March 20, 2019

Գարո Փայլանը «սկանդալային» է համարում իր նկատմամբ հետաքննություն սկսելու որոշումը

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի Ժողովրդադեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլանը սկանդալային է համարում իր նկատմամբ հետաքննություն սկսելու դատախազության որոշումը:

«Ակօս» պարբերականի հաղորդմամբ, Դիարբեքիրի հանրապետական դատախազությունը Փայլանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ուղարկել խորհրդարան, ինչպես նաև դիմել է Արդարադատության նախարարությանը՝ համապատասխան թույլտվություն ստանալով Փայլանի նկատմամբ հետաքննություն սկսել Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ Թուրքիայի պետականությանը, թուրք ժողովրդին, Թուրքիայի կառավարությանը հրապարակայնորեն նվաստացնելը:

Հայտնի է, որ մեղադրանքի հիմքում Փայլանի ելույթներն ու հարզացրույցներն են․ մասնավորապես, 2018 թվականի հուլիսի 25-ին Դիարբեքիրում կուսակցության խմբակցության նիստից հետո նրա հայտարարությունը և դրանից երկու օր անց Özgürüz կայքին տված հարցազրույցը:

Գարո Փայլանը իր նկատմամբ սկսված հետաքննությունը ընդդիմադիր ձայները լռեցնելու փորձ է համարում:

«Այս միջնորդությունը ամբողջովին հիմնված է մամուլին արած իմ հայտարարությունների վրա: Որպես պատգամավոր գնացել եմ իմ քաղաքը և տեսածս խնդիրները կիսել մամուլի հետ: Ասել եմ, որ Դիարբեքիրում ամեն անկյունում ջրցան մեքենաներ, տանկեր կան, որոնք հիշեցնում են Հիտլերի, Մուսոլինիի ժամանակները: Դատախազությունը այս խոսքերս որակում է իբրև Թուրքիայի պետականությանը նսեմացնելու փորձ, և Արդարադատության նախարարությունից պահանջում ինձ դատապարտել 301-րդ հոդվածի հատկանիշներով: Սա իրավական առումով սկանդալային իրավիճակ է: 301-րդ հոդվածը օգտագործվում է ընդդիմադիր պատգամավորներին լռեցնելու համար», – ասել է Փայլանը:

Հայազգի պատգամավորը՝ հիշեցնելով, որ Հրանտ Դինքի սպանությունից հետո օրակարգում էր տխրահռչակ 301-րդ հոդվածը վերացնելու հարցը, նշել է. – «Այն ժամանակ կառավարությունը որոշեց, որ հոդվածը ուժի մեջ կմնա, սակայն դրա կիրառումը կախված կլինի նախարարության որոշումից, նման թույլտվություն էլ չի տրվի, այսինքն այդ հոդվածը փաստացիորեն չի գործի: Սակայն այժմ տեսնում ենք, որ սկսել են կրկին գործադրել: Այն վերածվել է կառավարությանը քննադատողներին լռեցնելու գործիքի: 301-րդ հոդվածը մահացու է»:

Դեկտեմբերի վերջին Թուրքիայի նախագահի գրասենյակը խորհրդարանի ութ պատամավորի անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն էր ներկյացրել մեջլիս, որոնց թվում էր նաև Գարո Փայլանը: Այդ ցուցակում ընդգրկված էին նաև Փայլանի 5 կուսակիցները, մեկական պատգամավոր իշխող «Արդարություն և զարգացում» և ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցություններից:

Օրերս խորհրդարանի քննությանն է ներկայացվել ևս 21 պատգամավորի անձեռնմխելիությունը դադարեցնելու մասին միջնորդություն, որոնցից 20-ը Ժողովրդադեմոկրատական կուսակցությունից են, մեկը՝ ընդդիմադիր Ժողովրդահանրապետականից:

Այսպիսով 27-րդ գումարման խորհրդարանի երկրորդ նստաշրջանի ընթացքում մեջլիս ներկայացված նմանօրինակ միջնորդությունների թիվը հասել է 185-ի:

azatutyun.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4