May 22, 2019

Եւրոպայի Հայերու Համագումարի նախագահ` Կարօ Յակոբյանի ելույթը «Վերադարձ դեպի Այրարատյան լեռնաշխարհ եւ Առաջին Հայկական Համագումար» գրքի շնորհանդեսի կապակցությամբ :

Հարգելի հայրենակիցներ, հարգելի ընկերներ,

Նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել այս գրքի վերահրատարակման եւ այս միջոցառման պատասխանատուներին եւ շնորհակալություն հայտնել ցուցաբերած  վստահության համար՝ առիթ ընձեռելով ինձ ներկայացնելու եւ խոսելու մի գրքի մասին, որի ողջ բովանդակությունը այսօր շուրջ 40 տարուց հետո էլ մնում է իսկապես արդիական, իսկապես առարկայական:

Կուզեմ շեշտել, որ գրքի տարածումը եւ  բովանդակության մասին հետագա քննարկումներն ու կարծիքների փոխանակումը վստահաբար ավելի կբարձրացնի հասարակության տեղեկացվածության մակարդակը, կնպաստի Սփյուռքի մասին  ավելի լավ եւ խորքային ճանաչում եւ գիտելիք ձեռք բերել, առիթ կհանդիսանա ավելի ճիշտ կողմնորոշվել, թե ինչու՞ եւ ինչպե՞ս է հնարավոր Հայաստանում եւ Սփյուռքում գործել հանուն ազգային եւ համահայկական բնույթ ունեցող հարցերի լուծման եւ նպատակների իրականացման:

Քանի, որ իմ հարգելի գործընկերները անդրադարձան եւ դեռ կանդրադառնան վերապատվելի  Ջեյմզ Գառնուզյանի կյանքին եւ գործունեությանը  ես կաշխատեմ առավել անդրադառնալ առաջին հայկական համագումարի հարցին, որի նյութը կազմում է գրքի ստվար մի բաժինը:

 Հատկապես գրքի այս մասը ինձ համար առավել հոգեհարազատ է, քանի, որ  ամբողջ իմ գիտակցական կյանքում նույն մտահոգություններն ու մարտահրավերներն  են եղել ինձ համար՝ սկսյալ 1960-ական թվականներին Անթիլիասի սան եղած ժամանակվանից , մինչեւ նորից Իրան, այլուր  եւ ապա հեռավոր  Շվեդիա…

Առաջին անգամ համագումարի գաղափարը մտահղացողներից է եղել Սիմոն Սիմոնյանը, սքանչելի մի մտավորական, ում անունը առաջին անգամ լսեցի եւ իմացա Անթիլիասում, երբ դեռ պատանի՝ կարդացի նրա սուր եւ անկրկնելի գրչին պատկանող «հայ ժողովրդի 10 000-ամյակի նվիրված» երգիծական մի փոքրիկ վիպակ: Դրանից հետո այդ գրքի մասին չունեցա ոչ մի տեղեկություն, սակայն տպավորությունը այնքան հզոր է եղել , որ մինչ այսօր էլ մտերմիկ զրույցներում հիշողությամբ դրվագներ եմ պատմում այդ մասին:

Առաջին հայկական համագումարը տեղի ունեցավ 1979 թվականի սեպտեմբերի 3-ից 6-ը Փարիզում: Երեք տարվա տքնաջան նախապատրաստական աշխատանքի արդյունքում վերջապես հնարավոր է դառնում 350-ից 400 մտավորականների, հասարակական գործիչների, պատմագետների եւ համազգային հարցերով հետաքրքրված անհատների ու հատկապես ուսանողների մի ստվար խումբ հավաքել մի հարկի տակ եւ օրակարգի նյութ դարձնել այսպես ասած հայոց հարցը իր ամբողջականությամբ:

