March 23, 2019

Վե՛ր կացեք եւ քայլե՛ք, եւ երբե՛ք ու երբե՛ք չխեղճանաք, որովհետեւ դո՛ւք Թումանյանի սերունդն եք․ Նիկոլ Փաշինյան

Այսօր հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյակն է։ Այս օրվան նվիրված մեծ միջոցառում է տեղի ունենում հանճարի ծննդավայրում՝ Լոռվա Դսեղ գյուղում, որին ներկա է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը․

«Շատերը մտածում էին, որ Արարատն Արաքսի այն կողմում է, բայց ինչպես տեսնում եք, ինչպես Չարենցն է վկայում՝ Արաքսի ա՛յս կողմում էլ մենք ունենք Արարատ, եւ էդ Արարատը Հովհաննես Թումանյանն է, եւ էդ Արարատը Լոռվա մարզում է, եւ էդ Արարատը Դսեղում է»,-այսպես սկսեց իր ելույթը Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Թումանյան պոտեի եւ հանճարի մասին այս խոսքերով ամեն ինչ ասված է, դրա համար ինքն ուզեց խոսել Թումանյան մարդու մասին․

«Ես ուզում եմ խոսել Թումանյան մտավորականի՛, Թումանյան հանճարի՛, Թումանյան պետական գործչի՛, այո՛, պետականության բացակայության պայմաններում, ես ուզում եմ խոսել Թումանյան մարդո՛ւ մասին, ոչ թե Թումանյան մարդու՝ որպես ընկեր, ընտանիքի անդամ, որպես հայր, այլ որպես առանձին վերցրած «մարդ», որովհետեւ Թումանյանի կերպարն էսօրվա Հայաստանում պետք է առաջնորդի բոլորին, որովհետեւ մենք տեսնում ենք, ահա՛, սրբապատկեր դարձած այս նկարը, երեխաներն իրենց դասագրքերում տեսնում են սրբապատկերի արժեք ստացած Թումանյանին․․․ բայց ո՞վ էր այդ մարդը եւ ինչպե՞ս դարձավ Արարատը մեր նոր քերթության, ինչպե՞ս դարձավ Արարատ։ Նա՝ գյուղացի, մի պատանի, մի երիտասարդ, մի միջին, նույնիսկ կարելի է ասել՝ աղքատ մի ընտանիքից, նա մի մարդ, որ ամբողջ կյանքում չի ունեցել բարեկեցության որեւէ ժամկետ։ Թումանյանին մենք էսօր պատկերացնում ենք որպես Արարատ, որպես անհաս մի բարձրություն, բայց նա մի մարդ էր, որ իր ծնված առաջին օրից կրել է մարդկային բոլոր տառապանքները՝ աղքատություն, սով, անփողություն, ապրելու անհնարինություն, ու կյանքն ամեն վայրկյան փորձել է կոտրել նրան, կյանքն ամեն վայրկյան փորձել է սպանե՛լ նրան եւ ցածրացնել, ցածրացնել կենցաղի՛ մեջ, ռուբլո՛ւ մեջ, կոպեկի՛ մեջ, մի կտոր հացի՛ մեջ․․․ եւ ի՞նչ է արել Թումանյանը, ինչպե՞ս է հասել դրան․ միայն մի՛ բանով․ միայն ի՛նքն իրե՛ն հավատալո՛վ, միայն կրթությանը հետեւելով։ Նույնիսկ կրթություն ստանալու հնարավորություն չի ունեցել, կիսատ է թողել, գնացել աշատել ու չարքաշ աշխատանքով է ապրել, չի ունեցել ոչ մի օգնություն, ընդհակառակը՝ ուրիշներն են իրենից օգնություն հայցել, դսեղցիներն են նեղացել, ասել՝ չի օգնում մեզ՝ մտածելով, թե բոլոր հնարավորությունները նրա ձեռքում են։ Եւ, ահա, էս ամենը ծանրացել էր նրա ուսերին, եւ ինչո՞ւ նա չի կոտրվել, որովհետեւ հավատացել է ի՛ր ուժին, եւ էն ժամանակ, երբ թվում էր, թե պիտի ծնկեր, ինչպես Հիսուսն անդամալույծին ասել է՝ վե՛ր կաց եւ քայլի՛ր, Թումանյանն ինքն իրեն ասել է՝ վե՛ր կաց եւ քայլի՛ր․․․ եւ նա վե՛ր է կացել եւ քայլել, քայլել է այնտեղ, որտեղ չկար ճանապարհ, ապրել է այնտեղ, որտեղ չկար հաց, հաղթել է այնտեղ, որտեղ չկար հնարավորություն, որովհետեւ ասելիք է ունեցել իր ժողովրդին, եւ իր ժողովրդին իր ասելիքը եղել է մեկը՝ վե՛ր կաց եւ քայլիր, մի՛ ծնկիր, մի՛ խեղճացիր, մի՛ նվաստացիր, մի՛ չարացիր, մի՛ կասկածիր քո ուժին ու քո հայրենիքին, քո անցյալին եւ ապագային։ Եւ սա է Թումանյանի ուղերձը ժողովրդին, Հայաստանին»,-ասաց Նիկոլ Փաշինյանը՝ շարունակելով․

