May 22, 2019

Ադրբեջանը՝ որպես հակաիրանական դավադրության կարևոր ճակատ

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:

Օրերս ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին, Իրաքի քաղաքական և կրոնական իշխանական վերնախավի հետ հանդիպմանն անդրադառնալով ահաբեկչության դեմ պայքարում երկու երկրների արձանագրած հաջողություններին, նշել է. «Իհարկե, ահաբեկչության հարցը դեռ փակված չէ, և հնարավոր է, որ ահաբեկիչներն այլ միջոցներով փորձեն տարածաշրջանի ժողովուրդների համար խնդիրներ ստեղծել, քանի որ ամերիկացիները տարածաշրջանի համար այլ երազ են տեսել և այժմ զբաղվում են՝ ահաբեկիչներին Աֆղանստան, Կենտրոնական Ասիա և Կովկաս տեղափոխելով»:

Իրանի նախագահի հայտարարությունը բավական լայն իմաստային բացվածք ունի, անշուշտ, ԱՄՆ-ի և նրա տարածաշրջանային դաշնակիցների կողմից արդեն շուրջ 1 տարի Թեհրանի դեմ կրկին ակտիվացած քաղաքական, տնտեսական մեկուսացման քաղաքական ուղեգծի պայմաններում։ Ի դեպ, հենց այս օրերին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ընթացիկ տարում արդեն երկրորդ տարածաշրջանային այցն է կատարում Մերձավոր Արևելք, որի առանցքային նպատակն է հակաիրանական ճամբարի համախմբումը։

Հարկ է հիշեցնել, որ անցյալ 8 տարիների ընթացքում տարբեր ձևաչափերով Իրանի ակտիվ ներգրավվածությունն առնվազն սիրիական, իրաքյան և եմենական հիմնախնդիրներին՝ պարզ տրամաբանական հաշվարկ էր հետապնդում: Թեհրանը ձգտում էր այդկերպ հեռացնել իր սահմաններին մոտեցող վտանգը՝ նման գործելաոճը փաստարկելով նաև հստակ կրոնագաղափարական հիմնավորումներով` համաձայն նշված հակամարտությունների շրջանակներում ձևավորված նման իրողությունների։ Ի վերջո հատկապես սիրիական հակամարտության շրջանակներում դրա արտաքին որոշ դերակատարների նախաձեռնած՝ «ուրիշի ձեռքով գործելու» մարտավարությունը, որը ենթադրում էր ամբողջ աշխարհից վարձկանների հավաքագրումը, մարզումն, ապա՝ Սիրիայում Բաշար ալ-Ասադի վարչակարգի դեմ պայքարում ներդնումն իրականացվում էր նաև իսլամական ծայրահեղ արմատական գաղափարախոսության ներքո՝ իր խորքում նաև Իրանին թիրախավորմամբ։ Սիրիայում և դրա ուղղակի ազդեցությամբ նաև Իրաքում ձևավորված հակամարտային իրավիճակներում Թեհրանին փաստացի հաջողվեց ոչ միայն դիմադրել սպառնացող վտանգները՝ ձախողելով դավադրական ծրագրերը, այլև տրամագծորեն հակառակը՝ ավելի ամրապնդել սեփական դիրքերը նշված երկրներում. ի տարբերություն  նշվածների՝ ռազմական իրավիճակը շարունակում է համեմատաբար ակտիվ մնալ Եմենում, բայց դարձյալ Իրանի հովանավորյալ ուժերի ակնհայտ առավելությամբ։ 

Հետևաբար, միանշանակ է, որ Ռոհանիի հայտարարությունն ուղիղ իմաստով նշանակում է՝ Իրանում քաջ գիտակցում են, որ վերջին մի քանի տարիներին արևմուտքից և հարավից Իրանի դեմ վերոնշյալ սպառնալիքները չեն վերանում այլ տեղափոխվում են դեպի հյուսիսային և արևելյան սահմաններ, և Թեհրանը պահպանում է զգոնությունը։

Վերոնշյալի համատեքստում, հաշվի առնելով, որ արևելյան ուղղությամբ՝ Պակիստանից և հատկապես Աֆղանստանից կանխատեսվող սպառնալիքների ակտիվացման հետ կապված Իրանը նաև ենթակառուցվածքային առումով ավելի պատրաստ է՝ հաշվի առնելով շուրջ 1,5 տասնամյակ նշված երկրներում ստեղծված անկայուն իրավիճակը, ապա վստահաբար նաև Իրանում կանխատեսվում է, որ համեմատաբար առավել մեծ սպառնալիքը հնարավոր է Կովկասից, մասնավորապես՝ Ադրբեջանից։ Իրանական կողմի այս մտահոգությունները լրջորեն հիմնավորված են՝ հաշվի առնելով առնվազն հետևյալ մի քանի իրողությունները՝ շարադրված պայմանական հաջորդականությամբ՝

  1. Տարիներ շարունակ Ադրբեջանի հետ հատկապես ռազմատեխնիկական ակտիվ համագործակցության արդյունքում այդ երկրի՝ Իրանին սահմանակից շրջաններում, որոնք ամերիկա-իսրայելական հակաիրանական ծրագրերում մշտապես դիտարկվել են որպես կարևոր պլացդարմ, ձևավորվել է բավական արդյունավետ գործող իսրայելական հատուկ ծառայությունների ցանց, որի ամենավերջին մասշտաբային գործողությունը շուրջ 1 տարի առաջ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ մի քանի տոննայանոց փաստաթղթային արխիվի դուրսբերումն էր Ադրբեջանի տարածքով։
  2. Նույն սիրիական հակամարտության օրինակով «ուրիշի ձեռքով գործելու», տվյալ դեպքում՝ թյուրքական և իսլամական ծայրահեղ-արմատական խմբավորումների ներդրման միջոցով թուրք-ադրբեջանական մարտավարությունը կիրառական առումով փորձարկվել է Արցախի հիմնախնդրի ակտիվ ռազմական շրջափուլերում․ վերջինը 2016թ․ապրիլին պատերազմական իրավիճակի ակտիվացման ընթացքում էր։ Ընդ որում, Թուրքիայից հետո այս ուղղությամբ գործուն ենթակառուցվածք է ստեղծել նաև Իրանի մյուս տարածաշրջանային հակառակորդը Սաուդյան Արաբիան. ապացույցը հազարավոր ադրբեջանցիների հավաքագրումն ու ներդնումն էր մերձավորարևելյան հակամարտություններում։
  3. Ադրբեջանի իշխանական, բայց շատ ավելի ակնհայտ կերպով հասարակական-քաղաքական շրջանակներում պատմականորեն գերակա տեղ է զբաղեցնում «իրանաֆոբիան»՝ իր ազդեցությամբ մրցակցելով միայն հակահայկականության հետ։ Այս հանգամանքն է, որ խորքային առումով մշտապես մտահոգել է Իրանին՝ անկախ Ադրբեջանի պատմության ողջ ընթացքում դույզն-իսկ չնվազեցնելով անվստահությունը Բաքվի տարբեր վարչակարգերի նկատմամբ։

Վերոնշյալի և հատկապես Իրանի դեմ ավելի ու ավելի սեղմվող օղակի պայմաններում աստիճանաբար առավել կանխատեսելի է դառնում իրանա-ադրբեջանական լարվածությունը միաժամանակ մի քանի հարթություններում ընթացիկ ամսում գրանցված սահմանային միջադեպերը վառ օրինակ են։

Արմեն Պետրոսյան

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4