Այսօր, այս սեղմ ժամանակի ընթացքում հնարավոր չի լինի խոսել արծարծված բոլոր նյութերի եւ գործունեությունների մասին դրա համար հարկավոր է եւ անձամբ խորհուրդ կտայի այս միջոցառումից հետո կազմակերպել խորհրդակցական եւ վերլուծական խմբային հանդիպումներ՝ ավելի խորը ուսումնասիրելու նրանում արծարծված մտքերը եւ գաղափարները:

Հայաստանում մասնագետների շրջանակներից դուրս ընդհանրապես լավ չեն ճանաչում Սփյուռքը, այս գիրքը Սփյուռքը եւ ոչ միայն Սփյուռքը  ճանաչելու լավագույն միջոցներից մեկը կարող է հանդիսանալ, ուստի հարկավոր է բոլոր միջոցներով տարածել այն:

Հենց այսօր ներկա պայմաններում մեր օրվա քաղաքական հարցերից մեկը  Հայաստան-Սփյուռք կապերի, հարաբերությունների եւ սերտացման հարցն է՝ իր ամբողջությամբ… եւ հարկավոր է հստակ պատկերացում ունենալ համահայկական օրակարգի մասին, մշակել հստակ  հայեցակարգ, համապատասխան ռազմավարություն եւ հետագա անելիքների ծրագիր:

 Ուստի առաջարկում եմ նաեւ գրքի օրինակներից որոշակի քանակով նվիրել դեռ գործող Սփյուռքի նախարարության պատասխանատու անհատներին եւ հատկապես այսօր դեռեւս պաշտոնավարող փոխ նախարարին, որպեսզի նրանք նոր կառույցի ստեղծման շեմին հնարավորություն ունենան փաստերի հիման վրա՝ որդեգրել նոր եւ առավել առարկայական մոտեցում:

Վերադառնանք առաջին համագումարին, ո՞րն էր դրա նպատակը:

Այստեղ չմոռանամ նշելու, որ Համագումարը նախաձեռնող անհատների եւ մտավորականների տասնյակ տարիների անձնվեր եւ նպատակասլաց գործունեության շնորհիվ աշխարհի տարբեր մայր ցամաքներում այդ գաղափարները ծիլեր են արձակել, տարածվել են  եւ հասել մինչեւ մեր օրերը:

Նախ եւ առաջ ես կուզենայի շեշտը դնել համագումարում արծարծված մտքերի եւ գաղափարների վրա, որովհետեւ դրանց մեջ ուսանելու շատ բաներ կան: Անպայման չէ, բոլոր գաղափարների հետ համաձայն լինել, սակայն անկասկած դրանցում կան հիանալի մտահղացումներ եւ տեսակետներ:

Կաշխատեմ այստեղ համառոտ մեջբերումներ կատարել, որպեսզի այդ մասին  կազմավորվի որոշակի պատկերացում:

Համագումարին որպես նախերգանք պրոֆեսոր Մկրտիչ Պուլտուքյանը լիբանանաբնակ տնտեսագետ եւ Լիբանանի կենտրոնական բանկի փոխ կառավարիչ (1985- 1990 ) եւ համագումարի կազմակերպիչներից մեկը նշելով համագումարի անհրաժեշտությունը խոսում է մի նոր շարժման մասին, որի նպատակներից մեկն է «հայկական ավիշի ներարկումը ներկա հայ սերունդին, ու ծանոթացումը այլ ժողովուրդներու, այդ ավիշին վերլուծումն ու տարողության վերագնահատումը՝ որոնումները՝ ապագայի նկատմամբ հանձնառու, նվըիրյալ ու գիտակից անհատներու կողմե»: «դարերով  մշակույթ ենք կերտած, արդյունաբեր ժողովուրդ մըն ենք, բայց կեդրոնախույզ»:

 վերապատվելի Գառնուզյանը իր գրքույկում  գրում է«… Ստեղծել գերկուսակցական համահայկական հեղինակավոր ղեկավարություն մը, որպես անհրաժեշտ նախապայմաններեն մեկը եւ սկսիլ 1890-էն ի վեր անկատար մնացած եւ ներկայիս ավելի հրամայողական դարձած գործը»:

