Rss Feed
Tweeter button
Facebook button
Technorati button
Reddit button
Myspace button
Linkedin button
Webonews button
Delicious button
Digg button
Flickr button
Stumbleupon button
Newsvine button
Youtube button
February 18, 2019

Դեսպանի մասին որոշումը ևս մեծ արձագանք կառաջացնի. անպատկերացնելի է, որ մեկ անձը պետք է համակարգի սփյուռքի խնդիրները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիայի Քյոլն քաղաքում հայ համայնքի հետ հանդիպմանն անդրադարձել է սփյուռքի նախարարության լուծարմանը՝ նշելով, որ վարչապետի աշխատակազմը կունենա Սփյուռքի գծով հատուկ հանձնարարությունների դեսպան։ Սփյուռքահայերից շատերը տարակուսած են։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանը նշում է, որ եթե խոսում են, թե որքան կարևոր է Սփյուռքը, բայց փակում են նախարարությունը, սա փաստում է, որ հետաքրքրված չեն Սփյուռքով։ Նրա դիտարկմամբ՝ որևէ մեկը չի կարող այդ բարդ ոլորտը ղեկավարել, լինել Սփյուռքի պատասխանատուն. «Պետք է լինի մեկը, որը շատ լավ ճանաչում է Հայաստանը և Սփյուռքը, քանի որ այդ մարդը պետք է կամուրջ լինի Հայաստանի և Սփյուռքի միջև, և ուրեմն նա պետք է երկու կողմն էլ շատ լավ ճանաչի։ Միայն Հայաստանը ճանաչելը կամ միայն Սփյուռքը ճանաչելը բավարար չէ։ Սպասենք, տեսնենք՝ ում պետք է նշանակի, և այդ մարդը որքան պետք է ճանաչի Հայաստանը և Սփյուռքը։ Երկրորդ՝ երբ ասում են՝ Սփյուռքի հարցերով միայն սփյուռքի նախարարությունը չէր զբաղվում, բոլոր նախարարությունները զբաղվում են Սփյուռքով, սա էլ ես շատ ճիշտ չեմ համարում, որովհետև սփյուռքահայը որևէ հարց ունենալու դեպքում մինչև հիմա գիտեր, որ կա մի տեղ, որ կարող է գնալ, կարող է իր բոլորը հարցերը ներկայացնել, և սփյուռքի նախարարության աշխատակիցները կարող էին զբաղվել իր հարցերով։ Այդ պաշտոնյաները կարող էին կապ հաստատել զանազան նախարարությունների և պաշտոնյաների հետ և փորձել հարցին լուծում գտնել։ Հիմա, երբ նախարարությունը չկա, սփյուռքահայը չգիտի՝ իր հարցով որ նախարարություն դիմի։ Անգլերենում մի ասացվածք կա՝ եթե բոլորը զբաղվում են մեկ հարցով, սա նշանակում է, որ ոչ մեկը չի զբաղվում…»,- ասել է Սասունյանը։

Վերլուծաբան, քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե արդյոք Սփյուռքի գծով հատուկ հանձնարարությունների դեսպան ունենալը լավագույն լուծումը կարելի՞ է համարել, նշեց. «Լավագույն լուծման առումով մենք, իհարկե, պետք է շատ նեղ մասնագիտական քննարկումներ ունենանք և նույնիսկ այդ դեպքում չենք կարող ասել, թե ի վերջո, ո՞րն է ամենաօպտիմալ տարբերակը։ Համենայնդեպս, մենք մինչև սփյուռքի նախարարությունը առանձնապես տարբեր հարաբերություններ չունեինք, քան նախարարության ստեղծումից հետո։ Այդ իմաստով առանձին կառույցի նպատակահարմարությունն անգամ հարաբերական է»։

