April 18, 2019

Որ ասում ենք՝ պետական կառավարման համակարգում լիքը պարապ մարդ կա, ասում եք՝ չէ, այդպես չէ. վարչապետը զայրացավ

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նպաստների ուշացմանը։

«Էս հարցը լուծե՞լ ենք»,- հետաքրքվեց վարչապետը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարից:

«Պարոն վարչապետ, ուշացումը մի քանի պատճառ ունի, տեխնիկական գործընթացների հետ է կապված, բայց վճարման ցուցակների կազմման աշխատանքները կատարվել են սահմանված ժամկետներում»,- ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

Վարչապետը հարցը կոնկրետացրեց. «Այս պահին լուծվե՞լ է հարցը, բոլորը ստացե՞լ են»: Բաթոյանը պատասխանեց, որ օրենքով սահմանված կարգով Հայփոստը պետք է տրամադրի։

«Բոլոր տարածքներում սկսվել են վճարումները, բայց մենք խնդիր ունենք տեխնիկական»,- ասաց նախարարը։

«Մենք երաշխավորվա՞ծ ենք, որ մյուս ամիս չեն լինի ուշացումներ»,- հարցրեց վարչապետը։ «Մենք ամեն ինչ անելու ենք, որ չլինի»,- նշեց Բաթոյանը։

Վարչապետը դարձյալ հետաքրքրվեց, թե ինչո՞ւ նախապես չեն ապահովել, որեւէ մեկը կարո՞ղ է տալ այդ հարցի պատասխանը։

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն էլ ասաց, որ 2017-ին կառավարությունը որոշում է կայացրել, որով սահմանել է պետական մարմիններում էլեկտրոնային փաստաթղթերի ստորագրության կիրառման կարգը։

«Մենք անցած տարվա հոկտեմբերի 2-ին առաջին անգամ շրջաբերականով տեղեկացրել ենք մեր գործընկերներին ու խնդրել ենք, որ ապահովեն էլեկտրոնային ստորագրությունների վավեր հավաստագրերը, 10 հազար օգտատերից մոտ 3000-ինն է եղել վավեր»,- ասաց Ջանջուղազյանը։

Նախարարը նշեց, որ՝ մի անգամ էլ փետրվարի 2-ին են բոլոր օգտատերերին իրազեկել, որ այս ամենն ապահովեն մինչեւ մարտի 21-ը։

«Փաստորեն, էդ տասը հազար հոգին պետական ծառայողներ են, բա ինչի՞ չեն կատարել հանձնարարականը։ Տիկնայք ու պարոնայք, ինչո՞ւ ձեր ենթակաները չեն կատարել հանձնարարականները»,- հետաքրքրվեց վարչապետը, այնուհետեւ հավելեց. «Որ ասում ենք՝ պետական կառավարման համակարգում լիքը պարապ մարդ կա, ասում եք՝ չէ, այդպես չէ»:

Փաշինյանը կոչ արեց հանել այն պաշտոնյաների ցուցակը, թեկուզ դա լինի մի քանի հազար մարդ, ովքեր հանձնարարականը չեն կատարել ու նրանց պատճառով մարդիկ ժամանակին չեն ստացել նպաստները։

«Երբ առաջիկայում մենք համակարգի օպտիմալացման խնդիր կլուծենք, ուրեմն այդ մարդիկ պետք է լինեն այդ օպտիմալացման արդյունքում աշխատանքից ազատվողների առաջին տողերում»,- ասաց վարչապետը։

armtimes.com

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4