Նկատի ունենալով սփյուռքի ճնշող մեծամասնության՝ ավելի քան ես կասեի 95 տոկոսի կազմակերպություններից անմասն ու հեռու լինելը, Պրոֆեսոր Պուլդուքյանը նշում է.- «Չենք կրնար ըսել թե անկազմակերպ ու ոչ-հանձնառու «լուռ մեծամասնություն» մը կրնա ավելի գործ տեսնել քան մեր վերեւ հիշած երեք բեւեռները: ( խոսքը  Եկեղեցու, կուսակցությունների եւ Հայկական Բարեգործական ընդհանուր միության մասին է) սակայն զորաշարժ մը այդ ուղղությամբ կրնա հեղաշրջել ներկա սփյուռքահայ անել ու ամուլ կացությունը»:

Այսօր ունենք նոր Հայաստան (ի միջի այլոց Արամ կաթողիկոսը ասում է ի՞նչ նոր Հայաստա, Հայաստանը մեկ է, իհարկե բոլորս գիտենք, որ  Հայաստանը մեկ է, խոսքը բովանդակության մասին է, այն բովանդակության որի մասին ցավոք չեն ուզում նույնիսկ մտածել  եկեղեցու հայրերն ու այսպես կոչված կուսակցապետերը…)

Այսօրվա նոր հայաստանը այն հիմքն է, որի վրա պիտի կերտվի նաեւ Նոր Սփյուռքը իր նոր կառույցներով, նոր մոտեցումներով ի խնդիր իր դարավոր նպատակների եւ երազանքների իրականացման:

Համագումարի բացման խոսքում շեշտվում է. «Այսօր  մեր աշխատանքի ճամբուն վրա կտագնապինք հատկապես կազմակերպվածության պակասէ: Լավ ծանոթ եմ մեր միություններուն, եկեղեցիին, կուսակցություններուն, որոնք լավապես կազմակերպված են: Իմ ակնարկությունս իրենց չերթար, ես իրենց պարտք եղած հարգանքը մատուցեցի արդեն: Սակայն վասն ինչի՞, ի՞նչ պատճառով կամ հեռանկարով անոնք կմերժեն համախումբ գործել, հավաքել իրենց ուժերը հիմնական մեկ գաղափարի շուրջ: Արդյո՞ք հիմնական գաղափարը կուգա ջնջելու ամեն մեկու յուրահատկությունները, կամ եթե կձգտինք ընդհանրականին՝ կվնասե՞նք մասնակիին»:… անոնք իրենց  «կղզիացած գործելաոճով կհեռանան իրենց հետապնդած նպատակներեն»:

Նշեմ, որ Համագումարի կազմակերպիչները հենց սկիզբից դիմել էին կուսակցություններին, եկեղեցիներին, որպեսզի իրենք նախաձեռնեն կազմակերպելու այս ծրագիրը, սակայն նրանց բոլոր փորձերն էլ հանդիպեցին քար լռության…

Գեւորգ Պազըրճյանը Ֆրանսահայ բարերար եւ Ֆրանսիայի նախկին հայ ռազմիկների միության նախագահը   (1907 – 2006) իր բարի գալուստի խոսքի մեջ հետեւյալ միտքն է արտահայտում.« Մեկ է հայությունը եւ մեկ է Հայաստանը: Բոլոր բաժանումները՝ մեր դժբախտությանց աղբյուրն են, պարտադրված մեր թշնամիներուն կողմե: Հետեւաբար, մեր բոլոր աշխատանքները պետք է ձգտին դեպի Միություն, դեպի Ամբողջություն»:

Իսկ վերապատվելի Ջեյմզ Գառնուզյանը համագումարի նպատակների մասին խոսելիս ավելացնում է.

