդաստանը եւ իր ականավոր դեմքերը, Ստամբուլ, 1952:
9. Հայկ Վահե, Խարբերդ եւ անոր ոսկեղէն դաշտը, Նյու Յորք, 1959, էջ 659-660:
10. Վահան Զարդարեան, Յիշատակարան (1512-1933), Կահիրե, 1933, էջ 54-58:
11. Լեո, Երկերի ժողովածու, Դ. hատոր , Երեւան, 1984, էջ 101:
12. Լեւոն Չորմիսյան, Համապատկեր արեւմտահայոց մէկ դարու պատմութեան, Ա. հատոր, Բեյրութ, 1972, էջ 163:
13. Լեւոն Չորմիսյան, Համապատկեր արեւմտահայոց մէկ դարու պատմութեան, Ա. հատոր, Բեյրութ, 1972, էջ 183:
14. Հայկ Ղազարյան, Արեւմտահայերի սոցիալ-տնտեսական եւ քաղաքական կացությունը 1800-1870 թթ., Երեւան, 1967, էջ 403:
15. Լեւոն Չորմիսյան, Համապատկեր արեւմտահայոց մէկ դարու պատմութեան, Գ. Հատոր (1908-1922), Բեյրութ, 1975, էջ 98:
16. Լեւոն Չորմիսյան, Համապատկեր արեւմտահայոց մէկ դարու պատմութեան, Ա. հատոր, Բեյրութ, 1972, էջ 187:
17. Լեւոն Չորմիսյան, Համապատկեր արեւմտահայոց մէկ դարու պատմութեան, Ա. հատոր, Բեյրութ, 1972, էջ 182:
18. Հայ Ժողովրդի Պատմություն, Զ. հատոր, Երեւան, 1981, էջ 466-467:
19. Ջոն Կիրակոսյան, Առաջին համաշխարհային պատերազմը եւ արեւմտահայությունը, Երեւան 1967,էջ 88:
20. Ջոն Կիրակոսյան, Առաջին համաշխարհային պատերազմը եւ արեւմտահայությունը, Երեւան 1967,էջ 89:
21. Յոհաննես Լեփսիուս, Գաղտնի տեղեկագիր-Հայաստանի ջարդերը, Բեյրութ, 1965, էջ 247-248:
22. Հայ Ժողովրդի Պատմություն, Զ. հատոր, Երեւան, 1981, էջ 464
23. Ջոն Կիրակոսյան, Առաջին համաշխարհային պատերազմը եւ արեւմտահայությունը, Երեւան 1967,էջ 88:
24. Լեւոն Չորմիսյան, Համապատկեր արեւմտահայոց մէկ դարու պատմութեան, Ա. հատոր., Բեյրութ, 1972, էջ 181:
25. Աբդուլ Համիդի յիշողությունները, Հորիզոն , 1913, N. 42:
26. Դմիտրի Երեմեեւ, Թուրքերի ծագումը, Երեւան, 1975, էջ 235:
Աղբյուր ՝ «ՀԵՏՔ» 19-10-2009

Հայերն օսմանյան տնտեսության մեջ -2

Հայերն արհեստագործության եւ երկրագործության բնագավառներում
Առեւտուրն իր բնույթով միջնորդություն է արտադրողի եւ սպառողի միջեւ եւ չի կրում արտադրողի ստեղծագործ եւ տքնաջան աշխատանքի ծանր բեռն ու հոգնությունը: Այդ միջնորդի դերը հաջողությամբ կատարելով հանդերձ՝ հայերն առաջնակարգ տեղ էին զբաղեցնում նաեւ երկրի արտադրության մեջ: Շատ արհեստներ, որոնք ծաղկել եւ փառք են բերել երկրին, գլխավորապես հայ ստեղծագործ մտքի տքնության արդյունք են: Հայ արհեստավորները բազմաթիվ բնագավառներում չունեին իրենց մրցակիցները[1]:
Հայ արհեստավորներին անդրադառնալիս առաջին հերթին պետք է հիշատակել ճարտարապետներին, շինարար վարպետներին, քարակոփներին եւ որմնադիրներին, ովքեր դարեր շարունակ մեծապես մասնակցել են օսմանյան երկրի շինարարական ձեռնարկներին: Նրանք կառուցել են հանրային շենքեր, պալատներ, մզկիթներ:
Հայերի կողմից է կառուցվել Հայդար Փաշա-Բաղդադ երկաթուղու կարեւոր մասը: Պետական շինարարությունը` արքունի ճարտարապետությունը, սերնդեսերունդ գտնվում էր Պալյան գերդաստանի պատասխանատվության տակ: Այս բացառիկ ընտանիքի 9 անդամները, շուրջ 2 դար իրար հաջորդելով, վարեցին արքունի ճարտարապետի պաշտոնը եւ Կոստանդնուպոլիսը զարդարելով հրաշակերտներով՝ իրենց բարձր արվեստի կնիքը թողեցին սուլթանների մայրաքաղաքի վրա[2]: Պալյաններից առաջ` Սինան Մեծից[3] սկսած, արքունի հայ ճարտարապետների մի ամբողջ շարան է եղել Կոստանդնուպոլսում, ովքեր իրենց տքնության բաժինն են բերել երկրի շենացման գործին[4]:
Գորգագործությունը մուտք է գործել երկիր եւ զարգացել հայերի միջոցով: Հայտնի ճանապարհորդ Մարկո Պոլոն Օսմանյան կայսրության հպատակ հայերի մասին գրել է, որ նրանք գործում էին ամենանուրբ եւ ամենագեղեցիկ գորգերը[5]: Առհասարակ, բոլոր արհեստները, որոնք ծաղկել են Oսմանյան կայսրությունում, ինչպես, օրինակ, գորգագործությունը, Եվրոպան հիշում է թուրքի անունով: Սակայն, այսօր ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ այն բոլոր գորգերը, որոնք հայտնի են փոքրասիական գորգեր անունով, պարզապես հայկական ձեռակերտներ են: Գորգագործությունը հայի նախընտրած արհեստներից մեկն էր: Կայսրության զանազան քաղաքներում` Սեբաստիայում, Կեսարիայում եւ այլուր, հայերի գործած գորգերը մեծ համբավ ունեին համաշխարհային շուկայում: 19-րդ դարից սկսած` նրանք զարկ տվեցին գորգի արտադրությանը[6]:
Երկրում մեծ հռչակ ունեին հայ զինագործ վարպետները: Կարնեցի զինագործները դարեր շարունակ զենք են մատակարարել օսմանյան բանակին:
Կարինում մեծ հռչակ ուներ զինագործների Վեմյան գերդաստանը: Քիչ չեն եղել արքունի հայ զինագործները, ովքեր զենքեր էին պատրաստում սուլթանների համար: Նրանցից շատերի գործերն այսօր պահվում են աշխարհի տարբեր թանգարաններում:
Կային արհեստներ, որոնք կարծես թե բացառապես հայերին էին վերապահված: Դրանցից մեկն, օրինակ, ատաղձագործությունն էր եւ, մանավանդ, կահույքագործությունը: XIX դարի 60-ական թվականներին նշանավոր էր կահույքագործների Քեմհաճյան գերդաստանը: Գալուստ Քեմհաճյանն առաջինն էր կայսրությունում, ով Կոստանդնուպոլսում հիմնեց կահույքի գործարան: Այստեղ արտադրված որակյալ, նրբաճաշակ կահույքը զարդարում էր կայսերական պալատները: Կահույքագործության մեջ Քեմհաճյան ընտանիքը բացառություն չէր: Հետագայում այդ գործին զարկ տվեցին ուրիշ հայ վարպետներ՝ հիմնելով փայտամշակման եւ կահույքի տարբեր գործարաններ[7]:
Խեցեգործությունը կայսություն մուտք է գործել XV դարում` Քյութահիայում հաստատված հայերի կողմից: Պարսկաստանից գաղթած հայ արհեստավորները զարգացման նոր որակ էին տվել հախճապակու արտադրությունը: XVIII դարի թուրք պատմագիր Էվլիա Չելեպին իր «Ուղեգրության» մեջ նշում է, որ Քյութահիայի երեք հայկական թաղերի բնակչությունը զբաղված է հախճապակու արտադրությամբ[8]: Հայ վարպետները հետամուտ եղան եւ կարողացան յուրացնել եվրոպական եւ, առանձնապես, ֆրանսիական