October 21, 2019

Այսօր մենք պատմական շանս ունենք ՀՀ-ում ունենալ անկախ դատական համակարգ. Նիկոլ Փաշինյան

Բարձրագույն դատական խորհրդի մեկ տարվան նվիրված միջոցառման ժամանակ այսօր ելույթով հանդես եկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Շնորհավորելով ԲԴԽ-ին գործունեության մեկ տարվա առիթով՝ Փաշինյանը արձանագրեց, որ Հայաստանում տեղի ունեցած ժողովդավարական փոփոխությունները ինստիտուցիոնալ առումով ամրապնդելու համար առանցքային նշանակություն ունի անկախ դատական համակարգի գոյությունը:

Նրա խոսքով, իրենք անկախության հռչակման առաջին օրից խոսել են անկախ դատական համակարգի մասին, բայց այդպես էլ չեն կարողացել ունենալ այնպիսի դատական համակարգ, որը կապահովի երկրում արդարությունը, օրինականությունը հակակշռումը եւ փոխզսպումների մեխանիզմը:

«Ես չեմ ուզում խոսել անցյալի մասին, ուզում եմ խոսել ապագայի մասին եւ ասել, որ երաշխավորում եմ մի բան, որ Հայաստանում հաստատված քաղաքական իշխանության համար իրապես անկախ դատական համակարգ ունենալը բացարձակ առաջնահերություն է: Ուզում եմ եւս մեկ անգամ հավաստիացնել եւ հայտարարել, որ ՀՀ կառավարությունը հրաժարվել է ենթադրաբար գոյություն ունեցած այն գործելակերպից, երբ քաղաքական իշխանությունը, գործադիր իշխանությունը փորձում է որոշումներ պարտադրել, կամ ընդհանրապես միջամտել դատական իշխանության համակարգի գործունեությանը: Սա չափազանց կարեւոր արձանագրում է եւ ես ուզում եմ, որ մենք բոլորս այս արձանագրմանը լուրջ վերաբերվենք: Եթե անգամ իշխանական տարբեր օղակներից հանկարծ գտնվեն մարդիկ, պաշտոնյաներ, որոնք կփորձեն գործել այս տրամաբանությունից դուրս, նրանք գործում են ՀՀ կառավարության դեմ եւ ՀՀ ժողովրդի դեմ»,- հայտարարեց Փաշինյանը:

Նա կարեւորեց, որ ՀՀ դատական համակարգն ի վիճակի լինի օգտվել այս հնարավորությունից. «Սրա համար հարկավոր է, որ լինեն դատավորներ, ովքեր պատրաստ են իրենց վրա վերցնել այդ պատասխանատվությունը, պատրաստ են գործել օրինականության, արդարության իրավունքի շրջանակներում: Դրա համար մեզ անհրաժեշտ է երկրորդ պայմանը, որ դատական համակարգից իսպառ վերանա կոռուպցիան: Ես հույս ունեմ, որ մենք հստակ արձանագրում ենք, որ ՀՀ-ում ոչ մի կոռումպացված պաշտոնյա չի կարող գիշերը հանգիստ քնել՝ անկախ նրանից՝ դատավոր է, նախարար է: Նա պետք է իմանա, որ արդարադատությունը, պայմանականորեն ասած ժողովուրդը անպայման գալու է իր հետեւից: Եթե ոչ այսօր, ապա վաղը, եթե ոչ վաղը, ապա մյուս օրը: Այսօր մենք պատմական շանս ունենք ՀՀ-ում ունենալ անկախ դատական համակարգ: Դրա համար այսօր չունենք որեւէ քաղաքական խոչընդոտ:

Ես համզոված եմ, որ այդ շանսը կօգտագործվի, այլ բան է, թե ովքեր են այն մարդիկ, որոնք կնպաստեն այդ շանսի իրացմանը եւ ովքեր են, որ կխանգարեն: Եթե պարզվի՝ խանգարողներ կան, ստիպված կլինենք սկզբից լուծել խանգարողների հարցը, ապա միայն անկախ դատական համակարգի հարցը»,- ասաց վարչապետը՝ հավելելով. «Ես հավատում եմ, որ այսօր գոյություն ունեցող դատական համակարգում գոյություն ունի այն պոտենիցալը, որ մեզ կարող է բերել այս ցանկալի հանգրվանին ՀՀ-ում իրապես անկախ, արդար, օրինական եւ վստահելի դատական համակարգ ունենալուն: Այսօրվա մեր հավաքը համարում եմ արձանագրումն այն բանի, որ մենք այդ հնարավորությունը որեւէ կերպ բաց չենք թողնի»:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4