August 23, 2019

Բացառիկ հնարավորություն. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Հունաստանի դեմ խաղում

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը վաղը կարևորագույն հանդիպում կանցկացնի Աթենքում: Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական փուլի 3-րդ տուրում Լիխտենշտեյնի նկատմամբ 3:0 հաշվով տարած հաղթանակից հետո մեր ազգային թիմը նախադրյալներ ստեղծեց ենթախմբում 2-րդ հորիզոնականի համար պայքարելու: Այո, շատերը կպնդեն, որ մենք պատրաստ չենք և ի զորու չեն նման խնդիր լուծելու, բայց այս պահին, երբ տեսական հնարավորություն կա տեսադաշտում, կարծում ենք՝ անհրաժեշտ է լրջորեն տրամադրվել, ասել է թե՝ փորձը փորձանք չէ:

3-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 9 միավորով գլխավորում է Իտալիայի հավաքականը: Վերջինս 2 օր առաջ Աթենքում 3:0 հաշվով հաղթեց Հունաստանին: Երկրորդ հորիզոնականում 6 միավորով Ֆինլանդիան է, որը անակնկալ մատուցելով՝ 3-րդ տուրում սեփական հարկի տակ 2:0 հաշվով առավելության հասավ Բոսնիա-Հերցեգովինայի նկատմամբ: Վերջինս և Հունաստանը 4-ական միավորով գտնվում են 3-րդ և 4-րդ հորիզոնականներում:

Մենք առայժմ 5-րդն ենք՝ 3 միավորով: Հույներին հաղթելու դեպքում իրական հնարավորություն ունենք միանգամից 3-րդ հորիզոնականում հայտնվելու: Բոսնիայի ընտրանին վաղը հյուրընկալվելու է Իտալիային, և մեծ է հավանականությունը, որ աշխարհի քառակի չեմպիոնը 4-րդ անընդմեջ հաղթանակը կտանի՝ էլ ավելի ամրապնդվելով առաջին հորիզոնականում:

Բնական է, որ դաշտի տիրոջ կարգավիճակ ունեցող հույները վաղվա խաղում որոշակի առավելություն ունեն: Ընդհանուր առմամբ Հունաստանի հավաքականի խաղացողները կարգով գերազանցում են մերոնց, բայց… Իտալիայի դեմ Հունաստանն ուղղակի խղճուկ տեսք ուներ: Արդեն առաջին կեսում հյուրերն ուղղակի կապիտուլյացիայի ենթարկեցին մրցակցին: Կհամարձակվենք պնդելու, որ հույների մոտ ճգնաժամային շրջան է, և մենք հնարավորություն ունենք պահն օգտագործելու:

Եթե օբյեկտիվ գնահատենք իրավիճակը, ապա պետք է նշենք, որ Լիխտենշտեյնի դեմ Հայաստանի հավաքականը ընդհանուր առմամբ վատ չխաղաց: Գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը խնդիր էր դրել մրցակցին ճնշելու՝ կենտրոնից թիրախավորելով պաշտպանության կենտրոնը: Խաղային այս պլանը տվեց իր արդյունքը: Այս գործում մեծ էր թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի դերակատարությունը: Առաջին կեսում մերոնք մեծ առավելություն ունեին և կարող էին երկրորդ կեսը սկսել առնվազն 4:0 առավելությամբ: Երկրորդ կեսում Հայաստանի հավաքականի խաղը որոշակիորեն խամրեց: Լիխտենշտեյնի գլխավոր մարզիչը մարտավարական փոփոխությունների դիմեց, որին Գյուլբուդաղյանցը թերի արձագանքեց: Մրցակիցը մեծացրեց ճնշումը Մխիթարյանի և կենտրոնական հարձակվող Ալեքսանդր Կարապետյանի նկատմամբ: Արդյունքում գրոհները կորցրին սրությունը, սկսեցինք ավելի շատ սխալվել: Հարկավոր էր զարկ տալ եզրերին:

Հարձակման աջ եզրում Տիգրան Բարսեղյանն էր, որը շարունակ ծուռ էր հարվածում կամ կորցնում գնդակը: Այո, վերջին րոպեին այս ֆուտբոլիստը գոլի հեղինակ դարձավ, բայց ընդհանուր առմամբ նրա գործողություններում խոտանի տոկոսը բավական մեծ էր: Անհրաժեշտ էր գոնե 20 րոպե հնարավորություն տալ Արաս Օզբիլիսին, որը խաղի որակը բարձրացնելուց բացի՝ պրակտիկա կունենար Հունաստանի դեմ խաղից առաջ: Ամեն դեպքում Լիխտենշտեյնի հետ խաղում չունենալով խաղային պրակտիկա՝ Գևորգ Ղազարյանը բավական հաջող խաղ ցույց տվեց: Սա ապացույցն է նրա, որ Ղազարյանի կամ Օզբիլիսի մակարդակի ֆուտբոլիստների պարագայում նույնիսկ պրակտիկայի պակասի դեպքում օգտակար գործողությունների գործակիցը կարող է բարձր լինել: Ավելին՝ նման պատասխանատու խաղերում Օզբիլիսի պես փորձառու և պրոֆեսիոնալ ֆուտբոլիստը մեզ օդի և ջրի պես է պետք:

Ինչևէ, Լիխտենշտեյնի դեմ մյուս եզրային կիսապաշտպան Էդգար Բաբայանին էլ հարկավոր էր ավելի շուտ խաղադաշտ դուրս բերել: Այս ֆուտբոլիստը անակնկալի բերեց մրցակցին՝ սուր գործողություններ իրականացնելով ձախ եզրում: Շատերը կհամաձայնեն, որ Էդգար Բաբայանի՝ Հունաստանի դեմ խաղում մեկնարկային կազմում լինելն անհրաժեշտություն է: Կարծում ենք՝ անհրաժեշտ կլինի նաև Հունաստանի դեմ խաղի սկզբին երկու նոմինալ հենակետային կիսապաշտպաններով պայքարելը: Ավելի ստույգ՝ 4-2-3-1 մարտավարությունն ամենահարմարն է թվում Հունաստանի դեմ խաղում:

«Առաջին լրատվական»-ի վարկածով՝ վաղվա խաղում Հայաստանի հավաքականի ամենաօպտիմալ մեկնարկային կազմը հետևյալն է. դարպասում՝ Արամ Հայրապետյանը, իսկ պաշտպանության կենտրոնում՝ Տարոն Ոսկանյանն ու Վարազդատ Հարոյանը: Աջ եզրում տեսնում ենք Հովհաննես Համբարձումյանին, իսկ ձախ եզրում՝ Կամո Հովհաննիսյանին: Հաշվի առնելով մրցակցի կարգն ու դրսում խաղալու հանգամանքը՝ կարծում ենք, արդյունավետ կլինի Ռումյան Հովսեփյան-Հենրիխ Մխիթարյան զույգը: Ենթահարձակվողի դիրքում տեսնում ենք Գևորգ Ղազարյանին, իսկ կիսապաշտպանության ձախ եզրում՝ Էդգար Բաբայանին: Ու չնայած խաղային պրակտիկայի պակասին՝ գոնե հանդիպման առաջին կեսում կիսապաշտպանության աջ եզրում մեր հավաքականի համար առավել օգտակար, կարծում ենք, կլինի Արաս Օզբիլիսը: Որպես նոմինալ հարձակվող, ըստ ամենյանի, մեկնարկային կազմում կտեսնենք Ալեքսանդր Կարապետյանին:

Եվս մեկ անգամ ընդգծենք, որ առաջիկա հանդիպումն ավելի քան կարևոր է մեզ համար: Ունենք բացառիկ հնարավորություն ենթախմբում լուրջ քայլ կատարելու և ամեն գնով պետք է փորձենք օգտագործել այն: Հունաստանը և Բոսնիան սպասվածից շատ ավելի թույլ են ելույթ ունենում, և այս թիմերից միավորներ պոկելը, կարծում ենք, իրատեսական է:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4