« Ցրված հավաքականություն մը կազմակերպյալ ուժի եւ ուժանակի վերածելու աշխատանքը շատ ավելի դժվար է, քան հողերու ազատագրությունը»: Նա ավելացնում է.- «Այս պոռնիկ աշխարհին մեջ միայն ուժի լեզուն է որ կհասկցվի: Դառնանք ուժ ներկայացնող Ազգ մը, եւ պիտի տեսնեք թե ինչպես այդ պետությունները մեզի արժեք պիտի տան»:

 « Գաղթահայությունը այսօր հսկայական կարելիություններ ունի: Եւ Հայկական Համագումարին առաջին նպատակն է, ուրեմն, անզոր ու անտեսված գաղթահայության մեջ թաքնված զանազան տեսակի ուժի էլեմենտները նախ երեւան բերել եւ ապա զանոնք համադրելով ուժանակի վերածել: Այս նպատակը սակայն ինքնին միջոց մըն է ավելի բարձր նպատակի համար:»

Կուզեմ այստեղ շեշտել, որ Եվրոպայի հայերի համագումարը անցյալ տարի սեպտեմբերի 2-ին Գերմանիայի Քյոլն քաղաքում Թավշյա հեղափոխությունից հետո կազմակերպեց սփյուռքում առաջին խորհրդաժողովը որին մասնակցեցին ավելի քան 10 Եվրոպական երկրներից անհատներ եւ ներկայացուցիչներ «Նոր Հայաստան, Նոր Սփյուռք կարգախոսով»: Մեր նպատակն է հասնել հայկական ընդհանուր օրակարգի ձեւավորման եւ համապատասխան կազմակերպչականության: Այս տարվա հաջորդ կեսին նախապատրաստվում ենք ավելի լայն շրջանակների ներգործությամբ խորհրդաժողովի հրավիրել վերոնշյալ նպատակները իրագործելու առաջադրանքով: 

Առաջին համագումարի խորքային տրամաբանություններից կարեւորվում է նաեւ այն պարզ ճշմարտությունը, որ

« Հայ Անհատը կրնա իր գտնված երկիրը իր հայրենիքը կոչել: Հայ հավաքականությունը սակայն հայրենազուրկ է»: Որքան իմաստ եւ խորություն կա այս նախադասության մեջ… « Հայ Անհատը կրնա իր գտնված երկիրը իր հայրենիքը կոչել: Հայ հավաքականությունը սակայն հայրենազուրկ է»:

Համագումարի հիմնական բանախոսողներից էր մեզ քաջ ծանոթ ամերիկաբնակ պատմաբան, միջազգային բարձր հեղինակություն ունեցող  ցեղասպանագետ պրոֆեսոր Վահագն Տատրյանը, որի հետ անձամբ բախտն եմ ունեցել մեկ շաբաթով միասին լինելու՝ գիտական ու քաղաքական շրջանակների հետ բազմաթիվ հանդիպումների առիթով:

 Իհարկե հիմնական առիթը 2005 թվականին նրա մասնակցությունն էր մի հույժ կարեւոր խորհրդաժողովի որի նախաձեռնողը այն ժամանակ իմ պատասխանատվությամբ Հայ համայնքն էր Ասորական համայնքի մասնակցությամբ եւ իհարկե  Շվեդիայի վարչապետի գրասենյակին կից Կենդանի պատմություն կենտրոնի ուղղակի ներգործությամբ, ուր առաջին անգամվա համար Թուրքական փորձառու եւ խորամանկ քաղաքականության տեր երկրի դեսպանությունը եւ նրանց ներկայացիուցիչը հանդիսացող  վայ պատմաբանը   թակարդն ընկած աղվեսի պես 1915 թվականի ցեղասպանության դատապարտման խորագիրը կրող համաժողովի մեջ աշխատում էր հերքել այն:

Վահագն Տատրյանը առաջ է քաշում մի շարք խորքային պատմա-գիտական հարցեր կամ ավելի ճիշտ վարկածներ, որոնք այսօր էլ պահպանում են իրենց նշանակությունը  եւ դեռ ավելին: Նա օրինակի համար ասում է.-«Հայ դատը հայ միջոցներով, հայ կամքով եւ հայ ձեռնարկով լուծելու ամենաթանկագին առիթը կը զուգատիպի Հայաստանի Հանրապետության 1918-1920-ի շրջանին: Թուրքիա ո’չ միայն պարտված ու սպառած էր, այլ եւ հուսալքված: Անտեսելով այս առիթը, Հայ վարիչները կրկին հանձնվեցան օտարներու բարեկամեցողության եւ արդարասիրության պատրանքին: Փոխանակ ամեն զոհողություն հանձն առնելով եւ ուժերը գերագույն ճիգով լարելով՝ շանթահարիչ հայ բանակի մը կորիզը ստեղծելու փորձին լծվելու եւ ուրեմն ռազմական լուծում մը որոնելու, անոնք տարվեցան Փարիզի, Լոնտոնի, Պոլսո, Սան Ռեմւյի եւ հուսկ ուրեմն Սեւրի ընձեռած պատրանախաբ հեռանկարներով: Այս’ Հայ Դատի վրիպումի վերջին ու տապանագրային հանգրվանն էր», նա ավելացնում է մի այլ վարկած եւս.-«Հայերու մեջ հատկապես տարածված է շարունակ քավության նոխազ փնտրելու ունակությունը, այս ալ պարտյալի, անիրավվածի, զրկվածի եւ առհասարակ զոհյալի մը հոգեվիճակեն բխող ձգտում մըն է»:

Սփյուռքի պատմական ու ներկա գոյավիճակի մասին խոսեց Լիբանանաբնակ Հայ Կաթողիկե Զմմառյան Միաբանության անդամ  գրող հրապարակախոս հայր Անդրանիկ վրդ. Կռանյանը:

 Նա առաջ է քաշում այն միտքը, որ հայությունը իր բարգավաճ կյանքը պահպանում է, կամ դժվարանում է պահպանել համապատասխան պատկան երկրի նպաստավոր կամ աննպաստ լինելու պայմաններից ելնելով եւ մեր հարմարվելու կարողությունից- այլ ոչ թե’ իր «ներքին հիմքով», նա ասում է .-«…Սփյուռքը ներքին հիմք չունի» եւ ազդարարում է.- «ձուլման ու փախուստի փոխարեն ստեղծել ներքին հիմքով օժտված կառույցներ, որոնց շնորհիվ  ինչ ալ ըլլան գաղութի մը տեղական պայմանները, Սփյուռքյան նավը միշտ ծփա՝ Նոյի տապանի պես»:

Մի այլ տեղ ասվում է.

«Սփյուռքը՝ նաեւ ՈՒԺ մըն է, որ չենք շահագործած:

Չենք շահագործած, որովհետեւ չենք կազմակերպված: Չենք կազմակերպված, որովհետեւ Սփյուռքը նկատի չենք առած որպես ամբողջություն, այլ որպես հայկական գաղութներում մոզայիքխճանկար. Որպես անջատ օղակներ. Որպես զանազան փոսերու մեջ լճացած անձրեւի ջուր, որ գաղութ կը կոչենք»:

 Այստեղ անվարան կարող եմ ավելացնել, որ կուսակցություններն ու եկեղեցին կազմակերպված են, բայց ոչ  ամբողջ հանրությունը կամ հայ հասարակությունը: Սփյուռքը կամ ավելի շուտ հայությունը այս կուսակցությունների համար այնքանով է կարեւոր, որքանով կապահովի իրենց գոյությունը…

 «Գաղութներ են որոնք շղթա չեն դարձած…. Սփյուռքը՝ սխալ մշակված հարուստ կալված մըն է : Միակողմանի զարգացած տնտեսություն մը»: 

