July 18, 2019

Իրանը Սիրիա չէ. Թեհրանի և Վաշինգտոնի միջև պատերազմը ողբերգական հետևանքներ կունենա

«Ակնհայտ է, որ նման լարման սկզբնաղբյուրը ԱՄՆ նախագահ պարոն Թրամփի գործելաոճն է: Ըստ էության գործ ունենք մի նախագահի հետ, որը չի ուզում հաշտվել այն մտքի հետ, որ Թեհրանը լրջագույն խաղացող է եղել, շարունակում է լինել և լինելու է Մերձավոր Արևելքում… Հետևաբար լարման սկիզբը պետք է տանել այն ժամանակաշրջան, երբ Միացյալ Նահանգները ներկայիս վարչակարգի պայմաններում դուրս եկավ Իրանի հետ կնքած միջազգային միջուկային համաձայնագրից, որին հաջորդեցին բազմաթիվ գործողություններ: Ինչևիցե, այսօր ունենք այն իրավիճակը, որն ունենք՝ լարման բավական բարձր մակարդակ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ անդրադառնալով Իրանի և ԱՄՆ-ի միջև լարված հարաբերությունների ներկայիս շրջափուլին:

Ոսկանյանի խոսքով՝ թեև կողմերը հայտարարել են, որ հակված չեն պատերազմ սկսել, բայց Բաղդադից և Էրբիլից ամերիկացի դիվանագետների դուրսբերումը, կարելի է ասել, սադրանքի նպատակ է հետապնդում, քանի որ իրանցիները Միացյալ Նահանգների դեսպանատների վրա չեն հարձակվում: «Իսլամական հեղափոխության ժամանակ նման դեպք եղել է, դրան հաջորդող ժամանակահատվածում դիվանագիտական և ոչ դիվանագիտական անձանց  դեմ տարբեր գործողություններ ևս իրականացվել են, բայց Բաղդադում և Էրբիլում Իրանը բնականաբար հարձակում չի նախապատրաստում ԱՄՆ-ի դեմ»:

«Եթե խոսում ենք ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմի մասին, պետք է ակնհայտորեն գնահատել դա որպես Մերձավոր Արևելքում ողբերգական հսկայական գործընթաց: Ակնհայտ է, որ Իրանի հետ պատերազմն Իրաքի հետ պատերազմ չէ, Իրանը Սիրիա չէ… Այս համատեքստում, կարծում եմ, առնվազն մեր տեսանկյունից անտրամաբանական է պատերազմ ակնկալել, բայց Աստված գիտե՝ ինչ են մտածում օվկիանոսից անդին որոշում կայացնողները, կարծում եմ՝ նրանք էլ խելամիտ մարդիկ են՝ չնայած զանազան դիրքորոշումներին»,- հավելեց նա:

Հարցին՝ ինչպես պետք է դիրքավորվի Հայաստանը ստեղծված իրավիճակում, մեր զրուցակիցն ասաց. «Մենք պետք է ունենանք մեր պետության տեսլականը՝ ինչպիսի պետություն ենք ուզում ունենալ մենք: Կարծում եմ, որ այդ պետության տեսլականը պետք է հիմնված լինի մի քանի առանցքային դրույթների վրա, որոնցից առաջինը պետք է լինի համար մեկ պետությունն այս տարածաշրջանում՝ իր տնտեսական, քաղաքական, մշակութային և բոլոր այլ բաղադրիչների հզորությամբ: Հետևաբար եթե ուզում ենք տարածաշրջանում տեսնել Հայաստան՝ որպես գերտերություն, ես կարող եմ ասել Հայաստան՝ որպես գերտերություն… կարծում եմ՝ առկա սահմաններում էլ կարող ենք ստեղծել գերտերություն, պետք է սկսել առկա սահմաններից, այնուհետև մտածել ընդլայնման մասին, որովհետև այսօր կա փափուկ ուժի միջոցով ընդլայնվելու հսկայական հնարավորություն, որը չենք օգտագործում»:

Ոսկանյանի խոսքով՝ Հայաստանը պետք է օգտվի Իրանի հետ հարևանության միջոցով ընձեռված բազմազան հնարավորություններից, որոնք ունեն ոչ միայն տնտեսական, այլ նաև չափազանց մեծ աշխարհաքաղաքական նշանակություն:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4