October 21, 2019

Գծից այս կողմ էլ մեր բարեկամներն են, գծից այն կողմն էլ. Փաշինյանը՝ Իրանի հետ հարաբերությունների մասին

Հարց – Պարոն վարչապետ, ես ցանկանում եմ Ձեզ հարց ուղղել Իրանի հետ հարաբերությունների վերաբերյալ: Իրանը բազմաբնույթ հարաբերություններ ունի Եվրոպայի հետ: Ինչպե՞ս եք պատկերացնում Հայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացումը, հատկապես Եվրամիության հետ համագործակցության ենթատեքստում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան- Կարող եմ ասել, որ Եվրոպայի ներկայացուցիչների բարձրաստիճան պաշտոնյանների հետ իմ ունեցած բոլոր շփումներում ես արձանագրել եմ, որ եվրոպացի մեր գործընկերները հասկանում են հայ-իրանական հարաբերությունների կարևորությունը և համաձայն են Իրանի հետ բնականոն հարաբերություններ պահպանելու և լավ հարաբերություններ զարգացնելու մեր տեսլականի հետ: Ինչ վերաբերում է Իրանի շուրջ ստեղծված միջազգային իրավիճակին, մենք, գիտեք այսպիսի մի բավականին բարդ իրավիճակում ենք, երբ այդ քաղաքական հակասությունների կողմերում մեր բարեկամներն են: Այսինքն՝ գծից այս կողմ էլ մեր բարեկամներն են, գծից այն կողմն էլ մեր բարեկամներն են: Եվ, իհարկե, մեր հույսը և կոչը և ցանկությունն այն է, որ քաղաքական հակասություններն ինչպես այլ դեպքերում, այս դեպքերում էլ լուծվեն երկխոսության տրամաբանության մեջ, որովհետև երկխոսությունը միակ ճանապարհն է, որով 21-րդ դարում, քաղաքակրթության այսօրվա իրավիճակում հարիր է, որ մենք մտածենք խնդիրների լուծման մասին: Եվ անկեղծ ասած, եվրոպացի մեր բոլոր գործընկերների շփումների ընթացքում ես տեսել եմ այս նույն ընկալումը և գիտակցումը: Ես, իհարկե, բոլորի հետ չէ, որ հասցրել եմ անձամբ շփվել, բայց Եվրամիության մեր գործընկերների հետ, Եվրոպական միության անդամ երկրների հետ մեր շփումներում այս ընկալման շուրջ մենք ունեցել ենք համաձայնություն, կոնսենսուս: Շնորհակալ եմ:

Հեղափոխություն դատական համակարգում տեղի չի ունեցել. Փաշինյանը՝ ԵԽԽՎ-ում

Հարց – Շնորհակալություն պարոն վարչապետ Ձեր երկրի անցած ուղին և հաջողությունները ներկայացնոլու համար: Շնորհավորում եմ Ձեզ և ուզում եմ հարցնել, թե ի՞նչ է տեղի ունենում նախկին քաղաքական գործիչների նկատմամբ հարուցված քրեական գործերում և որքանով է ապահովված արդարադատության անկախությունն այդ գործերում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան- Շնորհակալ եմ հարցի համար, դատական համակարգի հետ կապված խնդիրն այսօր ամենահրատապն է մեզ համար, մեր երկրի համար, մեր կառավարության համար, որովհետև հեղափոխություն տեղի է ունեցել Հայաստանի քաղաքական համակարգում, բայց հեղափոխություն դատական համակարգում տեղի չի ունեցել: Ես Ձեզ կարող եմ վստահեցնել մի բան, առանց սեթևեթանքի, որ ունենալ 100 տոկոսով, առանց պայմանականությունների և պայմանների, ակախ դատական համակարգ, որի որոշումներն ու վճիռները վստահելի կլինեն ոչ միայն հայ հանրության, այլև միջազգային հանրության համար, դա մեզ համար առանցքային նշանակություն ունեցող հարց է: Եվ վերջերս, երբ Եվրամիությունից պատվիրակություն էր եկել Հայաստան, և նրանք լսում էին մեր դիրքորոշումներն անկախ դատական համակարգ ունենալու մասին, ինձ շատ ուղիղ հարց տվեցին, ասացին՝ իսկ դատական համակարգն անկախ դարձնելու ուղղությամբ դուք մինչև ո՞ւր եք պատրաստ գնալ: Եվ ես շատ ուղիղ պատասխանեցի, որ անկախ դատական համակարգ ունենալու ճանապարհին մենք պատրաստ ենք գնալ մինչև վերջ, որովհետև մենք հասկանում ենք, որ առանց, իսկապես, անառարկելիորեն անկախ դատական համակարգի, մենք չեն կարող երաշխավորել վերջնականորեն և անշրջելիորեն մեր ժողովրդավարության ինստիտուցիոնալ և շարունակական ուժեղացումը: Ունե՞նք արդյոք այսօր այսպիսի դատական համակարգ՝ ցավոք սրտի, ես չեմ կարող ձեզ 100 տոկոսով երաշխիք տալ: Ես ձեզ կարող եմ 100 տոկոսով երաշխավորել, որ մեր կառավարությունը վերացրել է, դադարեցրել է ենթադրաբար գոյություն ունեցող այն պրակտիկան, երբ դատական համակարգն ուղղորդվում էր կառավարության կողմից: Մենք ամբողջապես, լրիվությամբ հրաժարվել ենք այս գործելակերպից: Կարող է մի փոքր տարօրինակ հնչել, բայց ես, օրինակ, չունեմ 100 տոկոսով վստահություն, որ դատական համակարգի վրա գոյություն ունեցած այլ ազդեցության լծակներ մինչև այսօր չեն պահպանվել: Եվ ես չունեմ համոզվածություն, որ մեր դատական համակարգում կոռուպցիա չկա, որովհետև, օրինակ, ընդամենը 10 օր առաջ Հայաստանում դատավոր է ձերբակալվել կաշառք ստանալու պահին: Բայց, որ մենք լիարժեքորեն նվիրված ենք անկախ դատական համակարգ ունենալու օրակարգին, դրանում խնդրում եմ որևէ կասկած մի ունեցեք: Շնորհակալ եմ:


Մեր կառավարությունը կարողացել է սեղանին դնել հենց խաղաղության օրակարգը. Փաշինյանը՝ ԵԽԽՎ-ում

Հարց – Պարոն վարչապետ, Դուք մի քանի նախադասությամբ անդրադարձաք Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին: Բայց Ադրբեջանը տարածաշրջանի միակ երկիրը չէ, այնտեղ կան նաև այլ երկրներ: Կարծում եմ, որ մյուս հարևանների հետ ձեր հարաբերություններում ևս առկա են որոշակի խնդիրներ: Դուք գո՞հ եք նրանց հետ հարաբերությունների ներկայիս մակարդակից, և եթե ոչ՝ ի՞նչ եք պատրաստվում անել այդ ուղղությամբ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Իհարկե մենք ունենք ոչ միայն հարևաններ, որոնց հետ հարաբերություններն այնքան էլ լավ չեն, բայց ունենք հարևաններ, որոնց հետ հարաբերությունները լավ են և նույնիսկ շատ լավ են: Ես նկատի ունեմ հատկապես Վրաստանը և Իրանը, որոնց հետ մեր հարաբերություններն իսկապես բարձր մակարդակի վրա են գտնվում և մենք այդ երկրների հետ ունենք բարձր մակարդակի երկխոսություն: Մենք փորձում ենք ավելի զարգացնել մեր հարաբերությունները: Իհարկե դուք գիտեք, որ ցավոք Ադրբեջանի և Թուրքիայի հետ մեր հարաբերությունները, ըստ էության, մենք հարաբերություններ չունենք դիվանագիտական և սրանով ամեն ինչ ասված է: Ադրբեջանի պարագան, կարծում եմ, բոլորիս համար պարզ է: Թուրքիայի պարագան մի փոքր այլ է, որովհետև այդ դեպքում Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների հաստատումը կապում է Ադրբեջանի հետ մեր հարաբերություններով: Հայաստանն իր հերթին չի փոխել իր դիրքորոշումը: Մենք ասել ենք, որ պատրաստ ենք Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների: Ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ մեր հարաբերություններին, ես արդեն ընդհանուր առմամբ ուրվագծեցի մեր պատկերացումը և ուզում եմ ընդգծել, որ մենք մեր հարաբերություններն Ադրբեջանի հետ, ինչպես նաև մեր մյուս հարևանների հետ պատկերացնում ենք խաղաղության օրակարգի շրջանակում: Ուրախ եմ, որ իր գործունության ընթացքում մեր կառավարությունը, ըստ էության, կարողացել է մեր հարաբերությունների սեղանին դնել հենց խաղաղության օրակարգը: Շնորհակալ եմ:

Նիկոլ Փաշինյանի պատասխանը ռուսամետ, թե եվրոպամետ հարցին

Ուզում եմ կոչ հղել Եվրոպայի խորհրդին` աջակցեք Արցախի ժողովրդին․ Փաշինյանը՝ ԵԽԽՎ-ում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է  Ստրասբուրգում: ՀՀ վարչապետը ելույթ ունեցավ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստին, որի ընթացքում անդրադարձավ 1999-2000 թթ. իր՝ բանտում չհայտնվելուն, կարճ անդրադարձ արեց «Մարտի 1-ի» գործողություններին, այնուհետև 2018-ի գարնանը Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությանը, Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին ու արցախյան հիմնախնդրին:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4