June 7, 2023

Ես այդ բռնել-բաց թողնելու պրոցեսների հետ կապ չունեմ, դրանք իմ որոշման տիրույթի հարցերը չեն․ Նիկոլ Փաշինյան

«Մեր կառավարությունից փորձում են կերտել իշխանության իմիջ` բառիս վատ իմաստով, քանի որ հասկանում ենք՝ ՀՀ-ում լավ իշխանություն երբեք չի եղել: Իշխանություն, որին մարդիկ չատեն, հիմնականում չի եղել։ Հիմա փորձ է արվում իշխանական, էսպես ասած վարչապետի ընտանիքից ստանալ նորմալ, ստանդարտ, թալանչի գյոռմամիշ կերպար: Ասում են՝ նայեք`սրանք ծնունդ են անում, գետինը մտնեք, սրանք շոր են հագնում, սրանք ՀՀԿ-ից ավելի վատ են։ Ուրեմն, սրանք նույնքան թալանչի են»,-այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերով այս մասին խոսեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա ասաց, որ ինքը թույլ չի տալու, որ այս իմիջը ստեղծվի, ոչ թե սրա նրա ձեռքից լրատվամիջոցը խլելով, կամ վերահսկողության տակ պահելով, այլ ժողովրդի հետ ուղիղ խոսակցության մեջ մտնելով։

Անդրադառնալով դատաիրավական համակարգում տեղի ունեցող պրոցեսներին՝ Փաշինյանն ասաց․

«Գիտեմ, որ մարդկանց մոտ հարցեր են ծագում, թե բռնեցին, բաց թողեցին, հետո էլի բռնեցին, էլի բաց թողեցին։ Ես գիտեմ, որ դա որոշակի նյարդայնություն է առաջացնում։ Հույս ունեմ, որ դուք բոլորդ գիտեք՝ առանց որեւէ վերապահման, որ ես ինքս այդ բռնել-բաց թողնելու պրոցեսների հետ կապ չունեմ, դրանք իմ որոշման տիրույթի հարցերը չեն։ Ոչ թե էն պատճառով, որ չունեմ հնարավորություններ ազդելու որոշումների կայացման վրա, այլ որ հավատում եմ, որ ՀՀ-ում պետք է գոյություն ունենա անկախ դատական համակարգ, եւ դրա պայմաններից մեկը քաղաքական կամքի առկայությունն է։ Որն է դա, որ իշխանությունն ինքը քայլեր է անում, որպեսզի գոյություն ունենա անկախ դատական համակարգ, դրա առաջին ճանապարհը էդ համակարգին հնազանդեցնելու քայլեր չանելն է», – ասաց վարչապետը։

Նա նկատեց, որ եթե ինքը չի զանգում դատարանին եւ հրահանգներ չի տալիս, դա դեռ երաշխիք չէ, որ ոչ մեկը չի զանգում եւ հրահանգներ չի տալիս՝ այդ թվում այս դատական համակարգը ձեւավորած մարդկանց շրջանակից։ Փաշինյանը նշեց, որ սա ամեն դեպքում շատ նուրբ հարց է։

Անդրադառնալով Էջմիածնում տեղի ունեցող իրադարձություններին՝ վարչապետն ասաց.

«Մեր սիրելի հայրենակիցների մի խումբ ճանապարհ է փակում։ Անունն էլ դնում են՝ բա լավ է՞ր, որ դուք էիք փակում։ Մենք փակում էինք, որովհետեւ երկրում չկար ժողովրդի վստահությունը վայելող իշխանություն, եւ գիտեինք, որ ժողովուրդն ուզում է իշխանության փոփոխություն, եւ դա գիտեինք ոչ թե մի շաբաթում, այլ 15-20 տարիների փորձի ընթացքում։ Հիմա մարդիկ կանգնել, ասում են՝ Մանվել Գրիգորյանին բաց են թողել, դրա համար մենք փակում ենք ճանապարհը։ Այնպիսի տպավորություն է, որ իրենք են Մանվել Գրիգորյանին բռնել, մենք էլ բաց ենք թողել։ Այդ մեր իշխանության եւ կառավարության գործունեության արդյունքում են տեղի ունեցել բացահայտումներ, եւ հիմա այն գործողությունները, որ արվում են ճանապարհները փակելով, դրանք արվում են ուղիղ ընդդեմ կառավարության։ Դուք չեք փակելու ճանապարհ, որովհետև դրա լիազորությունը չունեք եւ ժողովրդից էլ չեք ստացել այդ լիազորությունը, քանի որ ժողովուրդն իր իշխանությանն ընտրել է, եւ այդ իշխանության լիազորությունն է ապահովել այդ ճանապարհների անցանելիությունը»,- ասաց վարչապետը՝ նշելով, որ ցանկացած պարագայում չի գործելու զանգել-հրահանգներ տալու մեթոդը։

