September 19, 2019

Մեր խնդիրն է ստեղծել հավասար հնարավորություններ բոլոր մարդկանց համար. Փաշինյան

Քաղաքական հեղափոխությանը կհաջորդի տնտեսական հեղափոխություն այն պահին, երբ մարդիկ կփոխեն իրենց տնտեսական վարքագիծը, վստահ է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Այսօր նա կառավարության մի շարք անդամների հետ հանդիպեց ԵՊՀ տնտեսագիտական ֆակուլտետի անձնակազմին, պատասխանեց նրանց հարցերին, լսեց տեսակետեր։

«Մեր մոդելը, մեր պատկերացրած տնտեսական մոդելը էլի նույնն է, երբ որ ամեն և՛ ընկերություն, և՛ անհատ ինքը գիտակցի իր անհատական ջանքի կարևորությունը հետագա քաղաքական պրոցեսի վերաբերյալ, և սրա համար մենք ի՞նչ ենք ասում, մենք ասում ենք՝ մենք խնդիրը տեսնում ենք հետևյալի մեջ. ստեղծել հնարավորություններ մարդկանց համար, ստեղծել հնարավորություններ, հավասար հնարավորություններ բոլոր մարդկանց, բոլորի ընկերությունների, բոլոր խմբերի համար, որպեսզի նրանք իրենց տնտեսական պոտենցիալը կիրառելու հնարավորություն ունենան», – նշեց Փաշինյանը։

«Ի տարբերություն նախկին իշխանությունների, որի նպատակը քաղաքացուն լռեցնելն էր, մենք ցանկանում ենք, որ քաղաքացիները խոսեն, գաղափարներ գեներացնեն և հնարավորություն ունենան իրագործելու», – ասաց վարչապետը։

«Սրա համար մենք տեսնում ենք երեք գործիք, որ պետք է աջակցենք։ Առաջինը՝ իսկապես հավասար հանրավորություններ բոլորի համար, այսինքն ընտրովի տնտեսական գործունեությունը, արտոնյալ տնտեսական գործունեությունը բացառել, ֆինանսների հնարավորինս հասանելիությունը և տնտեսության կառուցումը, տնտեսության միտվածությունը դեպի արտահանումը։ Այդտեղ պետության կոնկրետ գործառույթը կա, որպեսզի մենք մեր տենտեսվարողների համար արտահանման հնարավորինս մեծ պոտենցիալ ստեղծենք, մեծ հնարավորություններ ստեղծենք և կարգավորումները էնքան պարզեցնենք, որպեսզի տնտեսվարողը, մարդը, անհատը տնտեսական գործունեություն ծավալելիս արհեստական խոչընդոտների չհանդիպի», – ընդգծեց Փաշինյանը։

Դահլիճից առարկեց նախկին ԲՀԿ-ական պատգամավոր, տնտեսագիտության ֆակուլտետի դասխոս Վարդան Բոստանջյանը։ ֊ «Քաղաքական հեղափոխությունն ու տնտեսականը տարբեր են։ Եթե քաղաքական հեղափոխության հիմքում ատելությունն էր նախկին իշխանության հանդեպ, ապա հիմա տնտեսականի պարագայում պետք է փոխվի մարդկանց մտածողությունը», ֊ նշեց Բոստանջյանը։

Վարչապետը պատասխանեց, որ տնտեսական հեղափոխության պարագայում իրենք առաջարկում են ատել սեփական աղքատությունը։ ֊ «Մենք ուզում ենք մարդկանց օգնել, որպեսզի նրանք իրենց ուժը գիտակցեն։ Ի՞նչ է նշանակում ուժեղ մարդ՝ ուժեղ մարդը, իմ պատկերացմամբ, նա է, ով ինքն իրեն կարողանում է մղել գործողությունների, որովհետև ուրիշ բան է, երբ որ մարդը աղքատ է և մտածում է, որ էդ աղքատությունը պետք է հաղթահարի պետությունը, կառավարությունը՝ իրեն, օրինակ, սնունդ, փող տալով, ուրիշ բան է, երբ որ մարդը մտածում է, որ կառավարությունը իրեն պետք է օգնի, որ ինքը հաղթահարի իր աղքատությունը», – նշեց Փաշինյանը։

Վարչապետն ասաց՝ ուրբաթ օրվանից մտածում է իր ֆեյբուքյան ուղիղ եթերի ընթացքում ստացված հարցերից մեկի մասին, որն ամենշատ հավանություն ստացած հարցերից էր։ Մի քաղաքացի վարչապետին գրել էր, որ 22 տարեկան է և աշախտանք չի կարողանում գտնել, քանի որ ինչ դուռ թակում է, իրենց պահանջում են բարձագույն կրթություն, 3 տարվա աշխատանքային փորձ ու 3 լեզվի իմացություն։ Երիտասարդը տարակուսել էր՝ ինչպես կարելի է 22 տարեկանում արդեն ունենալ 3 տարվա աշխատանքային փորձ։