կիրառական այս արվեստի նորությունները եւ իրենց արտադրանքը մրցունակ դարձրին եվրոպական շուկայում: 1914 թ. Քյութահիայում գործող երեք հախճապակու արտադություններն աշխատում էին Լոնդոնի եւ Փարիզի շուկաների համար: Այս արհեստը տարածվել է երկրի այլ քաղաքներում, ուր Պարսկաստանից գաղթած հայեր էին հաստատվել: Քյութահիայում արտադրված բազմաթիվ հախճապակյա իրեր այսօր պահվում են Լոնդոնի, Վենետիկի, Փարիզի եւ աշխարհի այլ խոշորագույն թանգարաններում[9]:
Հին ժամանակներից ի վեր հայերի նախընտրած արհեստներից էր ոսկերչությունը: Ոսկերչության կարեւոր կենտրոններից էին Կոստանդնուպոլիսը, Վանը եւ Կարինը, որոնք անվանի էին դարձել իրենց ոսկերիչներով[10]: XVIII դարի թուրք պատմագիր Էվլիա Չելեպին իր «Ուղեգրության» մեջ Կարինի հայ ոսկերչների մասին գրում է, որ նրանք աշխարհի ամենաճարտար վարպետներն էին[11]: XVIII եւ XIX դարերում Կոստանդնուպոլսի ոսկերիչների դասը գրեթե ամբողջովին բաղկացած էր հայերից: 1806 թվականի սուլթանական մի հրովարտակում հիշատակվող տասնյոթ լավագույն վարպետ ոսկիրչներից միայն մեկն էր հույն: Հայ արծաթագործների, ոսկերիչների եւ ակնագործների արտադրանքն իր որակով գերազանցում էր եվրոպականին: Հայ ոսկերիչները միաժամանակ թանկարժեք քարեր, հատկապես ադամանդ մշակող լավագույն արհեստավորներն էին: Հայերն այս արհեստի սկզբնավորողներն էին երկրում: Ադամանդ մշակող հայ վարպետները չէին զիջում Հոլանդիայի, Բելգիայի, Ֆրանսիայի իրենց արհեստակիցներին[12]:
Ժամագործության մեջ հայերը նույնպես առաջնակարգ դիրքում էին: Հայ ժամագործների մեջ նշանավոր էր մեծանուն երգահան Տիգրան Չուխաճյանի հայրը` Գեւորգ Չուխաճյանը, ով սուլթան Մեջիդի արքունի ժամագործապետն էր: Նա հնարել է երգող ժամացույց: Իր վարպետությամբ հայտնի էր նաեւ ժամագործ Մկրտիչ Գալֆայանը, ում հնարած մեծ ժամացույցը լարվում էր տասը տարին մեկ անգամ: Նա մեծ հռչակ է ունեցել նաեւ որպես ոսկերիչ: Պատրաստել է օսմանյան զինանշանը: Եղել է սուլթան Մահմուդ Բ. ոսկերիչը[13]:
Զիլճյան գերդաստանի անդամները շուրջ 3 դար բարձրորակ ծնծղաներ են պատրաստել եւ հռչակվել ամբողջ աշխարհում: Այս գերդաստանի նախահայր Գրիգոր Զիլճյանը XVII դարում ծնծղաների պատրաստության արհեստը սովորել է Չինաստանում, իսկ այնուհետեւ կատարելագործել այն իր հնարամտության եւ գյուտարարական տաղանդի շնորհիվ: XIX դարում Քերովբե Զիլճյանը Անգլիայում ներկայացրել է իր ծնծղաները: Ավստրիացի երգահան եւ խմբավար Յոհան Շտրաուսը պատվիրել է այդ ծնծղաներից` նշելով, որ դրանց երեւան գալով լրացրել է իր նվագախմբի հարվածային գործիքների ակնհայտ պակասը: Զիլճյանները 1914 թ. ունեին ծնծղայագործության երկու գործարան: Նրանց պատրաստած ծնծղաներն իրենց որակով գերազանցել են եվրոպականին թե՛ իրենց հնչողությամբ եւ թե՛ դիմացկունությամբ: «Զիլճյան» փորագրությունը կրող ծնծղաներն այսօր գործածվում են աշխարհի բազմաթիվ սիմֆոնիկ, փողային եւ էստրադային նվագախմբերում[14]:
Կոշկակարությունը, որը կյանքի առաջին անհրաժեշտություններից մեկն է, կայսրություն է մուտք գործել կրկին հայերի կողմից: Այս ասպարեզում թուրքերը նույնպես ունեին իրենց արհեստավորները, սակայն հայերը, հետամուտ լինելով նորություններին եւ իրենց աշխատանքի կատարելագործմանը, առաջնակարգ դիրք գրավեցին այս ասպարեզում եւ նույնիսկ գործարաններ հիմնեցին[15]:
Կոշկակարությանից զատ, դերձակությունը, որը նույնպես հայերի նախասիրած արհեստերից էր, իր զարգացումնէ ապրել Կ.Պոլսում, Երզնկայում եւ երկրի այլ քաղաքներում: Կարնո հայ դերձակներն առաջնակարգ էին Թուրքիայում: Նրանք էին կատարում օտար վաճառականների եւ նույնիսկ կառավարության պատվերները: Եվրոպական հագուստները երկրի քաղաքներ մուտք են գործել հայերի եւ հույների միջոցով: XX դարի սկզբին հայերը հանդիսանում էին անգլիական նորաձեւության տարածող վարպետները[16]:
Հայ կինն իր բաժինն է բերել կայսրության մեջ արհեստների զարգացման գործին: Հայ կնոջ ճաշակն ու ստեղծագործելու ձիրքն ի հայտ են եկել ժանյակագործության մեջ: Եվրոպան այս աշխատանքները ճանաչում է հայկական ժանյակ՝ «տանթել արմենիեն» անվանումով: Այդ ժանյակները զարդարում էին սուլթանական հարեմի եւ թուրք բարձրաստիճան պաշտոնյաների կանանց հագուստները: Ասեղնագործության մեջ իրենց աշխատանքներով նշանավոր էին Այնթափի հայուհիները, ում ձեռակետները, քաղաքի անունով, կոչվում էին «Այնթափի գործ»: Այս արհեստը տարածվել է Ուրֆայում, Մարաշում եւ այլ շրջաններում եւ դարձել շահութաբեր գործ[17]:
Աբդուլլահ եղբայրները եղել են օսմանյան լուսանկարչության հիմնադիրները: Նրանք արքունի լուսանկարիչներն էին: Գեւորգ, Ստեփան եւ Վիչեն Աբդուլլահ եղբայրների վարկը շատ բարձր էր սուլթանի մոտ: Աբդուլլահների մոտ էին լուսանկարվում Կոստանդնուպոլիս ժամանած եվրոպական երկրների մեծանուն այրերը[18]:
Թե մայրաքաղաքում եւ թե երկրի կենտրոնական քաղաքներում գրեթե ամբողջովին հայերն էին լուսանկարիչները, բժիշկները, դեղագործները, փաստաբանները եւ ազատ մասնագիտության այլ ներկայացուցիչները: Ինչպես ռուս պատմաբան Գոլոբորոտկոն է վկայում՝ քաղաքներում առանց հայերի չէր կարող գոյություն ունենալ տեխնիկայի, արվեստի, գիտության, արհեստագործության որեւէ ճյուղ[19]:
Երկրի ողջ երկրագործությունը, մանավանդ Արեւմտյան Հայաստանի տարածքում, քիչ բացառությամբ գտնվում էր հայերի ձեռքում: Այգեգործությունը, պարտիզպանությունը, գինեգործությունը, մեղվապահությունը, շերամաբուծությունը զարգանում էին հայերի շնորհիվ:
XIX դարում կայսրության մեջ երկրագործական նոր գիտելիքների առաջին տարածողները եղան Եվրոպայի երկրագործական համալսարաններում ուսանած հայ մասնագետներ Գրիգոր Աղաթոնը[20], Հակոբ Ամասյանը[21], Արամ Երամը[22]: Նրանց նախաձեռնությամբ Կ.Պոլսում եւ երկրի այլ քաղաքներում բացվեցին երկրագործական եւ անասնաբուժական վարժարաններ: Նրանք իրենց հրապարակումներով, պաշտոնական եւ մանկավարժական գործունեությամբ նպաստել են կայսրության գյուղատնտեսությունը գիտական նոր մեթոդներով զարգացնելու գործին:
Երկրագործության հետ կապված ասպարեզներից էին շերամաբուծությունը եւ մետաքսագործությունը, որոնց կարեւորությունը երկրի համար հայերը վաղուց ըմբռնել էին եւ զարկ տվել այդ ասպարեզներին: Պողոս ամիրա Պիլեզիկճյանը եւ Հակոբ Չելեպի Տյուզյանը XIX դարի սկզբներին հայտնվեցին մետաքսագործության ասպարեզում` Պրուսայում հաստատելով մանարաններ[23]: Այստեղ արտադրված մետաքսը մեծ պահանջարկ ուներ թե՛ ներքին եւ թե՛ եվրոպական շուկաներում: Կայսրությունում մետաքսագործության ծավալմանը սատարել է Մկրտիչ ամիրա Ճեզայիրլյանը` արդիականացնելով մետաքսի արտադրությունը: Նրա ձեռնարկություններում արտադրված մետաքսը 1851 թ. Լոնդոնի ցուցահանդեսում արժանացել է շքանշանի: Երկրում շերամաբուծությունը եւ մետաքսի արտադրությունը մեծ թափ են առել Գեւորգ Թորգոմյանի շնորհիվ, ով 1888 թ. հիմնել է Պրուսայի Շերամաբուծական վարժարանը, ուր 35 տարի շարունակ վարել է տնօրենի եւ ուսուցչապետի պաշտոնները: Այստեղ բոլոր մասնագետ դասախոսները նույնպես հայեր էին: Այս կրթական հաստատության շնորհիվ երկրում կիրառվեցին շերամաբուծության նոր գիտական մեթոդներ, եւ թուրքական մետաքսը մեծ պահանջարկ գտավ Եվրոպայում[24]: Եվրոպական սարքավորումներով հագեցած էր Ֆաբրիկատորյան եղբայրներին պատկանող` 1870 թվականին Խարբերդում հիմնված մետաքսի գործարանը, որն իր տեսակով միակն էր երկրի ասիական մասում: Այստեղ արտադրված որակյալ մետաքսը մեծ համբավ ուներ եվրոպական շուկայում: Այն մրցանակներ էր շահել միջազգային ցուցահանդեսներում եւ իր որակով չէր զիջում Լիոնի համբավավոր մետաքսին[25]:
Օսմանյան կայսրությունում տնտեսագիտությունը կիրառել եւ գիտական հիմքի վրա են դրել սուլթան Աբդուլ Համիդ Բ.-ի անձնական գանձերի նախարարներ Միքայել փաշա Փորթուգալյանը[26] եւ Հովհաննես փաշա Սագըզյանը[27]: Նրանք դասավանդել են Մյուլքեի բարձրագույն վարժարանում եւ կայսրությունում առաջին անգամ հիմնել տնտեսագիտության եւ քաղաքատնտեսության ամբիոններ, ուր երկար տարիներ դասավանդելով՝ երկրի համար պատրաստել են բազմաթիվ մասնագետներ: Նրանք թարգմանել են տնտեսագիտության մասին գրքեր, հեղինակել դասագրքեր եւ ստեղծել թուրքերեն մասնագիտական տերմիններ, որից զուրկ էր այդ շրջանի թուրքերեն լեզուն[28]:
Օսմանյան կայսրության տնտեսական կյանքում հայերի գրաված դիրքի մասին վկայում է հայերի 1915 թ. տեղահանության եւ կոտորածների ականատես Յոհաննես Լեփսիուսի մի նկարագրություն. «Հայերի տեղահանությունից հետո դատարկված բնակավայրերում արդեն, մի քանի բացառություններից բացի, ո՛չ որմնադիր էր մնացել, ո՛չ երկաթագործ, ո՛չ հյուսն, ո՛չ ատաղձագործ, ո՛չ բրուտ, ո՛չ դեձակ, ո՛չ կոշկակար, ո՛չ ոսկերիչ, ո՛չ դեղագործ, ո՛չ փաստաբան: Չկար այլեւս մեկ անձ, որ զբաղվում էր ազատ մասնագիտություններով եւ արհեստով»:
Անահիտ Աստոյան
Մատենադարանի կրտսեր գիտաշխատող
—————————————————-
1. Հայ գաղթաշխարհի պատմություն, միջնադարից մինչեւ 1920 թ., Երեւան, 2008, էջ 129:
2. Pars Tugaci, The Role Of The Balian Femili In Ottoman Architecture, Ստամբուլ, 1990:
3. Սինան ճարտարապետին հայութիւնն ապացուցուած, Անահիտ, 1931, N. Գ.-Դ., էջ 165-166։
4. Ս. Ճեվահիրճյան, Հայ ճարտարապետներ Օսմանեան կայսրութեան մէջ, Շիրակ , 1968, N. 6-7, էջ 251-273:
5. Հովհաննես Տեր-Պետրոսյան, Հայերու սատարը թուրք մշակոյթին եւ տնտեսութեան, Կահիրե, 1976, էջ 195:
6. Հայ Ժողովրդի Պատմություն, Զ. հատոր, Երեւան, 1974, էջ 464:
7. Հայ գաղթաշխարհի պատմություն, միջնադարից մինչեւ 1920թ., Երեւան, 2008, էջ 127:
8. Karo Kurkman, Magic of clay and fire A histori of Kutahya pootery and potters, Ստամբուլ, 2006:
9. Հայկական Սովետական հանրագիտարան, Զ հատոր, էջ 25:
10. Հովհաննես Տեր-Պետրոսյան, Հայերու սատարը թուրք մշակոյթին եւ տնտեսութեան, Կահիրե, 1976, էջ 206:
11. Հակոբ Սիրունի, Պոլիս եւ իր դերը, Դ. հատոր., Անթիլիաս, 1988, էջ 215:
12. Արմենակ Սագըզյան, Հայերու գեղարուեստական գործունէութիւնը Իկոնիոյ եւ Կ.Պոլսոյ սուլթաններու օրով, Անահիտ, 1933, հոկտեմբեր-դեկտեմբեր, էջ 34:
13. Թեոդիկ, Ամէնուն տարեցոյցը, 1927, էջ 288:
14. Արծվի Բախչինյան, Հայազգի գործիչներ հնագույն ժամանակներից մինչեւ մեր օրերը, Երեւան, 2002, էջ 47-48:
15. Հովհաննես Տեր-Պետրոսյան, Հայերու սատարը թուրք մշակոյթին եւ տնտեսութեան, Կահիրե, 1976, էջ 188:
16. Արշակ Ալպոյաճյան, Պատմութիւն Կեսարիոյ Հայոց, Բ. հատոր, Կահիրե, 1937, էջ 1520:
17. Հակոբ Սիրունի, Պոլիս եւ իր դերը, Դ. հատոր, Անթիլիաս, 1988, էջ 241:
18. Եսայի Տայեցի, Գեւորգ Ապտուլլահ կեանքն ու գործունէութիւնը, Բազմավեպ, 1929, N 1-7:
19. Հայ Ժողովրդի Պատմություն, Ե. հատոր, Երեւան, 1974, էջ 96-97:
20. Սահակ Տեր-Մովսիսյան, Հիշատակ Արամ Երամ էֆենտիի, Բազմավեպ, 1927, էջ 25-32:
21. Մկրտիչ Պոտուրյան, Հայ հանրագիտակ, Բուխարեստ, 1939, էջ 120-121:
22. Թորոս Ազատյան, Հայ պաշտօնատարներ Թուրքիոյ մէջ, Աղաթոն Գրիգոր, Ժամանակ, 1944, N 306:
23. Հակոբ Սիրունի, Պոլիս եւ իր դերը, Դ. հատոր., Անթիլիաս, 1988, էջ 265-266:
24. Հակոբ Սիրունի, Պոլիս եւ իր դերը, Դ. հատոր, Անթիլիաս, 1988, էջ 267:
25. Հայկ Վահե, Խարբերդ եւ անոր ոսկեղէն դաշտը, Նյու Յորք, 1959, էջ 640-643:
26. Հ. Յ. Թորոսյան, Միքայէլ Փորթուգալ փաշա, Բազմավեպ, 1936թ., N. 8-12, էջ 331-334:
27. Հ. Պ. Սամուէլյան, Յովհաննէս փաշա Սագըզ. Կենսագրական, Հանդես ամսօրյա, Վիեննա, 1912 թ., թիվ 9, էջ 513-520:
28. Գրիգոր Խ. Քէօմիւրճյան, Յօդուածաշարք, գ. գգգ, Կենսագրական բաժին, Ստամբուլ,1947,էջ 7-15
Աղբյուր ՝ «ՀԵՏՔ» 26-10-2009

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4