Համագումարից առաջ, համագումարի ընթացքում եւ նրանից հետո բազմիցս արծարծվել է համագումարի գաղափարը եւ թե’ ինչու կուսակցությունները չեն կարող կամ չեն կարողացել կատարել նույն գործը:

«Հայ կուսակցությունները, իրենց կոչումով ու բնույթով քաղաքական կազմակերպություններ են՛ քաղաքական նպատակի համարսակայն անոնք որպես քաղաքական  կազմակերպություններ չեն կրնար միացուցիչ դեր կատարել ամբողջ Հայ Սփյուռքի տարածքին, քանի որ անոնցմե յուրաքանռյուրը կը հետեւի իր ուրույն քաղաքական գծին

Համագումարի մղիչ ուժը եւ կենտրոնական դեմքերից էր հանդիսանում Լիբանանաբնակ գրող հրապարակախոս «Սփյուռք» շաբաթաթերթի խմբագիր եւ համագումարի գործադիր անդամներից Գեվորգ Աճեմյանը: (1932- 1998)

1980 թվականի հունվարին  առաջին համագումարից չորս ամիս հետո Գեւորգ Աճեմյանը ճամբորդում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ մասնակցելու «Փարիզի առաջին համագումարի» քննարկում խորագրով ժողովին, որը կազմակերպվել էր  Քալիֆորնիայի Հայկական Համագումարի կողմից:

Տեղի է ունենում մամուլի ասուլիս նրա հետ եւ նա լիարժեք պատասխանում է բոլոր հարցերին:

«Նոր Սերունդ» պարբերականի հարցին թե ,արդյո՞ք սույն Համահայկական Համագումարը՝ համակուսակցական դարձնելու համար աշխատանքներ տարա՞վ.

Նա պատասխանում է.

«Երբ Վերապատվելին անձնապես «Սփյուռք» շաբաթաթերթին դիմեց, պետք եղած օգտակար աշխատանքներուն համար, առաջարկեցինք, որ նախ դիմե կուսակցություններուն, որպեսզի անոնք նախաձեռնեն նման ծրագրի համար աշխատանքը, նկատելով, որ հայկական Սփյուռքի կյանքին մեջ կազմակերպված ուժը իրենք են:

Ուստի, շատ ավելի օգտակար եւ լավ պիտի ըլլար, եթե մեր քաղաքական կազմակերպությունները ըլլային ձեռնարկողներն ու իրագործողները:

Վերապատվելի Գառնուզյանը համամիտ գտնվելով, անձնապես դիմեց բոլոր կուսակցություններուն ու անոնց հետ հանդիպումներ ունեցավ:

Մեկ ու կես տարվա մեջ 3 անգամ Լիբանան եկավ Զվիցերիայեն այս կապակցությամբ: Բայց քաղաքավարի կերպով մերժվեցավ:…

Իսկ համագումարի համար դարձյալ պաշտոնապես հրավիրագիրներ ղրկվեցան թե’ կուսակցություններուն եւ թե նաեւ կուսակցական անհատներուն, իրենց հանգամանքն ու պատշաճությունը հարգելով:…

 Կուսակցությունները չի մասնակցեցան»:

Նույնիսկ քանիցս դիմել են Կիլիկիո Կաթողիկոսարան՝ հովանավորությունը հանձն առնելու, սակայն Խորեն կաթողիկոսից մերժում են ստացել:

Հարցերից մեկը այն է եղել, որ արդյո՞ք Համագումարը պիտի վերածվի՞ կազմակերպության: Պատասխանը եղել է.-«բնական է, ժամանակի ընթացքին կենթադրեմ պետք է որ այդպես ըլլա, այլապես անկազմակերպ ձեւով կարելի չէ աշխատանք ու արդյունք ստանալ»:

Միեւնույն ժամանակ մի հարցի պատասխանելով  նա ասում է, որ ճիշտ է կուսակցությունները չմասնակցեցին, բայց դա չի նշանակում որ հայությունն էլ այդպես է մտածում, ընդհակառակը հայության դիրքորոշումը եղել է շատ դրական այս կոչին, եւ որ կուսակցությունները չեն ներկայացնում հայությանը եւ որ հայության ճնշող մեծամասնությունը կուսակցական չէ եւ չի հետեւում նրանց քայլերին.-«հայության մեծամասնությունը հուսահատված է կուսակցություններեն, որը բացարձակ իրականություն մըն է: Եւ  այս յուրաքանչյուր հայու ծանոթ իրականություն մըն է: Կը նշանակե թե չեն արդարացուցած իրենց կոչումը ու ժողովուրդը հուսահատված է իրենցմե»:

«60-65 տարվա մեջ պատմության ընթացքին ոչ մեկ կազմակերպություն կարողացած էր հաջողեցնել ու կազմակերպել այս տարողությամբ համահայկական համաժողով մը»:

Ի վերջո համագումարը հաջորդ Գործադիր մարմնին  կարգադրում է որ իրականացնեն հետեւյալ նպատակները.

 Ի մի հավաքել հայ տնտեսագետներին, կոչով դիմել հայ մեծահարուստներին ապահովելու համար նյութական կարիքը, Ժնեւի մեջ հաստատել գրասենյակ, օտար լեզվով ունենալ Համագումարի համար լրատվական օրգան: Ձեռնարկել սփյուռքահայությանը կազմակերպելու բոլոր միջոցները: Դարձյալ մոտենալ հայ կուսակցություններին որ միասնաբար ուժեղացնեն հայկականության ոգին հանուն համահայկական գերագույն շահերի: Օգտակար լինել ներկա Հայաստանին սատարելով կատարելու «մեր հայի պարտականությունը, պահելով մեր սերտ հարաբերությունը անոր հետ, որպես մեր միակ եւ կենդրոնաձիգ բարոյական կեդրոնը»:

Խոսքս սկսեցի Սիմոն Սիմոնյանով եւ կուզեմ ավարտել նրանով:

Իհարկե Սիմոն Սիմոնյանը անձնական եւ ընտանեկան պատճառներով չկարողացավ անձամբ մասնակցել խորհրդաժողովին սակայն դարձավ նրա ոգին եւ ներշնչող ուժը:

Գրքի վերջում կա Սիմոն Սիմոնյանի հիշատակին մի հավելված, ուր նա սրտի դառնությամբ հիշում է մի դեպք երբ նա երկու ընկերներով Բեյրութում մտնում են «Ազդակ» թերթի տպարանը եւ հանդիպում են կուսակցության ներկայացուցչի հետ, որը մի շրջանում եղել էր Սիմոնյանի դպրոցական աշակերտը:

« Մեզ մտիկ ընելե ետք, շատ կտրուկ ձեւով պատասխանեց,-« Քանի մենք արդեն կանք ձեզի կմնա մեզի միանալ»: Ասոր վրա դուրս եկանք, Սիմոնյան հազիվ զայրույթը զսպած ասաց. « Ես չէի կարծեր, որ իմ աշակերտներուս մեջեն այսքան սահմանափակ մտքով աշակերտ մը սպրդած է»:

1983-ին Լոս Անճելեսի մեջ կազմակերպվում է Սիմոն Սիմոնյանի 70 ամյա հոբելյանը ուր նա իր  ճառի մեջ, որքան էլ ցավոտ,  հիշում է վերոնշյալ դեպքը եւ գոռում.-«Կողբամ մեր քաղաքական կուսակցություններուն ղեկավարներուն աններելի նեղմտությանը վրա, որոնք մեր ազգին ամբողջականությանը բաժանյալ կպահեն Չարենցյան պատգամեն»:

(Երեւան 2019 ապրիլի 17)

Եվրոպայի Հայերի Համագումարի նախագահ 

Կարո Հակոբյան

photo by Sarkis Oknayan

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4