June 26, 2019

Վեթինգի կիրառման մեխանիզմը կոռուպցիոն ռիսկեր չի պարունակում․ Նիկոլայ Բաղդասարյան

Ազգային ժողովն առաջիկայում քննարկելու է վեթինգի հանձնաժողով ստեղծելու հարցը։ Նախորդ շաբաթ խորհրդարանում անցումային արդարադատության վերաբերյալ մեծ լսումների ժամանակ խոսվեց անցումային արդարադատության գործիք հանդիսացող լյուստրացիայի մասին, սակայն, ընդհանուր առմամբ, սրա շուրջ կոնսենսուս չեղավ, քանի որ այն իր մեջ վտանգներ է պարունակում, մարդու իրավունքների խախտում եւ այլն։ Չնայած սրան՝ ընդհանուր համաձայնություն կար մեկ այլ գործիքի կիրառման՝ վեթինգի շուրջ։ Վեթինգ իրականացնելու հնարավոր վտանգների մասին զրուցել ենք ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նիկոլայ Բաղդասարյանի հետ։

Նիկոլայ Բաղդասարյանն, ընդհանուր առմամբ, վեթինգ կիրառելու մեջ որեւէ վտանգ չի տեսնում։ Վերջինս պարզաբանեց, որ այս գործիքը կիրառվում է նոր ընդունվող աշխատողների որակի ստուգման եւ արդեն աշխատողների ֆիլտրման համար․

«Վեթինգն օգտագործվում է անցումային արդարադատության շրջանակներում եւ կամ մշտապես։ Օրինակ՝ Անգլիայում այդ գործիքն անհրաժեշտ է, որպեսզի պետական ծառայող դառնալու համար պարտադիր անցնես վեթինգի միջով»,-մեկնաբանեց Բաղդասարյանը՝ նշելով, որ ըստ այդմ՝ գործիքն ինքնին վտանգավոր չէ՝ ի հակառակ լյուստրացիայի:

«Հայկական ժամանակ»-ի հարցին՝ պնդումներ կան, որ վեթինգի հանձնաժողովում ներգրավվող անձինք եւս պետք է ենթարկվեն այդ գործընթացին, այդ դեպքում նրա՞նց նկատմամբ ով է կիրառելու վեթինգը, Բաղդասարյանը պատասխանեց՝ միջազգային կազմակերպությունների կողմից նշանակված փորձագետները, միջազգային հանրության մոտ բարձր հեղինակություն վայելող անձինք․

«Իմ պատկերացմամբ՝ վեթինգի հանձնաժողովում ներգրավվելու համար նախ պետք է թեկնածուներ առաջադրվեն, ասենք՝ 15-ը, որոնցից հետագայում վեթինգի արդյունքում կմնան հինգը, նրանք էլ կնշանակվեն»։

Ինչ վերաբերում է հանձնաժողովում հնարավոր կոռուպցիոն ռիսկերին՝ պատգամավորը կարծում է, որ մեխանիզմը նման ռիսկեր չի պարունակում, որովհետեւ, ի վերջո, հանձնաժողովը դատավորների լիազորությունների դադարեցմամբ չի զբաղվելու, այլ հավաքագրելու է փաստաթղթերը, ստուգելու է փաստերը, հետո հանձնի համապատասխան իրավասու մարմնին․

«Անցումային արդարադատության շրջանակներում անկախ հանձնաժողով պիտի անի վեթինգը, իսկ որպես համակարգային մարմին՝ գործող համակարգերը։ Եթե անում ենք անցումային արդարադատության շրջանակներում, ապա ճանապարհն այն է, որ գործընթացը պետք է արվի անկախ հանձնաժողովի կողմից, երկրորդը՝ այդ ընթացքում պետք է հնարավորություն տրվի, ինչպես լսումների ժամանակ նշեց «Իրավաբանների հայկական ասոցիացիայի» նախագահ Կարեն Զադոյանը, «մարդասիրական միջանցք» օգտագործելու, որ եթե որոշ դատավորներ չանցնեն հանձնաժողովով, իրենք ուղղակի դուրս գան համակարգից, եւ որեւէ հետապնդում չիրականացվի նրանց նկատմամբ»,- պարզաբանեց իրավաբանը։

Մեր դիտարկմանը, որ պնդումներ կան, թե միայն դատական համակարգը չպետք է ենթարկվի վեթինգի, այլ նաեւ ողջ իրավական համակարգը, Նիկոլայ Բաղդասարյանն արձագանքեց, որ վեթինգ իրականացվում է դատական համակարգում, քաղաքական որոշում կայացնող անձնաց շրջանակում, քննչական ապարատում, զինված ուժերում, ուժային կառույցներում, եւ եզակի դեպքերում՝ կրթական համակարգում, իսկ բացի դատականից՝ մյուս ապարատներում վեթինգ իրականացնելու հարցը միայն քաղաքական որոշման խնդիր է․

«Դատական համակարգի մասով առանձնահատուկ է, քանի որ դատավորների անձեռնմխելիության խնդիր կա Սահմանադրությամբ սահմանված։ Դատավորների դեպքում վեթինգ իրականացնելու գործընթացը պետք է առանձին օրենքով կարգավորվի, մնացածի դեպքում՝ առանձին»։

Հարցին՝ այսինքն հնարավոր է՝ առաջիկայում էլ իրավակա՞ն համակարգում կիրառվի այս գործիքը, Նիկոլայ Բաղդասարյանը տեսականորեն չբացառեց, բայց անհրաժեշտության մասով ասաց, որ վեթինգ իրականացվում է որեւէ համակարգի հանդեպ անվստահության դեպքում․

«Եթե համակարգը նորմալ է գործում, կա վստահություն, իմաստ չկա վեթինգ իրականացնելու։ Իսկ եթե աշխատողների որակի խնդիրն է, ապա առանց այդ գործիքակազմի էլ կարելի է ատեստավորում անցկացնել»։

Մեր այն դիտարկմանը, որ Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը տարիներ շարունակ անվստահություն է ունեցել ուժային կառույցների՝ ոստիկանության, ԱԱԾ-ի եւ մյուսների հանդեպ, հիմա կա՞ վստահություն, եւ ըստ այդմ՝ չկա՞ վեթինգի անհրաժեշտություն, Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ վերջերս ՀՀ դատախազության ներկայացրած տվյալները ցույց են տալիս, որ հանրային վստահության աճ կա․

«Մասնավոր հետազոտություն չունեմ, բայց այդ տվյալների համաձայն՝ կրկնակի աճել են քաղաքացիների դիմումները, հանցագործությունների բացահայտումը եւս աճ է գրանցել, ինչը նշանակում է, որ կա նաեւ հանրային վստահության որոշակի աճ»,-եզրափակեց մեր զրուցակիցը։

armtimes.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4