
Վերջին օրերին Ղազախստանում լարված իրավիճակ է ստեղծվել, որի պատճառը ղազախական Կարագանդա քաղաքի «Հին Հռոմ» անունով ռեստորանում տեղի ունեցած աղմկահարույց սպանությունն է։ Այս դեպքից հետո Ղազախստանում բողոքի ակցիաներ են կազմակերպվել տեղի հայերի դեմ, որոշ տեղեկությունների համաձայն՝ անգամ ագրեսիվ կոչեր են հնչել։
Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 31-ի, լույս հունվարի 1-ի գիշերը։ Ղազախստանի Կարագանդա քաղաքի ռեստորաններից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել, որն ավարտվել է սպանությամբ․ սպանվածը 23-ամյա ղազախ երիտասարդ է, եւս երեք անձ տուժել է։ Վեճի մասնակիցների հստակ թիվը հայտնի չէ, բայց, ըստ որոշ տեղեկությունների, ծեծկռտուքին մի քանի տասնյակ մարդիկ են մասնակցել։
Դեպքի առիթվ հարուցվել է քրեական գործ՝ Ղազախստանի ՔՕ 99 հոդվածի (սպանություն) եւ ՔՕ 293 (խուլիգանություն) հոդվածի հատկանիշներով։ Հարուցված քրեական գործի շրջանակում ձերբակալել են երկու հայի եւ մեկ ղազախի՝ Քաիր Նադիրբեկովին, Թորգոմ Մալխասյանին, Սոխակ Մալխասյանին։ Եվս մեկ հայի՝ Նարեկ Գուրուրյանի նկատմամբ համապետական հետախուզում է հայտարարվել։
Այս ֆոնին վերջին մեկ շաբաթում տարատեսակ լուրեր ու մտահոգություններ տարածվեցին, թե խնդիրն, ըստ էության, ազգամիջյան երանգ ունի։ Ի դեպ՝ ազգամիջյան թշնամանք հարուցելու վերաբերյալ եւս քրեական գործ է հարուցվել։
Տիրող իրավիճակի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել թե՛ Ղազախստանում ՀՀ դեսպանությունը, եւ թե՛ ՀՀ ԱԳՆ փոխնախարար Շավարշ Քոչարյանը։ Վերջիններս նշել են, որ ՀՀ ԱԳՆ-ն եւ Ղազախստանում ՀՀ դեսպանությունն առաջին իսկ պահից մշտական կապի մեջ են գտնվում Ղազախստանի իշխանությունների, պատկան մարմինների հետ՝ որոշում կայացնողների մակարդակով: Ըստ հայտարարությունների՝ երկուստեք որդեգրվել է նույն դիրքորոշումը, որ սա կենցաղային քրեական երեւույթ է, որին ազգամիջյան նրբերանգ տալու որեւէ փորձ պետք է խստորեն բացառել։ ՀՀ ԱԳՆ-ն կոչ է արել չտրվել պոպուլիզմի եւ սադրանքների գայթակղությանը, քանի որ սա գերզգայուն հարց է, որին ազգամիջյան երանգ տալու բոլոր փորձերը դատապարտելի եւ անհանդուրժելի են։
Այսօր մեր զրույցում Ղազախսատանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը նշեց, որ իրավիճակը Ղազախստանում գնալով հանդարտվում է։ Նա ասաց, որ երեկ բողոքի ակցիաներ չեն եղել եւ հավանաբար չեն էլ լինի։ Դեսպանը եւս մեկ անգամ շեշտեց, որ դեպքին ազգամիջյան երանգ տալը արվում է ոչ պաշտոնական աղբյուրներից եւ միտումնավոր՝ կրքերը բորբոքելու նպատակով։
Ղազախստանում ՀՀ դեսպանը մեր զրույցում ասաց, որ այնտեղ ապրող հայերի դեմ ակցիաներ եղել են, որոնց ժամանակ ազգայնական ինչ-որ ուժերի կողմից հնչել են որոշակի ելույթներ, բայց ակցիաների մասնակիցները վերջին օրերին քչացել են։ Գագիկ Ղալաչյանը հավելեց, որ բողոքի ակցիաների ընթացքում ո՛չ նյութական, ո՛չ ֆիզիական վնաս չի հասցվել հայկական սեփականությանը, հայերի նկատմամբ էլ բռնություն չի եղել։
«Մենք տեղի իշխանությունների հետ շուրջօրյա սերտ կապի մեջ ենք, եւ նրանք երաշխավորում են մեր համայնքի բնակիչների եւ սեփականության, ունեցվածքի անվտանգությունը»,- ասաց դեսպանը։ Վերջինս նշեց, որ այս պահին իրավիճակը հանգիստ է, ագրեսիվ դրսեւորումներ չկան, սակայն այլ հարց են սոցցանցերը, որտեղ էլ տարածվում է ապատեղեկատվությունը․ «Այդ թվում հայկական մի շարք կայքերում կարծես հին լուրերը ներկայացնում են նորի փոխարեն, այդպիսով կրքեր են բորբոքում, ինչն անցանկալի է։ Ես կոչ եմ անում ձեզ եւ ձեր գործընկերներին՝ լուրերն անպայման ստուգել պաշտոնական աղբյուներից եւ նոր հրապարակել»,-շեշտեց Ղալաչյանը։
