June 20, 2019

Հոկտեմբերի 27-ի մասով շատ անսպասելի բացահայտումներ կլինեն. ԱԺ նախագահը չի արձագանքում լսումներ կազմակերպելու նախաձեռնությանը

ԱԺ երկրորդ գումարման պատգամավոր, ՌԴ կառավարությունում 2000-2003թթ. Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Տարոն Սահակյանը դիմել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին խորհրդարանում լսումներ կազմակերպել Հոկտեմբերի 27-ի թեմայով։ Սահակյանը դիմումում նշել է նաև բոլոր շահագրգիռ կողմերին, լսումների մասնակիցներին, ովքեր կարող են հետաքրքիր տեղեկություններ, փաստեր հայտնել Հոկտեմբերի 27-ի մասով, «գույք պարտքի դիմաց» գործարքի կազմակերպիչների մասով։ «Մենք բոլորս հասկանում ենք, որ մինչև Հոկտեմբերի 27-ի ուռուցքը դուրս չգա մեր երկրից, դրանից հետո տարածված մետաստազները չվերացվեն, ապա դրանից հետո ես դժվար եմ համարում Հայաստանի տնտեսական զարգացումը, ինչու չէ նաև Արցախյան հարցի կարգավորումը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Սահակյանը՝ հավելելով, որ իր նախաձեռնության հիմնավորումը շատ պարզ է։ Հոկտեմբերի 27-ի դեպքերը եղել են Ազգային ժողովի դահլիճում, սպանվել են այն անձինք, ովքեր պաշտոնական պարտականություններ էին կատարում։ «Հոկտեմբերի 27-ի տուժողը պետությունն է։ Եթե այս կերպ մոտենանք հարցին, լսումներ կազմակերպենք, ապա լույս կսփռվի մի շարք հարցերի վրա։ Ես ԱԺ նախագահին գրել եմ, թե ում պետք է հրավիրեն այդ լսումներին։ Շատ հետաքրքիր կլիներ լսել ԱԱԾ պետի տեղակալ Արզուման Հարությունյանին, որը հոկտեմբերի 27-ից երկու ամիս առաջ նշանակվել էր քաղաքի վարչության պետ, որից հետո տեղի ունեցավ Հոկտեմբերի 27-ը։ Շատ հետաքրքիր կլինի լսել Արզուման Հարությունյանին, ով ասի, թե զենքը նախապե՞ս էր բերվել ԱԺ, թե՞ ոչ։ Իսկ եթե այդ դրվագով քննություն չի կատարվել, ապա ինչու։

Շատ հետաքրքիր կլիներ լսել և, կարծես թե, տեսադաշտից էլ դուրս է մնացել Կառլոս Պետրոսյանը, որն այդ ժամանակ միասնական քննչական ծառայության պետն էր»,- ասաց Սահակյանը՝ հավելելով, որ իր ցուցակում այնպիսի մարդկանց անուններ են, ովքեր մինչև Հոկտեմբերի 27-ը կոնկրետ առնչություն են ունեցել կոնկրետ գործընթացների հետ և դրանից հետո հաջորդած գործողություններին։

Տարոն Սահակյանն ասաց, որ ԱԺ նախագահին երկու անգամ դիմելուց հետո ինքը որևէ պատասխան չի ստացել։ Սակայն դրանից հետո իր նկատմամբ սկսվել է հետապնդում, նախկինում տեղի ունեցած ինչ-որ դրվագներով ոստիկանությունն ու դատախազությունը գործողություններ են սկսել, որոնք Սահակյանը պատահական չի համարում։

Տարոն Սահակյանը նաև նշեց, որ Հայաստանում կոնկրետ ուժեր կան, որոնք շահագրգռված են Հոկտեմբերի 27-ի չբացահայտմամբ, լսումներ չկազմակերպելով։ «Ես պնդում եմ, որ շահագրգիռ ուժեր կան, որոնք չեն ցանկանում, որ ԱԺ-ում լսումներ լինեն, որի ժամանակ հնարավորություն կա բարձրաձայնելու և փաստեր ներկայացնելու 27-ի մասով՝ թե՛ աշխարհաքաղաքական, թե՛ տնտեսական և թե՛ ներքաղաքական կողմերի վրա։ Հարցը շատ լուրջ է և ես հիմա չեմ ցանկանում ասել այն, ինչ պատրաստվում եմ ասել ԱԺ լսումների ժամանակ։ Բայց ես ձեզ խոստանում եմ, որ այս լսումների ժամանակ շատ կոնկրետ փաստեր կլինեն, շատ անսպասելի բացահայտումներ կլինեն, որոնք կարող են հնարավորություն ստեղծել Հոկտեմբերի 27-ի բացահայտման համար»,- ընդգծեց Սահակյանը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4