November 29, 2023

Սփյուռքի նախարարության կորիզը կպահպանվի հանձնակատարի գրասենյակի ներսում. հարցազրույց Բաբկեն Տեր Գրիգորյանի հետ

Սփյուռքի նախարարությունը միացման ձեւով վերակազմակերպելու է՝ միանալով վարչապետի աշխատակազմին ու ստեղծելով Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ. նախարարության կորիզը պահպանվելու է այս գրասենյակի ներսում, սակայն կրճատումներն անխուսափելի են։ Այս մասին NEWS.am–ին տված հարցազրույցում ասել է սփյուռքի նախարարի պաշտոնակատար Բաբկեն Տեր Գրիգորյանը։

Պարո՛ն Տեր-ԳրիգորյանՍփյուռքի նախարարությունը շուտով փակվելու է։ Նախեւառաջ ինչպե՞ս է լուծվելու աշխատակիցների զբաղվածության հարցը։ Ընդհանուր առմամբքանի՞ մարդ կմնա անգործ։

«Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով՝ Սփյուռքի նախարարությունը միացման ձեւով վերակազմակերպելու է՝միանալով վարչապետի աշխատակազմին ու ստեղծելով Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ:Նախարարության կորիզը պահպանվելու է այս գրասենյակի ներսում, սակայն կրճատումներն անխուսափելի են:  Մենք համոզված ենք, որ կարող ենք պրոֆեսիոնալ թիմով ցույց տալ լավագույնը: Իհարկե, այժմ թվեր հրապարակել չեմ կարող, քանի որ հաստիքացուցակը գտնվում է քննարկման փուլում:

Նախարարությունը փակելու հարցը դժգոհություն է առաջացրել սփյուռքում։ Ասում են՝ որոշումը կայացվել է՝ առանց սփյուռքի կառույցների հետ քննարկելու։ Ինչո՞ւ այդպես էլ շահագրգիռ կողմերի հետ հարցը չքննարկվեց։

Սփյուռքը բազմաշերտ ու բազմերանգ երեւույթ է, եւ գրեթե անհնար է հասնել սփյուռքի մեկ միասնական, բոլորի կողմից ընդունելի ու անառարկելի կարծիքի: Եվ դա մեզ նման բազմամիլիոնանոց սփյուռքի պարագայում բնական է: Տարբեր համայնքեր, անհատներ ունեն տարբեր տեսակետներ, եւ Հայաստան-սփյուռք հարաբերությունների նոր տրամաբանության, այն ավելի բարձր հարթություն տեղափոխելու շուրջ գոնե ես սփյուռքից բազմաթիվ դրական կարծիքներ եմ ստացել, չեմ թաքցնի, որ եղել են նաեւ բացասական կարծիքներ, բայց մենք պետք է հստակ գիտակցենք, որ պետությունը այս նոր մոդելով առաջարկում է առավել լավ կառավարման տարբերակ: Այն բոլոր խնդիրները, որոնք դրված են լինելու գլխավոր հանձնակատարի գրասենյակի դիմաց, վստահ եմ ստանալու են ավելի ճիշտ ու նպատակային լուծումներ:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեցոր լինելու է վարչապետին կից հանձնակատարսակայն մինչեւ հիմա պարզ չէ՝ ինչ գործառույթներ է ունենալու։ Միգուցե Դո՞ւք մանրամասնեք։

Ինչպես արդեն նշեցի, վարչապետի աշխատակազմում լինելու է  Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ, իսկ գլխավոր հանձնակատարը լինելու է վարչապետի ներկայացուցիչը սփյուռքում: «Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակիմասին» օրենքի նախագծով, որը, ի դեպ, հրապարակված է e-draft կայքում, հստակ նշված են գրասենյակի ու հանձնակատարի գործառույթները: Ըստ այդմ՝ գրասենյակը հիմնականում աշխատելու է 4 ուղղությամբ՝ հայրենադարձություն եւ ինտեգրում, հայապահպանություն եւ համայնքներին աջակցություն, համահայկական օրակարգի ձեւավորում եւ Հայաստանի զարգացման գործում սփյուռքի ներուժի նպատակային օգտագործումը: Միաժամանակ այս տարբերակով ոչ թե ստորադասվում է սփյուռքը, այլ ավելի է ընդգծվում Հայաստանի համար, ինչու, որովհետեւ այս տարբերակով բոլոր խնդիրներին ծանոթ է լինելու անմիջապես վարչապետը ու այդ խնդիրները բնականաբար առավել արագ լուծումներ են ստանալու:

Հայտնի է արդյոք՝ հանձնակատարն ինչպիսի անձնակազմ է ունենալու։

Օրենքի նախագծի համաձայն՝ գրասենյակի կանոնադրությունը եւ հաստիքացուցակը հաստատում է վարչապետը: Հիմա անձնակազմի մասին խոսելը դեռեւս վաղ է, սակայն արդեն նշեցի՝ նախարարության պրոֆեսիոնալներն ընդգրկված կլինեն այդ աշխատակազմում: Գրասենյակի իրավական, կադրային, ֆինանսական, փաստաթղթային, նյութատեխնիկական ապահովումը եւ սպասարկումն իրականացնում է վարչապետի աշխատակազմը: Գրասենյակն ունենալու է նաեւ ղեկավար, որին պաշտոնի նշանակում եւ պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը՝ գլխավոր հանձնակատարի առաջարկությունով:

Իշխանությունները նաեւ կարծիք են հայտնումոր սփյուռքի հարցերով տարբեր նախարարություններ նույնպես կզբաղվեն։ Օրինակսփյուռքահայն ինչպե՞ս տարբերակի՝ որ հարցով որ կառույցին դիմի։

Նախեւառաջ ընդգծեմ, որ հանձնակատարը վարչապետի անունից կհամակարգի կառավարության աշխատանքները սփյուռքի հետ հարաբերություններում:  Մենք դառնալու ենք այդ օղակը սփյուռքահայի եւ ՀՀ կառավարության միջեւ: Մենք կարծում ենք, որ հանձնակատարի գրասենյակը լինելու է ռազմավարություն մշակող:  Վստահ եմ, որ գլխավոր հանձնակատարի գրասենյակը ունենալու է սփյուռքահայերի հետ աշխատելու հատուկ մշակված մոդել ու հենց այդ մոդելի համաձայն էլ կաշխատեն ցանկացած սփյուռքահայի հետ: Ցանկանում եմ հստակ ընդգծել, որ այլեւս չեն լինելու մերժվածներ, մենք յուրաքանչյուրի հետ աշխատելու ենք հավասար եթե անհրաժեշտությունը լինի նաեւ առանձին օրակարգով:

Կարծո՞ւմ եք՝ հանձնակատարը կկարողանա կատարել մի ամբողջ նախարարության աշխատանք։

Նախորդ պատասխաններում արդեն ընդգծել եմ, որգործելու է գրասենյակ իր պրոֆեսիոնալ աշխատակիցներով, եւ ինչպես դուք նշեցիք, տարբեր գերատեսչություններ արդեն իսկ ունեն սփյուռքի հետ կապերի ստորաբաժանումներ, որոնք նոր որակով ու շեշտադրումներով են սկսելու աշխատել: Սա մեկ անձի ինստիտուտ չէ, սա Հայաստան-սփյուռք հարաբերությունների նոր փուլ է՝ ավելի մեծ պատասխանատվությամբ եւ առաջնահերթություններով: Սա ենթադրում է, որ մեկ նախարարություն կամ գրասենյակ չէ, որ պետք է զբաղվի սփյուռքի հետ, սա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության ամբողջ կառավարությունն է զբաղվելու սփյուռքի հետ: Գործող բոլոր նախարարությունները ու առաջիկայում ստեղծվելիք հանձնակատարի գրասենյակը, բոլորը զբաղվելու են սփյուռքի հետ:

Մամուլը գրում էոր սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի համար թեժ պայքար է ընթանում։ «Պայքարողների» մեջ նաեւ Ձեր անունն է նշվում։ Արդեն կա՞ որոշումթե ով կլինի գլխավոր հանձնակատարը։ Դուք Ձեզ տեսնո՞ւմ եք այդպաշտոնում։

Եթե որոշում լիներ, մամուլը, կարծում եմ, ամենաառաջինը կիմանար այդ մասին: Հանձնակատարի պաշտոնում նշանակվելու առաջարկ չեմ ստացել: Ամեն պարագայում պատրաստ եմ ծառայել պետությանը, ներդնել իմ փորձը, գիտելիքներն ու ջանքերը Հայաստանի Հանրապետության զարգացման գործում, որտեղ ինձ տեսնի իմ քաղաքական թիմը:

news.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4