May 24, 2019

Եվրոպա-Հայաստան-Իրան-Քաթար կապուղի. Հայկական ընկերությունն առաջ է անցել թուրքականներից

Ծոցի եւ Ասիայի երկրները Եվրոպային միացնելու ինտերնետի հասանելիության տարանցիկ կապուղի է ստեղծվելու։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովի Հանրային կապերի խումբը։

Հայաստանի, Իրանի եւ Քաթարի միջեւ հեռահաղորդակցության ոլորտում տարածաշրջանային համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր են ստորագրել, համաձայն որի՝ կհամագործակցեն՝ ստեղծելով ինտերնետի տարանցիկ կապուղի՝ տարածաշրջանի երկրների համար։ Փաստաթուղթը հայկական կողմից ստորագրել է UCOM ընկերության համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը, Իրանի կողմից՝ Իրանի հաղորդակցության եւ ՏՏ փոխնախարար, Իրանի հեռահաղորդակցության ընկերության գործադիր տնօրեն Մաջիդ Սադրին եւ Քաթարի կողմից՝ Ծոցի երկրներում խոշորագույն մալուխային ցանցը տնօրինող «Գալֆ Բրիջ Ինթերնեյշնլ» ընկերության նախագահ Աբդուլա Ալ-Ռվաիլին։

«Այս ծրագրով Ծոցի եւ Ասիայի երկրները Եվրոպային միացնելու ինտերնետի հասանելիության տարանցիկ կապուղի է ստեղծվելու։ Միանալով նման հավակնոտ նախագծի, փաստորեն, Հայաստանն ընդգծում է տարածաշրջանում ՏՏ առաջատարի իր դիրքը։ Նոր կապուղին այլընտրանք է դառնալու այսօր գործող՝ ծովային ճանապարհով անցնողին, որը, փաստորեն, անցնելու է Հայաստանով՝ շրջանցելով Ադրբեջանն ու Թուրքիան։ Նախագծում ընդգրկվելու համար, ի դեպ, թեժ պայքարում էին Թուրքիան ու Ադրբեջանը։ Սա ոչ միայն գործարար, այլ նաեւ ռազմավարական նշանակության ծրագիր է, որը կապված է հեռահաղորդակցության անվտանգության հետ»,- նշել է UCOM ընկերության համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը։

Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ծառայությունների համաշխարհային դաշինքի (WITSA) խորհրդի անդամ, Հայաստանի առաջատար տեխնոլոգիաների միության նախագահ, WCIT 2019՝ ՏՏ համաշխարհային համաժողովի նախագահ Ալեքսանդր Եսայանի՝ համաժողովին մասնակցության նախապես արված հրավերն անձամբ է վերահաստատել Իրանի հաղորդակցության եւ տեխնոլոգիաների նախարար Մոհամմադ Ջավադ Ազարի Ջահրոմիի հետ հանդիպմանը։

Ալեքսանդր Եսայանը Իրանում է գտնվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցի շրջանակում։ Ինչպես հաղորդվել է նախապես, ՏՏ համաշխարհային համաժողովն այս տարի տեղի է ունենալու Երեւանում, հոկտեմբերի 6-9-ին։

news.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4