July 18, 2019

Հայկական հեղափոխությունը ճիշտ է ընկալվել Իրանում. ՀՀ-Իրան հարաբերությունների հեռանկարը

Հայաստանի եւ Իրանի միջեւ տնտեսական համագործակցությունը զգալիորեն զիջում է քաղաքական հարաբերությունների մակարդակին: Այս ձեւակերպումը հնչում էր հայ-իրանական բարձր մակարդակի գրեթե յուրաքանչյուր հանդիպման ընթացքում: Փետրվարի 27-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարական պատվիրակության Իրան կատարած պաշտոնական այցը բացառություն չէր:

Այցի ընթացքում Փաշինյանը հանդիպումներ է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի, Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի, ինչպես նաեւ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիի հետ: Խամենեի հետ հանդիպումը յուրահատուկ կարեւորություն ունի, քանի որ ամեն երկրի ղեկավար չէ, որին Իսլամական հեղափոխության առաջնորդը անձամբ է ընդունում:

Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո Իրանի հետ հարաբերություններում որոշակի դադար նկատվեց: Այն, թերեւս, պայմանավորված էր նրանով, որ Իրանում փորձում էին հասկանալ Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները եւ դրանցից բխող մարտահրավերները: Հայկական պատվիրակության ընդունելության բարձր մակարդակը հուշում է, որ թավշյա հեղափոխությունը ճիշտ է ընկալվել Իրանում, եւ որ Թեհրանը արեւմտյան սպառնալիք չի տեսնում Հայաստանի կողմից: Այդուամենայնիվ, Ռոհանիի հետ հանդիպման ընթացքում Փաշինյանը վերահաստատել է, որ թավշյա հեղափոխությունը ներհայաստանյան գործընթաց էր, եւ «որեւէ արտաքին ուժ մեր երկրի քաղաքական գործընթացներում ներգրավված չի եղել»:

Ռոհանի-Փաշինյան հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, առողջապահության, զբոսաշրջության, բնապահպանության եւ հումանիտար ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորություններին: Ռոհանին համոզմունք է հայտնել, որ երկու կողմերի քաղաքական կամքը բավարար է, որպեսզի հայ-իրանական հարաբերությունները շարունակեն ամրապնդվել:

Երկրների ղեկավարները կարեւորել են Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման 3-րդ գծի կառուցման ծրագիրը, որը հնարավորություն կտա ավելացնել երկու երկրների միջեւ էլեկտրաէներգիայի եւ գազի փոխանակման ծավալները: Երրորդ գծի կառուցումը ներառված է նաեւ ՀՀ կառավարության ծրագրում եւ հատուկ նշանակություն ունի Հայաստանի համար, քանի որ թույլ կտա Հայաստանին հանդես գալ որպես էլեկտրաէներգետիկ ոլորտի տարածաշրջանային հաբ` կապելով Իրանի, Վրաստանի եւ Ռուսաստանի էլեկտրաէներգետիկ համակարգերը: Առանձին ուշադրություն է դարձվել նաեւ Մեղրիի ՀԷԿ-ի ծրագրի իրականացմանը: Կողմերը պայմանավորվել են այդ ուղղությամբ առաջիկայում գործնական քայլեր իրականացնել:

Առեւտրատնտեսական կապերի ակտիվացման համատեքստում հատուկ ուշադրության է դարձվել ԵԱՏՄ-Իրան ազատ առեւտրի գոտու ժամանակավոր համաձայնագրի վավերացումը: ԵԱՏՄ երկրներից այդ համաձայնագիրը առայժմ չեն վավերացրել միայն Հայաստանն ու Ղազախստանը: Վավերացումից հետո 3000-5000 ապրանքատեսակներ կենթարկվեն արդեն պարզեցված ընթացակարգերով առեւտրային կարգավորումների, ինչը, հաշվի առնելով, որ Իրանին սահմանակից՝ ԵԱՏՄ անդամ միակ երկիրը Հայաստանն է, հնարավորություն կընձեռի զգալիորեն բարելավել առեւտրային հարաբերությունները երկու երկրների միջեւ:

Տրանսպորտային համագործակցության շրջանակներում քննարկվել է միջազգային տրանսպորտային միջանցքների զարգացումը, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ծրագրի առանձին հատվածների կառուցման ուղղությամբ իրանական կողմի հնարավոր մասնակցությունը: Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել մասնակցել Հյուսիս-հարավ ծրագրին:

Փաշինյանը եւ Ռոհանին կարեւորել են նաեւ հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի ակտիվ գործունեությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հանձնաժողովի առաջիկա նիստն անցկացնել այս տարվա ամռանը: Հանդիպման ավարտին նրանք հանձնարարել են երկու երկրների կառավարությունների պատասխանատուներին շարունակել ակտիվ քննարկումները` մինչեւ միջկառավարական գալիք նիստը դրանք կոնկրետ պայմանավորվածությունների վերածելու նպատակով:

Հայ-իրանական բարձր մակարդակի հանդիպումներն անցել են ջերմ մթնոլորտում: Դրանցից ավելի ջերմ էին, թերեւս, միայն վարչապետի հանդիպումները Թեհրանի եւ Սպահանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Իրանի մեր հայրենակիցների հետ հանդիպման ընթացքում Փաշինյանը կարեւոր դիտարկում է արել՝ նշելով, որ այժմ այլեւս չկան Հայաստանի եւ Սփյուռքի առանձին օրակարգեր: Փոխարենը կա «համազգային օրակարգ, որի նպատակը մեր համազգային նպատակների եւ երազանքների իրագործումն է»:

Հայկական պատվիրակության ջերմ ընդունելությունը, բանակցությունների ընթացքում փոխանակված մտքերը եւ ձեռքբերված պայմանավորվածությունները խոսում են նրա մասին, որ կողմերը պատրաստ են երկկողմ հարաբերությունները բերել նոր մակարդակի՝ խորացնելով տնտեսական համագործակցությունը, ընդ որում ոչ միայն երկկողմ, այլեւ տարածաշրջանային ձեւաչափով: Անգամ հաշվի առնելով բոլոր արտաքին բարդությունները, այժմ բացառիկ պահ է հայ-իրանական տնտեսական հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու համար:

Վլադիմիր Մարտիրոսյան


armtimes.com

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4