Նրա խոսքով՝ առանցքայինը պետք է լինի հետևյալը՝ մենք ինչ խնդիրներ ենք դնում Սփյուռքի հետ հարաբերությունների առումով, որպեսզի հասկանանք, թե այդ խնդիրները լուծելու համար մեզ ինչպիսի կառույց է պետք. բավարա՞ր է հատուկ հանձնարարությունների գծով դեսպանը, և մնացյալ աշխատանքը կարող են անել պետական մնացած գերատեսչություննե՞րը իրենց կազմում հատուկ ստորաբաժանումով կամ առանց այդ ստորաբաժանման, թե՞ մենք դնում ենք ավելի մեծ խնդիրներ, և մեզ ավելի մեծ կառույցներ են պետք. այստեղ պետք է փնտրել լուծումները՝ հասկանալու համար, թե ինչպիսի տեսք կարող է ունենալ այս կամ այն կառույցը։

«Համենայնդեպս, ես հեռու եմ այն մտքից, որ եթե Սփյուռքի նախարարությունը չլինի, եթե առանձին կառույց չլինի, դա կարող է ինքնաբերաբար ազդեցություն թողնել էֆեկտիվության վրա։ Բարոյական, հոգեբանական տեսանկյունից գուցե ունենա ազդեցություն, բայց արդյունավետությունը չափել այդ հատուկ անվանումով, կարծում եմ՝ այնքան էլ ճիշտ չի լինի»,- ասաց նա։

Անդրադառնալով Հարութ Սասունյանի մտահոգություններին՝ նշեց, որ պետք է հետևյալը գնահատենք՝ ռազմավարական իմաստով մենք ինչ ենք պատկերացնում Սփյուռքի հետ հարաբերություն ասելով։ Նրա խոսքով՝ Սփյուռքն ու սփյուռքահայերն այնքան բազմաշերտ ու բազմազան են իրենց խնդիրներով, անգամ իրենց առօրյա օրակարգով, որի մի մասը Հայաստանի հետ սերտ կապ ունի, մի մասը չունի, և մենք պետք է գտնենք մոդելներ, թե ինչպես հարաբերվենք այն շերտերի հետ, որոնք ինքնությամբ հայ են, բայց իրենց առօրյա օրակարգով Հայաստանի հետ անմիջական կապ չունեն. «Այս տեսանկյունից խնդիրներն այնքան բազմազան են, որ չեմ կարող ասել, որ մեկ կառույցն ունակ է այդ խնդիրները լուծել։ Եվ միայն այն, որ այդ կառույցի վրա կարող է դրված լինել Սփյուռքի հարցերով զբաղվող նախարարություն, Կոմիտե և այլն, ինքնաբերաբար կլուծի Սփյուռքի հետ հարաբերության բոլոր հարցերը։ Դրա համար առանցքային հարցի պատասխանը մենք չունենք, թե Հայաստան-Սփյուռք ինչպիսի կոնկրետ հարաբերություն ենք պատկերացնում։ Եթե մենք այս առանցքային հարցի պատասխանը դեռ չունենք, չենք կարող օպտիմալ պատասխան ստանալ որևէ կառույցի արդյունավետության մասով»,- հավելեց մեր զրուցակիցը։

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ, սոցիոլոգ Սյուզաննա Բարսեղյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ իր համար շատ անսպասելի էր, որ Սփյուռքի գծով հատուկ հանձնարարությունների դեսպան է նշանակվելու։

