March 23, 2019

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Փետրվարի 27-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր պատվիրակության հետ պաշտոնական այցով ժամանեց Իրան: ՀՀ վարչապետին Թեհրանի Սադաբադ պալատում դիմավորեց Իրանի նախագահ Հասան Ռուհանին: ՀՀ վարչապետը հանդիպեց նաև Իրանի հոգևոր առաջնորդ Այաթ Օլլա Ալի Խամենեյի և Իրանի Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ: Բոլոր հանդիպումները տեղի են ունեցել ջերմ մթնոլորտում ու ձեռք են բերվել բազմաբնույթ համաձայնություններ, որոնք պետք է մասնագիտորեն ուսումնասիրվեն ու վերածվեն պայմանագրերի, որից հետո կատարվելու են գործնական քայլեր երկու երկրների տնտեսական, քաղաքական ու բարեկամական հարաբերությունները էլ ավելի զարգացնելու ուղղությամբ:
Մենք շատ բարձր ենք գնահատում այս այցը, ամեն կերպ աջակցելու ենք Իրան-Հայաստան հարաբերությունների էլ ավելի ընդարձակմանը: Անհամբեր սպասում ենք, որ իրականացվեն բազմաթիվ երկկողմ համագործակցություններ, որոնք խթան կը հանդիսանան նաև իրանահայության կյանքի էլ ավելի աշխուժացմանը:
Իրանահայերի հայացքը միշտ ուղղված է եղել դեպի Հայաստան, նրանք բուռն ոգևորությամբ ընդունեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Իրանահայ համայնքը` անկախ որոշ կուսակցությունների ու քաղաքական ուժերի դիրքորոշումներից, միշտ դրական տրամադրվածություն ունի Հայաստանի Հանրապետության զարգացման հարցերում, ու ժողովուրդը անկեղծորեն ապրում է Հայաստանյան անցուդարձերով:
Մենք՝ որպես Իրանի հայկական ժողովրդական մի խումբ մարզամշակությաին միություններ, հասարաքաղաքական գործիչներ, մտավորականներ ու Թեհրանի Հայոց Թեմի պատգամավորներ, ՀՀ վարչապետի Իրան կատարած այցի հետ կապված ունենք մտահոգություններ որոշ երևույթների շուրջ, որոնց կողքից չենք կարող անտարբեր անցնել ու մեր պարտքն ենք համարում հիշատակել դրանք, որպեսզի այդ թերությունները ապագայում չկրկնվեն: Ուստի մեր սիրելի համայնքի, պատասխանատուների ու ՀՀ նոր իշխանության ուշադրությունը հրավիրում ենք այդ երևույթների վրա:
1-Այցի հետ կապված միջոցառումների կազմակերպողը Իրանում ՀՀ դեսպանատունն էր, միայն համայնքի հետ ՀՀ վարչապետի հանդիպման վայր ընտրվել էր ՀՄՄ «Արարատ» Կազմակերպությունը, սակայն դժբախտաբար դեսպանատունը իր դիրքում չգտնվեց ու մեզ անհայտ պատճառներով իր պարտականությունները հանձնեց Իրանի ՀՅԴ կուսակցությանը: Սա դատապարտելի է մեր կողմից և չպետք է կրկնվի ապագայում:
2-Համայնքում մեր պաշտոնական կառույցներն են Թեհրանի Հայոց Թեմի Պատգամավորական Ժողովը՝ որպես օրենսդիր մարմին, Թեմական Խորհուրդը՝ որպես գործադիր մարմին և Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանում ունենք երկու հայ պատգամավորներ: Հարգելի դեսպան պրն. Արտաշես Թումանյանը, եթե ՀՀ վարչապետի այցի միջոցառման անցկացման համար օգնության կարիք էր զգում, պետք է դիմեր այդ կառույցներին և ոչ թե ՀՅԴ-ին: Մեզ անհայտ է, թե հարգելի դեսպանը ինչ դրդապատճառով է նման քայլի գնացել:
3-Օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորելու համար մենք ակնկալում էինք, որ եթե, բացի ԹՀԹ-ի հոգևոր առաջանորդ Տ. Սեպուհ Արք. Սարգսյանից, ուրիշ մեկը պետք է ներկայանար, նա պետք է լիներ վերոհիշյալ մեր պաշտոնական մարմիններից և ոչ թէ ՀՅԴ-ի կենտրոնական կոմիտեի խոսնակ կամ ներկայացուցիչ՝ պրն. Սուրիկ Աբնուսյանը, որը անծանոթ դեմք է իրանահայության համար:
4-Պաշտոնական ընթրիքի հրավիրյալների հարցում անտեսվել էին Իրանի մասշտաբով հայտնի համալսարանականներ, միութենական ղեկավարներ, պաշտոնյաներ, մամուլի ու արվեստի գործիչներ, որոնք միշտ կանգնած են եղել ՀՀ դեսպանատան ու Հայաստանի կողքին, նաև ՀՀ- ում տեղի ունեցած հեղափոխության կողքին: Մենք գտնում ենք, որ չհրավիրելու պատճառը հիմնականում եղել է նրանց ոչ կուսակցական լինելը ու դեսպանի անտարբերությունը: Ավելացնենք նաև , որ հրավիրյալների ցանկի մասին ևս խոսելու առիթ կար:
5-Իրանահայ համայնքի հետ հանդիպման ժամանակ առաջին 5 շարքերում տեղավորվել էին հրավիրյալներ, որոնք ճշտվել էին, ոչ թե դեսպանատան այլ ՀՅԴ-ի միջոցով, սակայն դեսպանատան և անձամբ դեսպանի ստորագրությամբ հղված հրավիրատոմսով, որի վրա նշված անուն ազգանունները ոչ թե Հայաստանում պաշտոնապես ընդունված՝ նոր, այլ հին ուղղագրությամբ էին գրված: Առաջին շարքերում պետք է լինեին Համայնքի պատգամավորներն ու հայտնի բարերարները և ոչ թե կուսակցականներ կամ անհայտ անձինք:


Իրանահայ Ժողովրդավարական Ուժերի Համադրող Մարմին, 09/03/2019

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4