June 20, 2019

Հայաստանը վճռական է տրամադրված Եվրամիության հետ գործընկերությունը շարունակելու հարցում․ Փաշինյան

Հայաստանը վճռական է տրամադրված Եվրամիության հետ գործընկերությունը շարունակելու հարցում։ Այս մասին այսօր Բրյուսելում Եվրոպական խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ Տուսկի հետ հանդիպմանն անդրադարձել են Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին, տարածաշրջանային զարգացումներին։

«Մենք խոսել ենք Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին, որոնք միջազգային հանրության կողմից որակվել են որպես եվրոպական լավագույն չափանիշներին համապատասխանող ընտրություններ։ Գիտենք, որ այս ընտրությունների նկատմամբ աննախադեպ հանրային վստահություն կար, և, այս առումով, մենք բարձր ենք գնահատում Եվրոպական միության աջակցությունն այս ընտրությունների հաջող կազմակերպման հարցում։ Այն դինամիկ քաղաքական փոփոխությունները, որ տեղի ունեցան մեր երկրում, Հայաստանին և Եվրոպական միությանն ավելի են մերձեցրել», – ասաց Փաշինյանը։

Վարչապետն ընդգծեց՝ Հայաստանում ժողովրդավարությանն այլընտրանք չկա։ «Ժողովրդավարության ուղղությամբ բարեփոխումների օրակարգը հավանության է արժանանում Եվրամիության կողմից, և մենք առաջնահերթ ենք համարում մարդու իրավունքները, կոռուպցիայի դեմ պայքարը և օրենքի գերիշխանությունը», – ասաց Փաշինյանը։

Վարչապետն ընդգծեց, որ Հայաստանը շարունակում է աշխատանքը Եվրամիության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շուրջ և քայլեր են ձեռնարկվում Հայաստանում ժողովրդավարական ձեռքբերումներն էլ ավելի առաջ տանելու համար։

«Ուրախ եմ տեսնել, որ մեր գործընկերները մեզ հետ համանման օրակարգ ունեն։ Մենք վճռական ենք տրամադրված բարեփոխումներ իրականացնելու և մեր քաղաքացիների ու հայրենակիցների միջավայրը բարելավելու համար, ինչպես նաև ստեղծելու այնպիսի միջավայր, որը կողջունի մեր գործընկերներին և ներդրումներ կատարողներին», – ասաց վարչապետը՝ շարունակելով. – «Մենք քննարկեցինք Հայաստան-Եվրամիություն համաձայնագիրը և գտնում ենք, որ դա կարևորագույն գործիք է մեր բարեփոխումների օրակարգն առաջ տանելու հարցում։ Մենք դեռևս սպասում ենք Եվրամիության անդամ բոլոր պետությունների կողմից այդ համաձայնագրի վավերացմանը, որը թույլ կտա լիարժեքորեն օգտվել համաձայնագրի տրամադրած առավելություններից։ Այս համատեքստում մենք քննարկել ենք համաձայնագրի վավերացման գործընթացն արագացնելուն ուղղված քայլերը, մենք նաև քննարկել ենք վիզաների ազատականացման գործընթացը, որը թույլ կտա Հայաստանի քաղաքացիներին ավելի ազատ կերպով ճանապարհորդել Եվրոպական միության երկրներ։ Հույս ունենք, որ այս հարցում քաղաքական որոշումը շուտ կկայացվի»։

Փաշինյանն ասաց, որ անդրադարձել են նաև ղարաբաղյան խնդրին։ «Քննարկել ենք Եվրամիության շարունակական հավասարակշիռ դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում։ Մենք ողջունում ենք այն, որ Եվրամիությունը փաստում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է զբաղվի այս խնդրով, և դա կարևոր ներդրում է Հայաստանում և տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ։ Մենք ընդունում ենք, որ ղարաբաղյան հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով պետք է լուծվի», – ասաց Փաշինյանը՝ վստահություն հայտնելով, որ Եվրամիության հետ այս կառուցողական երկխոսությունը շարունակվելու է, որն էլ ավելի կուժեղացնի Հայաստան-Եվրամիություն համագործակցությունը։

armtimes.com

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4