Փաշինյանն ասաց, որ եթե խափանման միջոցը փոխվել է, դա չի նշանակում որ մեղադրանքը հանվել է․ «Ինձ համար էլ էր տհաճ, որ իմացա էդ խափանման միջոցը փոխելու լուրը, բայց դա բան չի փոխում, ես ասում եմ՝ անառարկելի է պատասխանատվության անխուսափելիությունը։ Իհարկե ակցիաներ, հավաքներ կարող են անել, բայց կաթվածահար անել հանրապետության կյանքը, կամ դրա մի հատված, ճիշտ չէ»,-ասաց վարչապետը՝ կոչ անելով նման ճանապարհով չգնալ։

Վարչապետը խոսեց նաեւ փաստաբանների հանդեպ վերաբերմունքի մասին՝ կոչ անելով նրանց չընկալել հանրության թշնամիներ․ «Մենք վենդետա չենք ուզում, մենք ուզում ենք արդարադատություն, իսկ դրա ամենակարեւոր պայմանը ոչ միայն արդար դատական համակարգն է, այլ նաեւ մեղադրյալի պաշտպանության իրավունքը՝ անպայման պաշտպանի միջոցով»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը շեշտեց, որ այս շփումը պահելու է, ժամանակ առ ժամանակ զրուցելու է քաղաքացիների հետ, տեղեկացնելու է մտադրությունների մասին, եւ պատմելու է, թե ուր են հասել։

armtimes.com

Իշխանության նոր «թշնամին», կամ՝ ո՞վ է խանգարում կառավարությանը

Լրատվական դաշտի 90 տոկոսը կամ պատկանում է նախկին իշխանության ներկայացուցիչներին, կամ իշխանությանն ընդդիմադիր ուժերին, այսօր ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով, իր բնորոշմամբ, գործող իշխանությունների դեմ տարվող մեդիա արշավին։

«․․․Ինչո՞ւ եմ սա ասում և ինչո՞ւ է սա կարևոր, մի պարզ պատճառով, որ հիմա լրատվական դաշտում տեղի է ունենում հետևյալ պրոցեսը, որ նախկին իշխանության ներկայացուցչները տանում են հետևյալ թեզը՝ փորձ է արվում մեր իշխանությունը հանրապետականացնել՝ ասել, որ տարբերություն չկա ահա այս իշխանությունը նույնպիսինն է, ինչպիսին Հանրապետականն էր, և բերվում են արհերքելի փաստեր, ինչո՞ւ անհերքելի, որովհետև, օրինակ, ասում են՝«հանրապետականներն ունեին մի քիթ, երկու ականջ, մեկ բերան, երկու ձեռք, այս իշխանությունը նույնպես», «նախորդ վարչապետն էլ երկու աչք ուներ, երկու ականջ, մի քիթ, մի բերան, հիմա տեսեք, որ էս վարչապետն էլ ունի, նույն է, ոչ մի տարբերություն»։ Ես պատկերավոր եմ ասում, բայց էությունը նույն է։ Դա արվում է նրա համար, որ իբր էն փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել, անիմաստ են, ոչ մի բան չի փոխվել երկրում և այդ քարոզչական արշավի մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում իմ ընտանիքի և իմ քաղաքական թիմի դեմ տարվող քարոզարշավը», – ասել է Փաշինյանը։

