
Այսօր լրացավ Արթուր Սարգսյանի (Հաց Բերող) մահվան 2-րդ տարին:
2017թ.-ի մարտի 15-ին Արթուր Սարգսյանը ծանր վիճակում տեղափոխվել էր «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ գիշերը կատարվել էր անհետաձգելի վիրահատություն: Նրա մոտ առկա էր աղիքային անանցանելիություն և տարածուն պերիտոնիտ, զարգացել էր սուր սրտանոթային և թոքային անբավարարություն: Մարտի 16-ին՝ ազատության մեջ հատնվելու 10-րդ օրը Արթուրը մահացավ «Արմենիա» բժշկական կենտրոնում:
Վերը նշված հիվանդությունների մեծ մասը զարգացել կամ ձեռք էին բերվել անազատության մեջ գտնվելու ժամանակ՝ Հաց Բերող Արթուր Սարգսյանի ավելի քան 25 օր տևած հացադուլի ընթացքում, որը վերջինս իրականացնում էր ի նշան ՀՀ դատախազության կողմից իրեն առաջադրված մեղադրանքների:
Հաց Բերողի մահվան լուրը հրապարակվելուց հետո բազմաթիվ քաղաքացիներ հավաքվեցին Երևանի Ազատության հրապարակում, իսկ ավելի ուշ նաև ՀՀ նախագահի նստավայրի և ԱԺ շենքի դիմաց՝ ի նշան Արթուրի հիշատակի և ՀՀ իշխանությունների հանդեպ բողոքի: Ցուցարարները Արթուր Սարգսյանի մահվան համար մեղադրում էին գործող իշխանություններին՝ վանկարկելով, որ նրան սպանել են:
Հիշեցնենք, որ 2016 թ.-ի հուլիսի 26-ին առավոտյան ժ.07։00-ի սահմաններում Արթուր Սարգսյանն իր անձնական մեքենայով ճեղքել էր Էրեբունու ոստիկանական գումարտակի ոստիկանական պատնեշը և սնունդ հասցրել այն գրաված և արդեն 10 օր այնտեղ գտնվող «Սասնա Ծռեր» խմբի անդամներին:
galatv.am
.
Leave a Reply