Այսօր Ղազախական БАСЕ հեռուստաալիքը հայտնել էր, որ Ամանորի գիշերը ծեծկռտուքից ու երիտասարդի սպանությունից հետո քրեական գործում շրջանառվել են ադրբեջանցիների անուններ, սակայն հաջորդ օրը դրանք փոխարինվել են հայկական անուն-ազգանուններով։ Վերոնշյալի վերաբերյալ դեսպանն ասաց, որ դա, ամենայն հավանականությամբ, սովորական պրակտիկա է․ «Գուցե գործի ընթացքում նոր մարդիկ են ի հայտ եկել։ Մի բան վստահ կարող եմ ասել՝ այդ գործով ներգրավված են ոչ միայն հայեր, այլ նաեւ այլազգիներ, այդ թվում՝ ղազախներ, եւ այստեղ որեւէ ձեւով ազգային երանգ չկա, սովորական քրեական գործ է, չնայած մարդիկ այլ երանգ են տալիս»։
Մեր հարցին, թե արդյոք անաչառ քննություն կիրականացվի՞, դեսպանը պատասխանեց․ «Առավել քան վստահ եմ, որ անաչառ քննություն կլինի, քանի որ համապատասխան վստահեցում եմ ստացել Ղազախստանից, եւ Ղազախստանը, լինելով բազմագ պետություն, շահագրգռված չէ ազգային հարցեր մեջբերելու։ Այստեղ 30-ից ավելի ազգ կա, եւ կարեւոր է ազգերի համերաշխությունը»։
Այսպիսով՝ Ղազախստանում ՀՀ դեսպանը հայտնեց, որ կրքերը կարծես հանդարտվում են, եւ միակ խնդիրը մեր հայրենակցիների բնական անհանգստությունն է, որը ծագում է սոցցանցերում տիրող իրավիճակից, քանի որ մարդիկ տարատեսակ չճշտված լուրեր են կարդում ու վախենում․ «Դրամատիկ զարգացում չկա, կա բնական անհանգստություն»,-ասաց դեսպանը՝ նշելով գործի քննության ավարտից հետո հարցն, ըստ էության, կհանգուցալուծվի։
Նշենք, որ Ղազախստանում տիրող իրավիճակի վերաբերյալ հեռախոսազրույց են ունեցել երկու երկրների մարդու իրավունքների պաշտպաններն ու իրավապահները։
ՀՀ մարդու իրավունքների պաշտանի աշխատակազմից հայտնում են, որ Ղազախստանի Մարդու իրավունքների հանձնակատարը եւս նշել է, որ անթույլատրել է համարում դեպքին ազգամիջյան որեւէ երանգ կամ բնույթ տալը: Նա հավաստիացրել է, որ չի կարող որեւէ խոսք լինել ազգությամբ հայերի նկատմամբ խտրական վերաբերմունքի մասին՝ ելնելով նրանց ազգային պատկանելիությունց։ Ասկար Շակիրովը հայտնել է, որ այս հարցը գտնվում է իր անմիջական ուշադրության ներքո:
Ղազախստանի Ներքին գործերի նախարար Կալմուխանբետ Կասիմովը ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսպիյանին վստահեցրել է, որ անց է կացվելու արդար քննություն եւ դրա շրջանակում բոլոր գործողություններն իրականացվելու են օրենքի տառին համապատասխան: Կողմերը խոսել են նաեւ Կարագանդայում հունվարի 6-ին տեղի ունեցած ցույցերի մասին, որոնց վերաբերյալ տեղեկությունը տարածում գտավ նաեւ միջազգային լրահոսում:
Ղազախստանի ներքին գործերի նախարարը նույնպես հեռախոսազրույցի ընթացքում նշել է, որ բողոքի ակցիաները ազգամիջյան բնույթ չեն կրել, եղել են ոչ մեծաքանակ ու գտնվել են իրավապահների հսկողության տակ. Ղազախստանի ներքին գործերի նախարարությունը վերահսկում է իրավիճակը:
Այդտեղ չի կարող լինել ազգամիջյան որեւէ ենթատեքստ. Նիկոլ Փաշինյանը` Կարագանդայի դեպքերի մասին
Այսօր` հունվարի 7-ին, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Կարագանդայում տեղի ունեցած միջադեպին:
«Ես, նախ, ուզում եմ ցավակցություն հայտնել զոհվածի հարազատներին եւ ուզում եմ ընդգծել, որ այդտեղ չի կարող լինել ազգամիջյան որեւէ ենթատեքստ, որովհետեւ ինչքան ինձ են զեկուցել, կոնֆլիկտ ունեցած երկու խմբերը ազգային առումով միատարր չեն եղել, եւ մյուս խմբի մեջ` դանակահարողների խմբի մեջ, նաեւ ազգությամբ ղազախ քաղաքացի է եղել, այնպես որ ազգամիջյան որեւէ կոնտեքստ լինել չի կարող»,- ասաց Փաշինյանը:
Փաշինյանը, դիմելով լրատվամիջոցներին, ընդգծեց, որ այժմ «հասկանալի տեղերից» կեղծ վարկածներ ու լուրեր են դրվում շրջանառության մեջ, հորդորեց դրանք ստուգել, նոր հրապարակել:
Անթույլատրելի են ազգամիջյան ներբերանգ տալու փորձերը. ՀՀ եւ Ղազախստանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
Հունվարի 7-ին կայացել է ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը Ղազախստանի ԱԳ նախարար Բեյբութ Ատամկուլովի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ:
Այս մասին հայտնում են ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից: Շնորհավորելով գործընկերոջն ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ Զոհրաբ Մնացականյանը հաջողություններ է մաղթել Բեյբութ Ատամկուլովին այդ կարևոր առաքելության մեջ: Հայաստանի և Ղազախստանի արտաքին գործերի նախարարներն արձանագրել են, որ երկու երկրների միջև առկա է արդյունավետ փոխգործակցություն ինչպես երկկողմ, այնպես էլ՝ բազմակողմ հարթակներում:
Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները պատրաստակամություն են հայտնել համատեղ քայլեր ձեռնարկել երկկողմ օրակարգի առավել ընդլայնման ուղղությամբ: Զրուցակիցները կարևորել են Ղազախստանի հայ համայնքի դերը՝ որպես երկրի հասարակության անբաժանելի մաս, որը կարևոր դերատակարում ունի երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդման գործում:
Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Կարագանդայում ստեղծված իրավիճակին: Հայաստանի և Ղազախստանի արտգործնախարարները երկուստեք ընդգծել են կենցաղային հողի վրա տեղի ունեցած ողբերգությանն ազգամիջյան ներբերանգ տալու փորձերի անթույլատրելիությունը:
Զրուցակիցները համակարծիք էին, որ ստեղծված իրավիճակն ունի գերզգայուն բնույթ՝ կարևորելով հանրային կարծիքը միտումնավոր շեղելուն և լարվածություն առաջացնելուն ուղղված քայլերի բացառումը: Այդ առնչությամբ կողմերն ընդգծել են Հայաստանի և Ղազախստանի տարբեր գերատեսչությունների միջև անմիջական կապի պահպանման կարևորությունը:
Կարագանդայի միջադեպով հետախուզման մեջ գտնվող Նարեկ Գուրուրյանը Ֆեյսբուքով դիմել է իրավապահներին (տեսանյութ)
Կարագանդայի միջադեպով հետախուզման մեջ գտնվող Նարեկ Գուրուրյանը ֆեյսբուքյան ուղերձի միջոցով ցավակցել է զոհվածի ընտանիքի անդամներին, ապա հայտնել է, որ ինքը մասնակցել է այդ միջադեպին, սակայն չի սպանել այդ տղային։ Գուրուրյանը ասաց, որ պատրաստ է հանձնվել իրավապահներին, եթե միայն ապահովեն իր անվտանգությունը:
Հիշեցնենք` դեկտեմբերի 31-ի, լույս հունվարի 1-ի գիշերը Ղազախստանի Կարագանդա քաղաքում «Հին Հռոմ» ռեստորանում վիճաբանություն էր տեղի ունեցել։ Մեկ մարդ մահացել էր, երեքը վնասվածքներ էին ստացել։
Ոստիկանության աշխատակիցների կողմից անցկացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և ձերբակալվել են երեք տղամարդ՝ Մալխասյան Թորգոմ Մանվելի, Մալխասյան Սոխակ Սամվելի և Նադիրբեկով Քաիր Խամիտովիչ: Ձերբակալվածները լուրջ հանցագործություն կատարելու մեջ կասկածյալներ են ճանաչվել: Կարագանդա քաղաքի դատարանով նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։
Նաև Կարագանդայի մարզի ոստիկանական դեպարտամենտի աշխատակիցների կողմից Գուրուրյան Նարեկի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, հաղորդել են գերատեսչությունում:
armtimes
Leave a Reply