Նա ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունն այսօր ժողովրդին ու պետությանը չի թալանում։ «Սա այն փոփոխությունն է, որի մասին մենք երազել ենք շատ երկար տարիներ, սա փոփոխությունների փոփոխությունն է, մնացածն արդեն տեխնիկայի խնդիր է և ժամանակի հարց։ Երկրորդը՝ Հայաստանում իշխանությունը ձևավորված է ժողովրդի կողմից, Հայաստանի քաղաքացիներն են ձևավորել իշխանություն, Հայաստանի Հանրապետության իշխանությունը չի փորձելու ժողովրդի ձեռքից վերցնել իշխանություն ձևավորելու իրավունքը և արտոնությունը։ Մենք եղունգներով, ճանկռելով իշխանությունը չենք պահելու, եթե ժողովրդին պետք լինի, որ մենք լինենք այս կարգավիճակում, մենք կլինեն, եթե ոչ՝ չենք լինի»։

Որ նախկին համակարգի ներկայացուցիչները հենց առաջին օրից համակարգված հակաքարոզչություն են իրականացնում հեղափոխության դեմ՝ դա ակնհայտ ճշմարտություն է ու թերևս որևէ մեկը չի վիճարկում։ Անհերքելի ճշմարտություն է նաև, որ քրեաօլիգարխիան տիրապետում է ահռելի ֆինանսական ու մեդիա ռեսուրսների։ Մյուս կողմից՝ այնքան էլ համարժեք չէ, որ նույնիսկ հեղափոխության ինստիտուցիոնալիցազիայից հետո վարչապետը զբաղված է, այսպես կոչված, թիրախների փնտրտուքով։ Երբ հասարակության մեծամասնությունը դեռ հավատում է կառավարությանն, այնքան էլ էական դեր չեն խաղում նրա դեմ կազմակերպված քարոզչական մանիպուլյացիաները։

Եթե Նիկոլ Փաշինյանը մի քանի օրվա մեջ, ըստ էության, երկու անգամ անդրադառնում է ԶԼՄ-ներին կամ դրանց հրապարակումներին, ապա կամ չի հանդուրժում քննադատությունն ու այլակարծությունը, կամ էլ՝ մտավախություններ ունի, որ հանրային կարծիքն այլևս անտարբեր չէ ԶԼՄ-ների հրապարակումների հանդեպ։

Անկախ մոտիվներից՝ չենք կարծում, թե վարչապետի կողմից ԶԼՄ-ներին թիրախավորելը նպաստելու է իշխանության գործունեության արդյունավետության բարձրացմանը։ Ճիշտ հակառակը՝ Փաշինյանի լայվերը վատ ազդակ են հանդիսնալու իշխանության տարբեր մակարդակի գործիչների համար, որոնք կարող են, այսպես ասած, փակվել հասարակության ու մամուլի համար։

Սակայն, զուտ բովանդակային հարթության վրա, շատ ավելի մտահոգիչ են վարչապետի նշած տարբերությունները, որոնք չեն կարող նույնացնել իր և նախկին իշխանություններին։

Եթե պետք է գոհանանք միայն այն փաստով, որ գործող իշխանություններն ընտրություն չեն կեղծում ու չեն թալանում, ապա հենց Փաշինյանն է նեղացնում հեղափոխության նշանակությունը։

Քրեաօլիգարխիկ, կոռումպացված համակարգին հեռացնելը կարևոր խնդիր է, սակայն եթե կարճ ժամանակում Նիկոլ Փաշինյանին չհաջողվի ստեղծել ավելի արդյունավետ համակարգ, ապա մեծ է վտանգը, որ ժամանակի ընթացում նրա իշխանությունը դեգրադացիայի կենթարկվի, մանավանդ, որ՝ անկախ ԶԼՄ-ների հրապարակումներից, օրինակ՝ խորհրդարանական այսօրվա մեծամասնությունը՝ իր քաղաքական որակով, շատ քիչ է տարբերվում նախահեղափոխական մեծամասնությունից։

Իշխանության ճգնաժամը, որպես կանոն, սկսվում է ոչ միայն ընտրություններ կեղծելուց, այլ նաև՝ արդյունավետ համակարգի, հստակ օրակարգի բացակայությունից։ Հեղափոխությունն՝ առաջին հերթին, կարող է արժեզրկվել հենց այդ պատճառով ու այդ դեպքում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության շուրջ հանրային բարենպաստ համատեքստը կփոխվի, եթե նույնիսկ լրատվական ամբողջ դաշտը դարձյալ վերահսկելի դառնա «վերևների» կողմից

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4