
Պատգամավորներն իրենց պարգեւավճարը ստանում են ու ասում են՝ ո՞նց կարող են պետական կառավարման մյուս աշխատողներն էլ ստանալ
Քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսից ֆեյսուբքյան ուղիղ եթերով անդրադարձավ նաեւ վերջին օրերին ամենաշատը քննարկված թեմային՝ պետական կառավարման համակարգի աշխատակիցների պարգեւավճարներին։
Փաշինյանն ասաց, որ այս հարցում կա որոշակի թյուրըմբռնում․
«Ի՞նչ առումով․ ընդհանուր առմամբ՝ պարգեւավճարները եւ աշխատավարձերը վճարվում են պետբյուջեով նախատեսված այն միջոցներից, որոնք նախատեսված են հենց պարգեւավճարների եւ աշխատավարձերի համար, եւ, ըստ էության, այդ պարգեւավճարները աշխատավարձի մաս են, այդպիսի համակարգ է այսօր գործում ՀՀ-ում, եւ այսպիսի ավանդույթն իրողություն է եղել, երբ ամեն եռամսյակը մեկ պետական կառավարման համակարգի աշխատակցիները կամ նրանց մի մասը ստացել են պարգեւավճարներ»։
Փաշինյանը նշեց, որ այս համակարգը վերաբերել է պետական կառավարման գրեթե ամբողջ մարմին․
«Այս առումով զավեշտալի էր հետեւել, թե ինչպես են ԱԺ պատգամավորներ քննադատում կառավարության կամ մարզպետարանի ներկայացուցիչներին, որ նրանք պարգեւավճար են ստացել կամ տվել, չեն ասում, որ իրենք նույնպես դեկտեմբերին ստացել են էդ տասներեքերորդ աշխատավարձը, ինչը, համենյանդեպս, վերջին տարիներին ավանդույթ է, այսինքն՝ իրենք չեն ասել՝ մենք լուծարված խորհրդարանի պատգամավորներ ենք, մեզ մի տվեք էդ աշխատավարձը, նրանք հաճույքով էդ պարգեւավճարը ստացել են, եւ հիմա էլ ասուլիսներ են հրավիրում եւ ասում՝ ո՞նց կարելի է, չեն ասում, որ լուծարված խորհրդարանի պատգամավոր լինելով՝ ստացել են, բայց պետական կառավարման համակարգի այլ աշխատակիցների ստանալուց խոսում են։ Ես էլ պատգամավոր եղած ժամանակ միշտ էլ ստացել եմ, եւ բոլորն են ստացել, եւ երբ ես ստանձնել եմ վարչապետի պաշտոնը, ասել եմ՝ վատացնող ոչ մի քայլ չձեռնարկեք, մինչեւ աշխատավարձերի հետ կապված այս թնջուկը լուծենք»,-ասաց վարչապետը։
Վերջինս նկատեց, որ երբ խոսքը գնում է կառավարության կառուցվածքի փոփոխության եւ աշխատակիցների հնարավոր կրճատման մասին է, այդ նույն մարդիկ ասում են՝ կառավարությունը չի մտածում կրճատվողների սոցիալական վիճակի մասին․ «Բայց երբ էդ կրճատվող մարդիկ ստանում են 13-րդ աշխատավարձ, ասում են՝ ո՞նց, էդ իրենց աշխատավարձ ե՞ք տալիս․ մենք պետք է կողմնորոշվենք էս հարցում»,-ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ այսօր պետական կառավարման համակարգում բարձր որակի կադրեր ներգրավելու մեծ խնդիր ունենք, անգամ դեպք է եղել, երբ վարչապետն ինքը ինչ-որ մեկին հրավիրել է նախարար աշխատելու, բայց այդ մարդը հրաժարվել է, ոչ թե, որ չի ուզել պետության համար ինչ-որ բան անել, այլ նախատեսվող աշխատավարձը հարմար չի եղել․ «Մարդիկ կան, որ որոշակի որակավորում ունեն, մենք հրավիրում ենք ընդհուպ նախարար աշխատելու, իրենք ասում են՝ եթե մեզ կտաք գոնե մեր ներկա աշխատավարձի հետ համեմատելի աշխատավարձ, մենք կգանք կաշխատենք, եթե չեք տա՝ չեք տա։ Ասում են՝ կառավարության կադրային քաղաքականությունը վատն է, ես չեմ ասում, որ մենք վատագույն կադրերին ենք ընտրում, բայց ես ասում եմ՝ մարդ կա՝ հրավիրել եմ նախարար աշխատելու, մարդն ասում է՝ դե ես ասենք հինգ մլն դրամով աշխատանքի եմ ընդունվել, որոշակի վարկեր եմ վերցրել, եթե հիմա դրանից հրաժարվեմ, ուղղակի կմնամ վարկերի տակ, ոչ թե չեմ ուզում պետության համար մի բան անել»,-ասաց Փաշինյանը՝ եւս մեկ անգամ շեշտելով, որ այդ պարգեւավճարները աշխավարձի մաս են, դա վարձատրություն է պետական կառավարման աշխատողներին, եւ պետբյուջեն այդ նպատակով է հատկացնում այդ գումարը։
«Ասում են՝ մարզպետն ինքն իրեն աշխատավարձ է տալիս, է պետք է ասեն կառավարությունն էլ է ինքն իրեն աշխատավարձ տալիս։ Բա էդ որոշումներն իրենք են կայացնում։ Էս պատմությունը հասկանալի է, բայց մենք պետք է հասկանանք էս պատմության նրբությունները։ Կամ, ասենք, երբ խոսում ենք մարզպետների մասին, մենք հաշվել ե՞նք․․․ ես առաջարկում եմ հետաքննություն անել, թե ամեն օր ամեն մարզպետարան տարբեր պրոբլեմներով քանի քաղաքացի է մտնում։ Իհարկե, մարզպետները որոշակի ֆոնդ ունեն քաղաքացիներին օգնելու համար, եւ եթե այդ բոլորին ընդառաջեն, էդ իրենց ֆոնդերը կարող է երկու օրում ամբողջությամբ սպառվեն՝ հաշվի առնելով մեր երկրի սոցիալ-տնտեսական վիճակը, շատ մարդիկ ֆինսական օգնության համար են գալիս հենց, եւ շատ մարզպետներ հո չե՞ն կարող ամեն անգամ մերժել, իրենց գրպանից էլ են օգնում։ Եկեք, եթե որոշել ենք պետական կառավարման աշխատողներին աշխատավարձ չենք տալիս, չենք վճարում, եկեք չտանք»,-ասաց վարչապետը։
Փաշինյանն անդրադարձավ նաեւ արտերկիր մեկնող պատվիրակությունների ծախսերի վերաբերյալ քննարկումներին․
armtimes.com
Leave a Reply