October 21, 2019

Առանց դատավորների աշխատավարձերի բարձրացման՝ մենք չենք կարող իրապես անկախ դատական համակարգ ունենալ

Բյուջեի կատարողականի վերաբերյալ իր եզրափակիչ ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ որոշ ընկալումների։

Մասնավորապես, խոսելով քննադատությունների մասին, թե կառավարությունը ռեֆորմները չի անում անհրաժեշտ արագությամբ, Փաշինյանն ասաց, որ 1990-ականներից, երբ ակտիվ լուսաբանում էր քաղաքական կյանքը, մի տպավորություն ունի, որ արագ ռեֆորներ՝ նշանակում է՝ ձախողված ռեֆորմներ․

«1990-ականների սկզբին իմ աչքի առաջ եւ իմ հոդվածներում են արտահայտված, թե մի քանի՝ պարզապես փայլուն եւ ստրատեգիական նշանակության ռեֆորմներ ինչու եւ ինչպես են ձախողվել միայն այն պատճառով, որ նրանց հեղինակները ցանկացել են ժամ առաջ դա ներդնել ՀՀ-ում, եւ այդ ռեֆորմները մինչ այսօր իրականություն չեն եւ ՀՀ-ն մինչ օրս կրում է այդ ռեֆորմների տեղի չունենալու ծանր հետեւանքները»,- ասաց Փաշինյանը՝ նկատելով, որ այս քննադատությունները, որպես աշխարհայացքային ընկալում, եւ ոչ թե քննադատություն, հիմնավոր են․

«Ես ուզում եմ անկեղծ խոստովանել․ այո, մեր քաղաքական թիմն այդպիսի նկատառում եւ միտում ունի, եւ այդ միտումը մի անգամ շատ փայլուն ձեւակերպել է ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն իր հարցազրույցներից մեկում՝ ասելով, որ արագը դանդաղն է, բայց առանց ընդհատումների։ Այսինքն շատ կարեւոր է չշտապել, ափալ-թափալ գործողություններ չանել»,-ասաց վարչապետը եւ անդրադարձավ դատաիրավական համակարգի փոփոխությունների վերաբերյալ քննադատություններին․

«Այն, որ Հայաստանում դատաիրավական համակարգը պետք է խորքային, արմատական, ռադիկալ բարեփոխումների ենթարկվի, սա նորություն չէ։ Բայց ինձ համար միանշանակ է եղել, որ ՀՀ-ում դատական իրապես անկախ համակարգ չենք կարող ունենալ առանց դատավորների աշխատավարձը հինգ-վեց անգամ բարձրանցնելու»,-նշեց Փաշինյանը՝ բացատրելով․

«Անցյալ տարի ՀՀ-ում թերեւս առաջին անգամ դիտարկվել է երեւույթ, երբ դատավորների թափուր տեղերի համար հայտարարված մրցույթում եղել է «նեդաբոռ», այսինքն՝ եղել են տեղեր, բայց պատշաճ հավակնորդներ չեն եղել։ Ինչո՞ւ։ Շատ պարզ պատճառով, եկեք մեզ դնենք պոտենցիալ հավակնորդների տեղում․ գիտեն, որ կաշառք պիտի չվերցնեն, հակառակ դեպքում՝ կձերբակալվեն, գիտեն, որ բիզնեսով չպիտի զբաղվեն, հակառակ դեպքում կբացահայտվեն եւ կպատժվեն, գիտեն, որ պետք է ստանան 400-600 հազար դրամ աշխատավարձ եւ պետք է որոշ դեպքերում մարդկանց դատապարտեն ցմահ ազատազրկման եւ այսպես շարունակ։ Հիմա դուք ձեզ հարց տվեք․ այս պայմաններում ո՞վ կուզենա լինել դատավոր։ Սա կարեւոր է, որովհետեւ երբ ասում ենք դատավորների աշխատավարձ, սկսում են հիշել կոռումպացված դատավորներին։ Ոչ, խոսքը նրանց մասին չէ, մեզ անհրաժեշտ է, որ թափուր տեղերը զբաղեցնեն սկզբունքային, ողնաշար ու հավատ ունեցող, իրավունքին հավատացող մարդիկ, եւ այս կյանքի մասնագետներն այսօր մասնավոր սեկտորում ստանում են 200 հազարից ավելի աշխատվարձ։ Ո՞նց խնդրենք, բերենք դատավոր։ Իմ հավատը եղել է եւ է, որ առանց այս խնդրի լուծման մենք չենք կարող իրապես անկախ դատական համակարգ ունենալ։ Բարձր պրոֆիլի մասնագետը գա դատավոր աշխատի եւ չկարողանա իր երեխայի ուսման վարձը վճարե՞լ»,-մտահոգություն հայտնեց վարչապետը։

Նա ասաց, որ 2018 թվականին չէին կարող գնալ նման քայլի, քանի որ նախ հանրայնորեն չէր կարող եւ այսօր էլ չի ընկալվի աշխատավարձերը բարձրացնելու որոշումը, թեպետ բյուջեն հնարավորություն ունի․

«Ի՞նչն է պատճառը, որովհետեւ այդ պրոցեսի կարեւորության նկատմամբ բավարար ընկալում չի ձեւավորվել, հանրությունը չի հասկացել՝ ինչու է արվում եւ սեփական մաշկի վրա դրա անհրաժեշտությունը չի զգացել։ Մեր ընկալումն այն է, որ միջազգային դոնորները Հայաստանին այս հարցում կաջակցեն, մենք երկու-երեք տարի նոր ներգրավված դատավորների աշխատավարձերը կբարձրացնենք, դա մեր բյուջեի վրա ազդեցություն չի ունենա, այդ ընթացքում հանրությունը, ընդդիմությունը կհամոզվի, որ անկախ դատական համակարգ ունենալը լավ բան է, դա բխում է բոլորիս շահերից, եւ այդ ժամանակ առանց դիմադրության հանրությունը կհամաձայնի սեփական միջոցներից տրամադրել այդ գումարը, պայմանով, որ մեզ պետք է անկախ դատական համակարգ»,-պարզաբանեց Նիկոլ Փաշինյանը։

Անդրադառնալով կառավարության կառուցվածքի փոփոխության ընթացքի վերաբերյալ քննադատություններին, Փաշինայնն ասաց, որ նույն պատճառով այդ գործընթացը տեւեց 6-7 ամիս․

«Սկզբնական շրջանում շատ մեծ ալեկոծություն առաջացավ, թե այս ինչ է տեղի ունենում։ Բայց կառավարության կառուցվածքի փոփոխությունը տեղի ունեցավ հանդարտ ու առանց ցնցումների։ Ուզում եմ արձանագրենք, որ պետք չէ մի տարվանից ակնկալել 30 տարվա խնդրիների լուծումներ»։

armtimes.com

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4