
Մեծ վշտով տեղեկացանք, որ դեկտեմբերի 22-ի առավոտյան Լոնդոնում իր մահկանացուն կնքեց ռեժիսոր, թատերագետ, բանաստեղծ, թարգմանիչ, լեզվաբան, բազմագիտակ մարդ պրոֆեսոր Հովհաննես Փիլիկյանը:
Եվրոպայի Հայերի Համագումարը իր խոր ցավակգությունն է հայտնում նրա տիկնոջը, զավակներին, անմիջական հարազատներին եւ ընկերներին:
Հովհաննես Փիլիկյանը ծնվել է 1942 թ. Ապրիլի 15-ին Իրաքի Մոսուլ քաղաքում:
Նա ոչ միայն զբաղվել է գիտությամբ եւ արվեստով, այլ նաեւ ծավալել է ազգային հասարակական լայն գործունեություն՝ միջազգային շրջանակներում օտարներին ծանոթացնելով հայ մշակույթն ու հայկական քաղաքակրթությունը:
Հայկական Սովետական Հանրագիտարանում նրա մասին կարդում ենք.
«1963-ին ավարտել է Բեյրութի Ամերիկյան համալսարանը, ապա հետեւել Մյունխենի համալսարանի, Լոնդոնի դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիայի դասընթացներին:
Եվրիպիդիսի «Էլեկտրա» (1971, Գրինվիչի թատրոն) եւ այլ բեմադրություններով ճանաչվել է որպես հունական դասական ողբերգության ինքնատիպ մեկնաբան: Բեմադրել է նաեւ Ռասինի «Ֆեդրա», Սոֆոկլեսի «Էդիպ արքա» (ՀԱՖՀ), Շեքսպիրի «Լիր արքա» (Իսլանդիա), Շիլլերի «Ավազակներ» (ՔՖՀ), Էսքիլեսի «Ագամենոն» եւ այլ (շուրջ 40) պիեսներ:
Փիլիկյանի ջանքերով Անգլիայում (1981), վենետիկում(1983) եւ ֆրանսիայում (1986) անց է կացվել հակական ֆիլմերի տասնօրյակ նպաստելով հայ կինոյի միջազգային ճանաչմանը»:
Հ. Փիլիկյանը Խորհրդային Հայաստանի մշակույթի նախարարության «Պետրոս Ադամյան» մրցանակի դափնեկիր է (1985):
Եվրոպայի Հայերի Համագումարը խոր վշտով է հայտնում նրա մահվան ցավալի լուրը, քանի, որ նա սերտ համագործակցում էր Եվրոպայի Հայերի Համագումարի հետ եւ նրա գիտական, հասարակական վերջին ուսումնասիրություններն ու գրությունները հրատարակված են համագումարի կայքէջում (www.aaeurop.com ).
2011-ին Եվրոպայի Հայերի Համագումարի հրատարակությամբ լույս ընծայվեց նրա «հայ» բառի ծագմանը եւ զարգացմանը նվիրված հայերեն-անգլերեն երկլեզու «ՀԱՅ»-ԵՐԸ, ԱՌԱՋԻՆ «ՄԱՐԴ»ԵՐԸ ”A study of the origins of the HAI the First people” գիրքը:
2012-ին Երեւանում Արծվի Բախչինյանի խմբագրությամբ հրատարակվեց Հ. Փիլիկյանի ”THE SEA SCENE ON MY MOTHER’S DAY” «ԾՈՎԱՆԿԱՐ ԻՄ ՄՕՐ ՕՐՈՒԱՅ ՄԱՍԻՆ» անգլերեն բնագիր պոեմը 19 լեզուների թարգմանությամբ:
Թող հանգչի խաղաղությամբ:
Եվրոպայի Հայերի Համագումար
Շվեդիա, 23 դեկտեմբերի 2018 թ․
Leave a Reply