«Ես էսօր ինձ իրավունք եմ վերապահում որպես ՀՀ վարչապետ, որպես ժողովրդի ազատ կամքով ընտրված վարչապետ՝ Թումանյանի անունից ասել հայ ժողովրդին՝ վե՛ր կաց եւ քայլի՛ր, դու անդամալույծ չե՛ս, դու պարտվող չե՛ս, դու մուրացիկ չե՛ս, վե՛ր կաց եւ քայլի՛ր, վե՛ր կաց եւ քայլի՛ր»։

Վարչապետը մեջբերեց Թումանյանի «Հայրենիքիս հետ» բանաստեղծությունից մի տող՝ «Ու պիտի գա հանուր կյանքի արշալույսը վառ հագած» եւ ասաց, որ արդեն եկել է այդ հանուր կյանքի արշալույսը, եւ այսօրվա Հայաստանն է այդ արշալույսը․

«Դուք եք բերել էդ հանուր կյանքի արշալույսը, դուք պարտավոր եք տեր կագնել ձեր բերած արշալույսին, ձեր բերած երկրին, ձեր հաղթանակին, ձեր բերած հայրենիքին։ Եւ ուրեմն՝ վե՛ր կաց եւ քայլի՛ր, վե՛ր կացեք եւ քայլե՛ք, եւ չխեղճանա՛ք, երբե՛ք ու երբե՛ք չխեղճանաք, որովհետեւ դո՛ւք Թումանյանի սերունդն եք, դուք Թումանյանի՛ ժողովուրդն եք, դուք Թումանյանի հայրենի՛քն եք եւ դուք Թումանյանի գիտակցությունն եք ու ապագան․․․ եւ ուրմեն՝ կեցցե՛ ազատությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցենք մե՛նք եւ մեր երեխաները, որ ապրում ենք եւ ապրելու ենք ազատ եւ երջանիկ՝ Թումանյանի Հայաստանում, Թումանյանի երազած Հայաստանում»,-իր ելույթն ավարտեց վարչապետը՝ արտասանելով Թումանյանի քառյակներից մեկը՝ շեշտելով, որ այս քառյակում ինչ-որ ուղերձ կա բոլորիս ուղղված, մարդուն, քաղաքացուն ու հային ուղղված ուղերձ․

«Հոգիս՝ տանը հաստատվել,
Տիեզերքն է ողջ պատել.
Տիեզերքի տերն եմ ես,
Ո՞վ է արդյոք նկատել»․․․

«Դուք տիեզերքի տերն եք, ժողովուրդ, տեր կագնեք ձեր տիեզերքին»։

armtimes.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4