«Փաստորեն մենք ինստիտուցիոնալ կառույցի փոխարեն ունենում ենք մեկ մարդ։ Ով էլ նա լինի, որքան էլ հանճարեղ լինի՝ նա չի կարող ճանաչել ողջ Սփյուռքը։ Ես չգիտեմ՝ ով է վարչապետին նման խորհուրդ տվել, բայց կարծում եմ, որ իրենք էլ որոշ ժամանակ հետո կհամոզվեն, որ հնարավոր չէ նման լուծմամբ աշխատել Սփյուռքի հետ։ Այսինքն՝ ունենալ Սփյուռքի հարցերով դեսպան, որը պետք է աշխարհով մեկ սփռված և այսքան բազմազան սփյուռքը կարողանա ճանաչել և, ինչպես վարչապետն ասաց, հիմնախնդիրները համակարգել ու ներկայացնել իրեն։ Ինչպես է համակարգելու Սփյուռքի ողջ խնդիրները, ինչպես են լուծումներ գտնելու, նորից ինչ-որ մարդկանց միջոցո՞վ, այսինքն՝ ոչ ֆորմալ ձևո՞վ, եթե կառույցներ չեն լինելու։ Փաստորեն լուծարված նախարարության գործառույթներից միայն երկուսն են պահպանվում՝ փոխանցվելով այլ նախարարություններին։ Դա կրթության ու մշակույթի հարցերն են, որոնք փոխանցվում են կրթության ու մշակույթի միավորված նախարարությանը։ Սա նույնպես ճիշտ մոտեցում չէ, որովհետև Հայաստանի և Սփյուռքի կրթական հարցերը բացարձակ տարբեր են, ուրիշ նշանակություն ունեն և ուրիշ լուծումներ են պահանջում։ Այնտեղ էլ պետք է հատուկ թի՞մ պահեն, որը հատուկ սփյուռքի կրթության ու մշակույթի հարցերով զբաղվի։ Չեմ պատկերացնում դա»,- ասաց նա։

Փորձագետը չի պատկերացնում այս որոշումների վերջնարդյունքը և կարծում է՝ իրենք էլ որոշակի ժամանակ անց կտեսնեն, որ դա անարդյունավետ է. Աշխարհում նման փորձ չկա, որ Սփյուռքի հետ քաղաքականությունը նման մարդ-կառույցի միջոցով իրականացվի։

Անդրադառնալով Սասունյանի այն գնահատականին, որ եթե խոսում են, թե որքան կարևոր է Սփյուռքը, բայց փակում են նախարարությունը, սա փաստում է, որ հետաքրքրված չեն Սփյուռքով, Սյուզաննա Բարսեղյանը նշեց, որ նախարարության առկայության այդ սիմվոլիզմը իհարկե կար. շատ լավ է, որ Հայաստանը, որպես ազգային պետություն, իր հարաբերությունները Սփյուռքի հետ կարևորելով՝ կառավարության կազմում մի առանձին մարմին ունի, որը պետք է քաղաքականություն իրականացնի, և նախարարությունը լավ միավոր էր, կառույց էր ճիշտ աշխատանքի հիմքում։

«Վարչապետը հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ, մեկնաբանելով, թե ինչու են փակել այդ նախարարությունը, վերլուծում է Հրանուշ Հակոբյանի շրջանում եղած նախարարության գործունեությունը։ Փաստորեն, քաղաքականության մեջ որոշում կայացնող մարդիկ վերլուծում են նախորդ նախարարության փորձը, փորձում են գնահատել այդ փորձն ու օպտիմալացնել։ Իրենց խնդիրը չէ, թե նախորդ կառավարությունն ինչպես էր աշխատեցնում այդ կառույցը, իրենց խնդիրն է, թե իրենք ինչպես են պատրաստվում աշխատեցնել։ Եթե շարունակելու էին այնպես, ինչպես նախկինում, միգուցե պետք էր փակել, բայց իրենք պետք է ասեն, թե ինչ են ուզում անել Սփյուռքի հետ, ինչպիսի քաղաքականություն, ըստ այդմ՝ նախարարության գործառույթն ինչպիսին պետք է լինի։ Այսինքն՝ նախարարությանը տալիս են գործառութային մակարդակ, այնինչ նախարարությունը պետք է քաղաքականություն իրականացնի։ Ես վստահ եմ, որ Սփյուռքից դեռ արձագանքներ կլինեն, ինչպես մինչև հիմա էլ բազմաթիվ արձագանքներ եղան, որոնց բոլորովին ականջալուր չեղան որոշում կայացնելիս։ Բավականին կառույցներից, անհատներից արձագանքներ եղան, բայց ոչ մի ձևով դա չազդեց որոշման կայացման վրա։ Հիմա դեսպանի մասին որոշումը ևս մեծ արձագանք կառաջացնի, որովհետև անպատկերացնելի է, որ մեկ անձը պետք է համակարգի հայկական բազմազան սփյուռքի խնդիրները և փորձի դրանց լուծումներ տալ»,- հավելեց նա։

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4