May 22, 2019

«Եթե ԱԺ լսումներ կայանան, պատրաստ եմ ներկայացնել Հոկտեմբերի 27-ի պատվիրատու-կազմակերպիչ-կատարող շղթան, հնչեցնել անուններ»

ԱԺ երկրորդ գումարման պատգամավոր, ՌԴ կառավարությունում 2000-2003 թթ. Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Տարոն Սահակյանը օրերս «Առաջին լրատվական»-ին էր տրամադրել Բաց նամակ՝ ուղղված վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Նամակում Տ.Սահակյանը վարչապետի ուշադրությունն էր հրավիրել իր նախաձեռնության վրա, որով ցանկանում է ԱԺ-ում Հոկտեմբերի 27-ի գործով լսումներ կազմակերպել։ ԱԺ նախագահը, սակայն, իր երկու դիմումներին այդպես էլ չէր արձագանքել։

Սահակյանը նամակում նաև գրել էր, որ մեր լրատվամիջոցին տված հարցազրույցներից հետո, որոնցում բավական մանրամասն ինֆորմացիաներ էր ներկայացրել «Գույք՝ պարտքի դիմաց» գործարքի, Հոկտեմբերի 27-ի մասին, իր նկատմամբ հետապնդումներ, սպառնալիքներ, այդ թվում՝ մահափորձ է եղել։ Սահակյանը գրել էր, որ «Գույք՝ պարտքի դիմաց» գործարքի և Հոկտեմբերի 27-ի կազմակերպիչները իրենից ձեռք չեն քաշում։

Տարոն Սահակյանն այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ այսօր էլ շահագրգռված է լսումների կազմակերպման հարցում: «Եթե այդ լսումները կայանան, ապա ես խոստանում եմ շատ մանրամասն ներկայացնել ընդհուպ 1998 թվականի փաստաթուղթ, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմը հնարավոր է օրերի տարբերությամբ շփոթել։ Բացի դրանից՝ կներկայացնեմ Հոկտեմբերի 27-ի պատվիրատու- կազմակերպիչներ-կատարողներ շղթան։ Տարիների ընթացքում մենք պատվիրատուն ու կատարողը խառնել ենք իրար, մի ուրվական ենք ստեղծել, բայց դա ուրվական չէ։ Լսումների ժամանակ անուններ կհնչեն, ուժային կենտրոնների կոնկրետ գործողությունների մասին տեղեկություններ կհնչեն, կներկայացվի 27-ի կապը Արցախյան հարցի հետ։ Շատ կոնկրետ փաստեր կներկայացվեն։

Այդ փաստաթուղթը արդեն պատրաստ է, որը ես թողել եմ իմ հարազատների մոտ։ Եթե լսումները կայանան, ապա ես պատրաստ եմ պատվիրատու-կազմակերպիչ-կատարող շղթայով, աշխարհաքաղաքական, ներքաղաքական ու տնտեսական բաղադրիչներով դնել սեղանին։ Ես շատ հիմնավոր հայտարարություն եմ անում»,- ասաց Սահակյանը՝ հավելելով, որ այդ տեղեկությունների մասին խոսելուց հետո իր նկատմամբ քաղաքական հաշվեհարդարի պատասխանատուն Համաշխարհային բանկն է։

Տարոն Սահակյանը մեզ հետ զրույցում անդրադարձավ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից վերջերս արված հայտարարությանը, թե հեղափոխությունից հետո ԱԱԾ-ից փաստաթղթեր են կորել։ Սահակյանի խոսքով՝ ԱԱԾ-ից ոչ միայն փաստաթղթեր են կորել, ոչնչացվել, այլև մարդիկ են ԱԱԾ մեկուսարանից անհետացել, արտերկրից կոնկրետ մարդիկ են եկել այստեղից ինֆորմացիա, փաստաթղթեր տանելու համար: «Նախ՝ ԱԱԾ-ից փաստաթուղթ կորելը, ոչնչացնելն արդեն ազգային անվտանգության խնդիր է։ Ես Վանեցյանին արդեն ասել եմ, որ իր երկու տեղակալները շահագրգռված չեն, որ ինքը տեղեկություններ ստանա։ Ես կարող եմ մի քանի դրվագ ներկայացնել, որոնք կարող են օգնել Վանեցյանին, որ նշանակված ծառայողական քննությունն ավելի խորքային լինի։ Օրինակ՝ ես հեղափոխությունից հետո նույն ԱԱԾ ղեկավարին իմ դիմումում նշել եմ, որ 2004 թվականին Լեհաստանից լեհական հատուկ ծառայության նախկին ներկայացուցիչները եկել են Հայաստան և փաստաթղթեր են պահանջել։ Ավելի կոնկրետ ասեմ, որ խոսքը իսրայելական «Մոսադի» մասին է: Նրանք եկել են Հայաստան, հանդիպել են Կառլոս Պետրոսյանի հետ և պահանջել են իմ նկատմամբ ինֆորմացիաները ներկայացնել իրենց։ Ես դա դեռ 2005 թվականին եմ ասել գլխավոր դատախազին, բայց՝ ոչ մի արձագանք։ Ասեմ, սակայն, որ լեհական հատուկ ծառայության աշխատակիցների գալուց ընդամենը 3 օր հետո Կառլոս Պետրոսյանը ազատվեց աշխատանքից»,- ասաց Սահակյանը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4