«Էն ժամանակ ինչ էր, ասում էին 22 տարեկան երեք տարվա աշխատանքային ստաժով, երեք օտար լեզվով աշխատող է պետք, ընկերությունը հայտարարություն էր տալիս, ի՞նչ էր անում էս 22 տարեկանը, որը չունի էս չափանիշները, ասենք, գնում էր ինչ-որ մեկի հայրիկին, հայրիկի ընկրոջը, քավորին, ընկերոջը դիմում էր, էս զանգում էր էս ընկերությանը, ասում էր՝ «դե իրան պետք է աշխատանքի ընդունել»։ Մենք էսօր ասում ենք, չէ, էսօր 22-23 տարեկանը կարող է, այո, երեք տարվա աշխատանքային ստաժ ուենալ, երեք օտար լեզու իմանալ։ Ասում ենք՝ ժողովուրդ ջան գնացեք և օտար լեզուներ սովորեք, գնացեք և կրթություն ստացեք էն պայմանով, որ կրթություն ստանալը դիպլոմ ունենալը չի, դրանք բացարձակապես տարբեր բաներ են, որովհետև մենք առաջարկում ենք, որ կրթության նկատմամաբ ընդհանրապես վերաբերմունքը փոխվի», – ասաց կառավարության ղեկավարը։

Ակադեմիայի թղթակից անդամ 88-ամյա Գրիշա Ղարիբյանը ներկայացրեց իր ուսումնասիրության արդյունքները՝ Հայաստանը կորցնում է մարդային ռեսուրս արտագաթի պատճառով, ընդ որում՝ վերջին տարիներին հեռանում են հատկապես խելացի ու կրթված մարդիկ։

«Մենք հայաստանցուն չենք տալիս տեսլական, թե ինչ է լինելու 50 տարի հետո, ինչպիսի Հայաստանում է նա ապրելու տասնամյակներ անց», – արտագաղթի ևս մի պատճառ ավելացրեց վարչապետը։ ֊ «Արժեքային համակարգը պետք է պետականորեն ձևակերպված լինի՝ մենք ի՞նչ քաղաքացի ենք ուզում, մենք ուզո՞ւմ ենք օրինապահ քաղաքացի, թե՞ մենք ուզում ենք կրիմինալ հակումներով քաղաքացի։ Իսկ դուք ճանաչո՞ւմ եք Հայաստանի Հանրապետությունում մի կոռուպցիոներ, որը իր շրջապատում և միջավայում բացառիկ հարգանք չի տիրապետում։ Իրենց միջավայրում վայելել են բացարձակ հարգանք և հեղինակություն և ինչ-որ առումով իրենց միջավայրի լիդերն են եղել», – հավելեց նա։

Ամփոփելով հանդիպումը՝ Նիկոլ Փաշինյանը նորից շեշետեց, որ հանրությունը պիտի իրեն համարի բոլոր գործընթացների մասնակիցը՝ քաղաքական ու տնտեսական հեղափոխությունից մինչև ղարաբաղյան հարց։ ֊ «Հանրությունը իրեն էս պրոցեսի մաս չի համարում, իրեն չի համարում էն սուբյեկտը, որը մասնակցում է Ղարաբաղի հարցի լուծմանը և մեզ համար էս մոտեցումը ընդունելի չի, որովհետև պարզ է, որ կառավարությունը թիվ մեկ պատասխանատուն է, բայց կառավարությունը պետք է գործի որոշակի մանդատների շրջանակում», – ասաց վարչապետը։

ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետում անցկացված հանդիպմանը ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը ներկա չէր։ Կրթության նախարարից հետաքրվեցինք՝ արդյո՞ք Սիմոնյանին չէին հրավիրել։ ֊ «ԵՊՀ ղեկավարությանը դիմեք», – ասաց Արայիկ Հարությունյանը։

Ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը ևս հարցի հստակ պատասխանը չուներ, ասաց, որ միջոցառման նախաձեռնողը կառավարությունն էր, իսկ «ռեկտորի չմասնակցության հանգամանքը չի կարող մեկնաբանել»։

azatutyun.am

Չեմ հավատում, որ կրթություն, գիտելիք ունեցող մարդը չի կարող աշխատանք գտնել․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ կառավարությունը պետք է վարի բարձր աշխատավարձերի քաղաքականություն. Նիկոլ Փաշինյան

Մենք մի մեծագույն սխալ ենք գործել․ վարչապետ Փաշինյանը՝ Ղարաբաղի հարցի մասին

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4