Սփյուռքի նախարարության նպատակահարմարության հարցն ակտիվորեն քննարկվում է մամուլում, սոցցանցերում։ Սփյուռքի նախարարությունը լուծարելուց առաջ, սակայն, շատ կարեւոր է իմանալ հենց սփյուռքահայերի կարծիքը։
Գերմանիայի հայ համայնքի ներկայացուցիչ, Գերմանիայի հայ ակադեմիականների միության նախագահ Ազատ Օրդուխանյանից հետաքրքրվեցինք, թե պե՞տք է արդյոք լուծարել սփյուռքի նախարարությունը, արդյո՞ք այն իր գոյության տասը տարիների ընթացքում Հայաստան-Սփյուռք համագործակցության համար չի իրականացրել համապատասխան ծրագրեր։

«Կարծում եմ՝ Հայաստանի Հանրապետությունում պետք է գործի Սփյուռքի նախարարություն, որը, սակայն, նոր հայեցակարգերի ու ծրագրերի մշակման անհետաձգելի հրամայական ունի։
Կարճ հիմնավորեմ կարծիքս՝  առանց անդրադառնալու դրա մանրամասներին։
Նախ՝  մեր ժողովրդի ճնշող մեծամասնությունը, որոշ տվյալներով 12-ից մինչև 15 միլիոն, ապրում է սփյուռքյան իրականությունում, որի կապերն ու հարաբերությունները ՀՀ-ի հետ նախարարության մակարդակով կարգավորելու անհրաժեշտություն ունի։ Մինչ այսօր կատարած աշխատանքը պետք է սկզբունքորեն նորովի և բազմակողմանիորեն ընդլայնվի, ներառի այլ բնագավառներ։ Չափազանց ափսոս կլինի նախարարության փակումով շատ կարող պաշտոնյաների մինչ այժմ կուտակած գիտելիքներն ու աշխատանքային փորձը փոշիացնել։ Այդ տեսական ու գործնական ամբարված հսկայական կապիտալը նոր պայմաններում կարող է բոլորովին այլ արդյունքներ բերել։

Դրա համար առաջին հերթին անհրաժեշտ կլինի՝
1․ Սփյուռքի նախարարության գործունեության նոր ու համապարփակ ծրագրային փաստաթուղթ մշակել, որը պետք է հանձնարարվի սփյուռքագետներին, առաջին հերթին ԳԱԱ և պետական համալսարանների գիտնականներին։ Այս առումով, և ոչ միայն այս, հայ ժողովուրդը ունի բազմաթիվ իրազեկ գիտնականներ։
2․ Սույն ծրագրային փաստաթղթի մշակման գործում ներգրավել հայկական սփյուռքում գործող տեսաբաններին ու սփյուռքյան աշխատանքներում մեծ փորձառություն ձեռք բերած անհատներին։
3․ Ուսումնասիրել այլ պետությունների սփյուռքի նախարարությունների ծրագրային փաստաթղթերն ու հայեցակարգերը, որտեղ կուտակված են այդ ժողովրդների դարերի փորձն ու գիտելիքները և մեզ համար կարող են անգնահատելի նշանակություն ունենալ։ Սփյուռքի նախարարությունների փորձ ունեն
Սերբիան
Ռումինիան
Մարոկոն
Հնդկաստանը
Իսրայելը
Վրաստանը
և այլ պետություններ։

 

4․ Սփյուռքյան համայնքների գործիչներից նշանակել նախարարության աշխատանքները տեղում համակարգող ներկայացուցիչներ (կարելի է սկսել առնվազն 5000 հայ հաշվող համայնքներից)։ Նրանք կարող են գործել ՀՀ դեսպանատներին կից կամ առավել արդյունավետ լինելու համար՝  անկախ, առանձին։

5․ Միգուցե առավել նպատակահարմար կլիներ Սփյուռքի նախարարությունը վերադասավորել ու վերանվանել «Սփյուռքի և Արևմտյան Հայաստանի գործերու նախարարություն»,- նշեց Ազատ Օրդուխանյանը։